Ստեփանակերտ. Ուորլիքի առաջարկությունները չեն կարող վերացնել ղարաբաղյան հակամարտության պատճառները
Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարևորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները և ոչ թե հետևանքները: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքի վերջերս արված հայտարարությունը:
«Եթե փորձ է արվում հետևանքներին անդրադառնալ, առանց պատճառները հաշվի առնելու, սա լավ բանի չի բերելու: Երբ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, ապա տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ, քանի որ տարածքների հանձնումը լուրջ վտանգի տակ կդնի ղարաբաղյան ժողովրդի անվտանգությունը», - նշել է Բաբայանը:
Վեդոմոստիին տված հարցազրույցում Ուորլիքը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ընթանան մի շարք հարցերի շուրջ, որոնցից մեկը «Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձն է Ադրբեջանին»: Դրանից հետո գալիս է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, փախստականները, անվատնգության երաշխիքները: «Եթե կամ երբ տարածքները վերադարձվեն, ապա անհրաժեշտ է միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար», - նշել է Ուորլիքը:
Բաբայանի խոսքով, Ադրբեջանին մի քանի շրջանների հանձնումը մեծացնում է Բաքվի կողմից ագրեսիայի ռիսկը, քանի որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը վերածվում է անկլավի և մեծ է Արցախի ժողովրդի նկատմամբ նոր ցեղասպանություն իրականացնելու գայթակղությունը: «Մենք չենք կարող մոռանալ Սումգայիթում հայերի ջարդերը, հայ բնակչության տեղահանումը Հյուսիսային Արցախից և վերադառնալ 1988թ.-ի սահմաններին: Մենք շատ լավ հիշողություն ունենք», - նշված է Բաբայանի հայտարարության մեջ:
Նրա խոսքով, Ուորլիքի հայտարարությունները խաղաղապահների մասին նույնպես ոչ մի քննադատության չեն դիմանում: «Ուրեմն, եթե ԽՍՀՄ հսկա պետությունը իր զորքով չի կարողացել հարցը լուծել, ի՞նչ պետք է անեն խաղաղապահները: Այսքան տարի սահմանը պահում ենք առանց խաղաղապահների և շատ նորմալ որևէ խնդիր չկա, շատ ավելի կայուն է, քան շատ հակամարտ գոտիներում», - նշել է Բաբայանը: