27.11.2024
Եվրամիությունից Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի մեծամասնությամբ. Սարգսյանի ցանկությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցանկություն է հայտնել, որպեսզի հանրապետության 4-րդ նախագահը ընտրվի խորհրդարանի ընդարձակ մեծամասնությամբ: Այդ մասին այսօր նա խոսել է նախագահի նստավայրում` Ազգային ժողովի խորհրդի հետ հանդիպման ժամանակ` հույս հայտնելով, թե այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան պատասխանատվությամբ:


«Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խորհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում», - ասել է Սերժ Սարգսյանը։


Թե ո՞վ է լինելու նախագահի Հանրապետականի թեկնածուն, և կամ արդյո՞ք խորհրդարանական մյուս ամենամեծ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը կսատարի այդ թեկնածուին, պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չի նշվում:


Նկատենք՝ Ազգային ժողովի խորհրդի կազմում ընդգրկված են Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, խմբակցության ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները։


Ի դեպ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նախագահի նստավայրում մասնակցել է ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, թեև նա, ըստ Ազգային ժողովի կայքէջի, խորհրդի կազմում ընդգրկված չէ։ «Ծառուկյան» խմբակցությունից խորհրդի անդամ է Վահե Էնֆիաջյանը։


Մինչդեռ մյուս ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բոյկոտել է հանդիպումը, ավելին՝ նա հորդորել էր Ազգային ժողովի նախագահին և խորհրդի մյուս անդամներին՝ չգնալ նախագահական նստավայր՝ ընդգծելով, թե Ազգային ժողովի խորհրդին իր մոտ կանչելով՝ Սերժ Սարգսյանը վիրավորում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին: