26.11.2024
Իրանի տարածքով ապրանքների տարանցման 13 տոկոսանոց աճ է արձանագրվել
prev Նախորդ նորություն

Իրանը ներգրավվելու է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունում. դեսպան

Իրանը մտադիր է ներգրավվել Հայաստանում կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության մեջ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, գրում է armtimes.com-ը:


Նրա խոսքով, հատկապես Իրանի հետ «վեցնյակի» միջուկային գործարքի կնքումից ու դրա արդյունքում Թեհրանի դեմ կիրառած միջազգային շատ պատժամիջոցների չեղարկումից հետո հույս կար, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություները կակտիվանան: Սակայն բանախոսի բնորոշմամբ, «դրանք դոփում են տեղում»:


Ըստ պաշտոնական վիճակագրության, 2017 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Իրանի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունն աճել է 7,8 տոկոսով՝ կազմելով 237 մլն դոլար, սակայն սա չնչին ցուցանիշ է իրեն 80 միլիոնանոց վճարունակ բնակչությամբ Իրանի համար դեպի ԵՄ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ «դարպաս» հայտարարած Հայաստանի համար:


Այստեղ պետք է նշել նաեւ, որ 2017 թ. ինն ամիսների առեւտրաշրջանառության 7,8 տոկոսանոց աճը դեռեւս ոչինչ չի նշականում, քանի որ 2016թ. 2015 թ. հետ համեմատ առեւտրաշրջանառությունն Իսլամական Հանրապետության հետ նվազել է 15%-ով՝ կազմելով ընդամենը 239 միլիոն դոլար։ Այսինքն՝ դեռեւս չեն վերականգնվել անգամ 2015 թ. ցուցանիշները:


Հենց այս պատկերը հաշվի առնելով՝ Նավասարդյանը հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունները որակում է որպես «տեղում դոփող»: «Իրանի հետ երկաթուղի կառուցելու ծրագրի հեռանկարը շատ մշուշոտ է, խոսվում էր նավթավերամշակման գործարանի կառուցման մասին, դա էլ կորավ: Այստեղ, ես տեսնում եմ հայկական կողմի պասիվության հետեւանք», - ասաց նա եւ հուսադրեց, որ որոշակի դրական տեղաշարժեր այս տարի կարող են լինել:


Նավասարդյանը կիսվեց մեզ հետ իր ունեցած տեղեկություններով, համաձայն որոնց իրանական կապիտալը կարող է ներգրավվել ընթացող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության մեջ:


Ծրագիրը բաժանված է 5 առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր: Ամենամեծ մասը՝ 500 մլն դոլարի պայմանագիրը, կնքվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ: Ողջ ընթացքում վարկեր են վերցվել Եվրոպական ներդրումային, Եվրասիական զարգացման և այլ բանկերից, կուտակվել են հսկայական արտաքին պարտքեր: Ծրագրի մեկնարկը նախանշված էր 2009թ. հոկտեմբերին, ավարտը՝ 2019թ. հունիսին: 


Մայրուղու շինարարությամբ զբաղվում են երկու ընկերություններ՝ իսպանական «Իզոլյուքս Կորսան»-ը եւ չինական «Սինոհիդրո»-ն: Վերջերս հայկական կաղմը դժգոհել էր չինական ընկերության կատարած աշխատանքի որակից ու հանձնարարել դադարեցնել աշխատանքներն եւ շտկեր թերությունները:


«Մայրուղու շինարարության տեմպն ու արագությունը այն չէ, ինչ սպասվում էր: Ես ունեմ բավականին ստույգ տեղեկություն, եւ՝ բարձրաստիճան աղբյուրներից, որ Իրանը, ի դեմս այդ երկրի խոշոր գործարարների, կարող է ներգրավվել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության մեջ: Սա կարող է լուրջ իմպուլս հաղորդել այս ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ էականորեն բարձրացնել Իրանի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության մեջ՝ կապիտալ ներդրումների տեսքով», - ասաց մեր զրուցակիցը:


ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարարը նաեւ հույս հայտնեց, որ իրանական կապիտալն արդեն այս տարի կներգրավվի Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող, Իրանը ՀՀ տարածքով Վրաստանի հետ կապող ավտոմայրուղու շինարարության մեջ: Նրա խոսքով, սա նաեւ նշանակում է, որ Իրանի համար Հայաստանը տարածաշրջանում բավականին մեծ կարեւորություն ունի, եւ մեր երկիրը դիտարկվում է Թեհրանի համար որպես ապրանքների տարանցման ուղի:


Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում, հաշվարկվում կամ նախատեսվում են նաև մուլտիմոդալ փոխադրումների իրականացման ծրագրերը` ուղղված Իրանից Հայաստանի տարածքով եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը: Միեւնույն ժամանակ, նշենք, որ Հայաստանի կառավարությունը կամ այլ պաշտոնական շրջանակներ մինչեւ օրս հստակ տեղեկություններ չեն հայտել «Հյուսիս-հարավ» ծրագրում Իրանի ներդրումային հետաքրքրության մասին:


Հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը Նավասարդյանը շատ է կարեւորում, քանի որ, նրա կարծիքով, հայ-իրանական բարձր քաղաքական հարաբերությունների «վերնաշենքը» տնտեսական լուրջ բազայի ձեւավորման կարիք ունի: «Առանց տնտեսական լուրջ բազայի, քաղաքական ջերմ հարաբերությունները ռազմավարական հեռանկարում էական դեր չեն կարող ունենալ», - եզրափակեց Արման Նավասարդյանը: