25.11.2024
Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը. Մասիս Մայիլյան
prev Նախորդ նորություն

Հունվարից Հայաստանում էական թանկացումներ պետք չէ սպասել. ՊԵԿ

Տևական ժամանակ է ինչ հայտարարվում է, հատկապես Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը դեմ արտահայտվողների կողմից, որ 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կտրուկ գնաճ է սպասվում: Թանկացումների մասին կանխատեսում արել էր նաև Կենտրոնական բանկը: Գործոններից մեկը, որ նշվում է որպես էական գնաճի պատճառ, նշվում են նաև ԵԱՏՄ հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթները:


Ազգային Ժողովում այսօր քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Դրա շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը անդրադարձավ նաև այս խնդրին: Ըստ պաշտոնյայի, սակայն, 2018 թվականի հունվարից Հայաստանում էական թանկացումներ պետք չէ սպասել, իսկ առկա թանկացումները մաքսատուրքերով պայմանավորված չեն:


Հարցին՝ ի՞նչ ապրանքներ են և ի՞նչ ծավալով կթանկանան ԵԱՏՄ, Միրումյանն ասաց, որ դժվար է հստակ պատասխան տալ թանկացում սպասվո՞ւմ է, թե ոչ հարցին: Բայց հստակ է, որ, օրինակ, թռչնի մսի համար նախատեսված մաքսադրույքը 14 տոկոսից կսահմանվի 18 տոկոս.


«4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք այլ հանգամանքներով: ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում, ինչը նշանակում է, որ եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներով, նշանակում է, որ մաքսատուրքի թանկացումը չի ազդում այդ ապրանքի վրա»,- ասաց նա:


ՊԵԿ նախագահի տեղակալը հիշեցրեց, որ 2015 թվականին հայտնի էր, որ 2018 թվականից տեղական արտադրողն ավելի լայն հնարավորություններ է ունենալու՝ օրինակ, նույն թռչնի միսն արտադրելու մասով:   


Իր ելույթի վերջում Միրումյանը նշեց, որ այս քաղաքականության նպատակներից այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց միջև ակտիվ առևտուր անեն: