«Հարցը սխալ է հասկացվել և Ռուսաստանի սահմանապահների մասին չէ խոսքը », - կառավարության դեկտեմբերի 14-ի նիստից հետո հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ ՌԴ սահմանապահները թույլ չեն տվել վերանորոգել Մեղրիի ճանապարհներից մեկը:
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շրջանակներում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագիրը դադարեցնելու հարցը:
Ըստ նախագծի, կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և ՀՀ ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարում է, որ հարցը սխալ է հասկացվել և խոսքը Ռուսաստանի սահմաանապահների մասին չէ:
«Պայմանագրի՝ ընդհանուր 12,2 միլիոն աշխատանքների համար է նախատեսված, որի հիմնականը՝ ինն ու կես միլիոնի աշխատանքը շինարարն ավարտել է: Ու քանի որ իրանական կողմի հետ բանակցությոնները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված մենք պայմանագիրն ավարտում ենք, որ շինարարը տույժ տուգանքների տակ չընկնի: Բանակցություններն իրականակ կողմի հետ շարունակվում են, ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ», - ասաց նա:
Հարությունյանի խոսքով, այս հարցի շուրջ ռուսական կողմը Հայաստանի հետ միասին բանակցություններ է վարում իրանական կողմի հետ:
Լրագրողները մեջբերեցին նախագծի հիմնավոորումը, ըստ որի՝ խնդիրը ռուսական սահմանապահների հետ է կապված և նրանք համաձայնություն չեն տալիս վերանորոգում իրականացնելու համար, սակայն Արսեն Հարւթյունյանը նշեց, որ վրիպակ է եղել: «Ռուսական սահմանապահների հետ մենք բանակցում ենք իրանական կողմի հետ, եթե իրանական կողմը համաձայնություն չի տալիս, նշանակում է, որ թելը կտրվում է: Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք»,-ասաց նա:
Նա պարզաբանեց, որ ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է և իրանական կողմը ունի առարկություններ, քանի որ գետը թեքվում է «դեպի մեր կողմը»: «Իրանական կողմը հարց է բարձրացել և հիմա քննարկումներ են ընթանում: Խոսքը 40 մետրի մասին է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե նշված է, որ բանակցությունները դադարեցվել են, կոմիտեի նախագահն ասաց. «Դադարեցնում ենք բանակցությունները, քանի որ շինարարը տույժ տուգանքի տակ է ընկնում: Մենք պարտավոր ենք նրա կենսագրությունը մաքուր պահել, քանի որ շինարարի պատճառով չէ, որ աշխատանքները դադարեցվում են: Ժամանակավոր աշխատանքները դադարեցվում են»:
Արսեն Հարությունյանը նշեց, որ ռուսական կողմն այ հարցում ՀՀ-ի հետ նույն դիրքերից է հանդես գալիս: «Ռուսական կողմի հանձնարարությունը ընդհանրապես կապ չունի, և չի կարող չհամաձայնվել, ձայնի իրավունք չունի և որոշում ընդունողը հայկական և իրանական կողմն են»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են այդ դեպքում ռուսական սահմանապահները մասնակցում բանակցություններին եւ արդյոք դա ՀՀ-ի ինքնիշխանության ոտնահարում է, նա պատասխանեց. «Որովհետև ռուսական կողմն է սահմանը պահում: Դա ինքնիշխանության իրավունքի ոտնահարում չէ»: