Հանրապետական կուսակցությունում դեռ չի որոշվել, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, այնպես որ պետք է սպասել մինչեւ 2018 թվականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Սակայն դրա հետ մեկտեղ նա հիշեցրեց ու ընդգծեց, որ ՀՀԿ-ն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը և բոլորի համար՝ Կարեն Կարապետյանի, Վիգեն Սարգսյանի և մյուսների համար առաջնորդը երկրի նախագահն է:
«Նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում պատասխանել է բոլոր հարցերին: Բայց կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող պետական քաղաքական գործիչներից ես չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա առավել արդյունավետ իրականացնել անվտանգային և արտաքին մարտահրավերների դիմակայումը, արդյունավետ լուծումներ տա, քան գործող նախագահն է: Եվ ես համաձայն չեմ, թե անփոխարինելի մարդիկ չկան՝ յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելիներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ամփոփելով տարին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ 2017-ը բավականին հագեցած և դրական տարի էր՝ անվտանգության, ներքին և արտաքին քաղաքականության զարգացման առումով: Այս բնագավառներում, ըստ նրա, ավելի շատ դրական իրավիճակներ կային, քան բացասական: Հաջողված էին նաև ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք, իրենց թերություններով հանդերձ, Շարմազանովի բնորոշմամբ լավագույնն էին անկախ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ:
«Անցնող տարին հոբելյանական էր Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների առումով: Հայաստանը իրական դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Մեր խորին համոզմամբ, այդ դաշնակցային հարաբերությունները պետք է խորացնել և զարգացնել: Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ին, ապա այն մեզ շատ լավ հնարավորություններ է տվել զարգանալու և թվերն էլ խոսում են այն մասին, որ մենք լավագույնն ենք տնտեսական ցուցանիշներով՝ Հայաստանը տնտեսական ցուցանիշներով առաջ է ԱՊՀ երկրների շարքում»,- նշեց նա:
ՀՀԿ խոսնակը առանձնացրեց նաև ԵՄ հետ համաձայնագիրը, որը ևս Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի: