24.11.2024
Ախալքալաքի Ժողովի բյուրոն մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառել օրակարգ
prev Նախորդ նորություն

Կանադացի պատգամավորը խորհրդարանին է ներկայացրել ապրիլյան պատերազմի սարսափելի դրվագներ

Կանադայի Համայնքների պալատի պատգամավոր Թոնի Քլեմենտը Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել խորհրդարանում՝ անդրադարձ կատարելով Արցախին: Tert.am-ն ընդգծում է, որ Կանադայի խորհրդարանում առաջին անգամ է խոսվել Արցախի մասին։


Պաշտոնյան ընդգծել է, որ թեև ներկայում առկա են մարդու իրավունքների ոտնահարման՝ բարձրաձայնմանն արժանի բազմաթիվ դեպքեր, այնուհանդերձ՝ ինքն ուզում է առանձնացնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:


Նա հիշեցրել է, որ այս ամառ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության հետ ուղևորվել է Արցախ ու անձամբ ուսումնասիրել, իր իսկ ձևակերպմամբ, «խաղաղության տենչացող ժողովրդի» նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման սարսափելի դեպքերը:


«Մենք հանդիպել ենք որդեկորույս մայրերի, զինծառայողների ու հակամարտությունում ներգրավված այլ մարդկանց հետ: Ես ականատես եմ եղել անպատմելի սարսափների»,-նշել է Քլեմենտը:


Պատգամավորն իր խոսքում ընդգծել է, որ ցանկանում է տեսնել խաղաղ ու բարգավաճող Արցախ, որտեղ մարդիկ կարող են կողք կողքի ապրել հարևանների՝ այդ թվում նաև Ադրբեջանի հետ:


Քլեմենտը հիշեցրել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն իրականացվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով, որին անդամակցում է նաև Կանադան:


«Ուստի՝ կոչ եմ անում կառավարությանը դատապարտել տարածաշրջանում մարդու իրավունքների ոտնահարումն ու աշխատել հակամարտության հետագա սրացումը կանխելու ուղղությամբ»,-ելույթը եզրափակել է քաղաքական գործիչը:


Պատգամավորի ելույթի տեսագրությունը կարելի է տեսնել այստեղ:


Աղբյուրը հիշեցնում է, որ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպությունն ավարտել է քառօրյա փաստահավաք առաքելությունն Արցախում: Կազմակերպության նպատակն էր հավաքել և ուսումնասիրել 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին տեղեկատվությունը:


Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենտը և Ռաչեր Հարդերը «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահ և հիմնադիր Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ այցելել էին Արցախ:


Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրերը եղել են առաջնագծում, այցելել Թալիշ գյուղ և տեղում ծանոթացել 2016 թվականի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագություններին առնչվող փաստերին, որոնք արձանագրված են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած փաստահավաք առաքելության ջանքերով: