28.11.2024
Սատանովսկի. Պուտինը փրկել է ՌԴ–ն կազմաքանդումից
prev Նախորդ նորություն

Եվրամիությունից Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Էստոնիան վավերացրել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդպիսով դառնալով Եվրամիության 28 անդամ պետություններից առաջինը, որն իր համաձայնությունն է տվել փաստաթղթին:


Այս մասին հայտնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ Տալինից ստացվել է համապատասխան պաշտոնական գրություն, ըստ որի՝ Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:


Էստոնիայում ՀՀ-ԵՄ համաձայանգրի վավերացման վերաբերյալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր Facebook-ի էջում կատարել է երկու դիտարկում:


«1. Էստոնիայի պարագայում երկրի իրավական ընթացակարգերը չեն պահանջել համաձայնագրի քննարկում և վավերացում էստոնական խորհրդարանի կողմից, դա արվել է գործադիր իշխանության մակարդակով:


2. Էստոնիայի կողմից վավերացման փաստն ուժի մեջ կմտնի Եվրոպական Միության Խորհրդի Տեղեկագրում այն հրապարակելուց հետո:


Բոլոր դեպքերում, սկիզբը տրված է: Հուսամ, ԵՄ անդամ մյուս երկրները նույնպես հետևողական և արագընթաց վավերացում կապահովեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի համար», - նշել է իր գրառման մեջ Աշոտյանը:


2017 թ-ի վերջին ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացել «Հայաստանի Հանրապետության` մի կողմից եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։


Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, մինչև մարտի աս տարվա վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:


Հիշեցնենք՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համարաձայնագիրը ստորագրվեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։ Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ այն վավերացնեն Հայաստանն ու Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները: