22.11.2024
Ե՛վ Կարեն Կարապետյանի, և՛ Վիգեն Սարգսյանի համար առաջնորդը Սերժ Սարգսյանն է. Շարմազանով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Իրանը նսեմացնելու նպատակ է հետապնդում՝ օգտագործելով սոցդժգոհությունը. պատգամավոր

Ներկա դրությամբ Իրանում խաղաղ է, իրավիճակը հանգիստ ու վերահսկելի: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Պատգամավորի խոսքով, վերջին իրադարձությունները ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների հետ են կապված: Երկրում, ըստ նրա, կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք վերջին տարիներին բարդացել են Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ֆոնին՝ մարդկանց կյանքում դրական փոփոխություններ չկան և սա դժգոհության ալիք է բարձրացրել: Կարեն Խանլարյանը նշեց, որ հանրության շրջանում դժգոհություններ շատ է նկատել, հատկապես փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, որն ամենից շատն է տուժել պատժամիջոցներից, այնպես որ չընդունել, որ դժգոհության ալիք գոյություն ունի, անհնար է: Բայց վերջին շրջանում սոցիալ-տնտեսականին ավելացել է նաև քաղաքական վեկտորը՝ պայմանավորված արտաքին գործոնով.

«Կարծում եմ, որ վերջին իրադարձություններին ավելացած քաղաքական վեկտորը դրսի ազդեցության հետևանք էր՝ բազմաթիվ պրոպագանդիստական, ապատեղեկատվական հարցեր ծավալվեց, ինչը բոլորովին այլ երանգ տվեց այդ դժգոհություններին: Պետք է այս երկու հարցերը զանազանել. սոցիալ-տնտեսական դժգոհություններն ու բողոքը մեկ հարց է, իսկ քաղաքական նրբերանգները միանգամայն այլ խնդիրներ են, որովհետև և՛ ԱՄՆ-ն, և՛ դրա դաշնակից պետությունները՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և մյուսները վերջին հաշվով տարածաշրջանում Իրանին նսեմացնելու նպատակ են հետապնդում: Եվ դա բացահայտ է արվում՝ Իրանին պետականության ու ներքին իրավիճակի ապակայունացման փորձերի տեսքով»,- ասաց նա:

Հայազգի պատգամավորը հիշեցրեց, որ մոտ վեց տարի առաջ Թայիփ Էրդողանի ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջև սերտ հարաբերություններ կային, բայց այսօր Էրդողանը վարում է Ասադի իշխանության տրոհման և ոչնչացման քաղաքականություն.

«Թուրքիան այն պետությունն է, որի քաղաքական սիլի-բիլինելին պետք չէ հավատալ: Կարծում եմ, որ նաև Թուրքիան է փորձում Իրանին հակակշռել և ներքին ապակայունացման միջոցով քաղաքականություն պարտադրել»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներին, ապա դրանց լուծումը մտահոգում է իշխանություններին և պետական այրերը, ըստ պատգամավորի, փորձում են դրանց լուծում տալ: Կարևորը, որ իսկապես ներքին սոցիալական խնդիրները զանազանվեն արտաքին միջամտության փորձերից և դժգոհությունները պետք է բաժանարար հստակ գծերով առանձնացվեն, հատկապես երբ ակնհայտ է, որ քաղաքական վեկտոր է փորձ արվում պարտադրել Իրանին.

«Մեկ բան պետք է հիշեն՝ վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ Իրանին նման ներքին ապակայունացման փորձերով ու ճնշումներով չի կարելի քաղաքականություն պարտադրել, ոչ էլ արտաքին ռազմական միջամտությամբ: Տարածաշրջանի քաղաքական կյանքում Թեհրանը վերջին ժամանակներս հատկապես բավականին լուրջ ու առանցքային քաղաքականություն վարեց, ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, ինչպես նաև մյուս խնդիրների դեպքում ուներ իր որոշիչ և նշանակալից դերը, և արտաքին ուժեըը փորձում են նսեմացնել հենց այդ դերը: Բայց նման ճանապարհով դա միանշանակ չի հաջողվի՝ Իրանը իր անցյալով ապացուցել է, որ բոլոր ապակայունացումների ժամանակ ինքը կայունության կղզյակ է եղել ու մնացել տարածաշրջանում»,- նշեց Կարեն Խանլարյանը:

Մեր զրուցակցի կարծիքով, ճգնաժամը կարելի է հաղթահարված համարել, թեև դա չի նշանակում, թե իշխանություններն անելիք չունեն ու կարող են խորը շունչ քաշել: Նրա խոսքով, Իրանի ժողովուրդը համբերություն ունի սպասելու սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը, եթե նման կամք է տեսնում իշխանության մոտ: Եվ առաջիկայում, համոզված է պատգամավորը, հասարակության համար տեսանելի կդառնա, որ թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը լուրջ քայլեր են ձեռնարկում սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ.

«Բայց, իհարկե, պետք չէ մոռանալ պատժամիջոցների մասին, քանի որ դա իսկապես լուրջ խնդիր է, որ չափազանց բարդացնում է իրավիճակը: Հատկապես, որ ԱՄՆ-ն շարունակում է իր քաղաքականությունը և փորձում է սաստկացնել իրավիճակը, խոսելով Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, որոնք էլ ավելի են բարդացնում վիճակը: Սա արդեն այլ կոնտեքստ է, բայց ինչ վերաբերում է ներքին սոցիալ-տնետսական խնդիրներին, ապա կարծում եմ, որ երկրի հոգևոր և քաղաքական իշխանությունները փորձում են այս ուղղությամբ ռեալ քայլեր իրականացնել, որոնք անշուշտ կմեղմացնեն այդ պայմանները»,- հավելեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավորը:


Հիշեցնենք, վերջին շաբաթներին Իրանում հակակառավարական ցույցեր են ընթանում, դրանք մեկնարկել են դեկտեմբերի 28-ին։ Կան տասնյակ զոհեր և հարյուրավոր ձերբակալվածներ։