VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ»-ը գրում է. «Հաջորդ տարվա մարտին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն կարող է դառնալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Չնայած Նալբանդյանի համար նախանշվել էր, որ նա գոնե մինչև հաջորդ տարվա աշուն պետք է զբաղեցնի Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը և այդ կարգավիճակում կազմակերպի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, սակայն Նալբանդյանի համար ավելի մեծ պատիվ կլինի, եթե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերին ընդունի նախագահի պաշտոնում»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է էական գնաճ: Արդեն առաջիկայում, ինչպես նշված է ԿԲ-ի 2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, գների աճին կնպաստի մի քանի գործոն:
Ըստ ԿԲ-ի՝ հասարակության մոտ նկատվում է «կարճաժամկետ գնաճային սպասումների աճ, ինչին նպաստում են շուկայում որոշ առաջնային սպառման ապրանքների բարձր գնաճի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը և հնչեցվող տարատեսակ մեկնաբանությունները»: Հասկանալի է, որ խոսքը մասնավորապես վերաբերվում է կարագի, մեղմ ասած, թանկացմանը:
Հաջորդ գործոնը, որը կարող է նպաստել գնաճին, պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ և հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներով: ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագրով սահմանված էր մոտ 800 անուն ապրանք, որոնց նկատմամբ երրորդ երկրներից Հայաստան ներմուծելիս ժամանակավորապես չէին գործում ԵԱՏՄ-ի բարձր մաքսատուրքերը: Հունվարի 1-ից այդ ապրանքներից որոշների մաքսատուրքը կբարձրանա: Խոսքը վերաբերում է հիմնականում թռչնի մսին: Այստեղ կունենանք մաքսատուրքի մոտ 4 տոկոսի աճ: Կբարձրանա նաև դեղագործական որոշ տեսակների մաքսատուրքերը մոտ 2 տոկոսով: Մանածագործական իրերի խմբում էլ որոշ ապրանքների մաքսատուրքը կաճի մոտ 3 տոկոսով:
Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետևանքով մի քանի ապրանքատեսակ կթանկանա ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետևանքով: Եթե, օրինակ, ծխախոտի կամ օղու թանկացումը կարելի է նորմալ, ինչ-որ տեղ նույնիսկ դրական երևույթ համարել, ապա նույնը հնարավոր չէ ասել բենզինի ու սեղմված բնական գազի (ավտոգազի) պարագայում:
Եթե ներկայումս 1000 լիտր բենզինի ակցիզային հարկը 25 հազար դրամ է, ապա հունվարի 1-ից կդառնա 40 հազար դրամ: Սեղմված գազի պարագայում ներկայումս ակցիզային հարկ չկա, իսկ հունվարի 1-ից յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի պարագայում կգործի 25 հազար դրամի ակցիզային հարկ»:
«Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 1-ին Արցախում գտնված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո էր դեռևս հայտարարել, որ մինչև տարեվերջ մի երկիր կճանաչի Արցախի անկախությունը: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին հիշեցրինք, որ տարին ավարտվում է, ե՞րբ տեղի կունենա ճանաչումը: Պարզվեց՝ լրատվամիջոցները «խեղաթյուրել» են նախարարի խոսքը (չնայած այդ օրվա ողջ մամուլը ուղիղ մեջբերմամբ էր ցիտել նախարարին). «Նայեք մեր կայքը, նախարարը չի ասել՝ կճանաչի, այլ ասել է՝ բացառված չէ, որ ճանաչի: Ասվածն ուժի մեջ է և հեռու չէ իրականությունից»: Ե՞րբ կլինի «ասվածը»: «Ժամկետները դժվար է ասել»: Իսկ հնարավո՞ր է ձեր կայքում են «խեղաթյուրվել» նախարարի մտքերը: «Անհնար է. որևէ շեղում նախարարի ուղիղ խոսքից մենք երբեք թույլ չենք տալիս, խմբագրումներ արվում են, շեղումներ՝ երբեք»: Իսկ ո՞ր երկրի մասին է խոսքը՝ Ուրուգվայի: «Ոչ: Նախ՝ մեկ երկրով չի սահմանափակվում մեր աշխատանքը, և հետո՝ դիվանագիտական չէ մոտեցումը, երբ որևէ երկրի անուն է հնչեցվում»: Նկատի ունեք դաշնակցականների «ոչ դիվանագիտությունն» Ուրուգվայի հարցո՞ւմ, ասում են՝ եթե նրանք չհնչեցնեին երկրի անունը, հնարավոր է Ուրուգվայը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը: Պատասխան չհնչեց»:
«Հրապարակ»-ը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կազմել է բացասական մեծություն՝ -8662 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը դրական էր՝ 28.8 միլիարդ դրամ: Եթե պատկերավոր ասենք, ապա 9 ամսվա ընթացքում օտարերկրյա ներդրումային կապիտալը ավելի շատ արտահոսել է Հայաստանից, քան ներհոսել: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի, չնայած ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը բացասական է, ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը դրական է՝ 58,5 միլիարդ դրամ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշը գերազանցում է մոտ 12 միլիարդ դրամով: Սակայն ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի այսպիսի աճը պայմանավորված է միայն հանքագործության ոլորտում իրականացված ներդրումների աճով: Եթե այս ոլորտում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն անտեսենք, ապա ընդհանուր տնտեսության մեջ այդ ցուցանիշը շեշտակիորեն ավելի ցածր կլինի, քան անցած տարի: Էականորեն նվազել են մասնավորապես գյուղատնտեսության, խմիչքների ու ծխախոտի արտադրության, էներգետիկայի, շինարարության, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքների ծավալները»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երբ 2015 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերը փոխվեց, և ռուսական «Ռաո» ընկերության բաժնետոմսերի սեփականատերը դարձավ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, և ՀԷՑ-ը դարձավ «Տաշիր գրուպի» մաս, հարցերի հարցն այն էր, թե արդյո՞ք նոր սեփականատերը կկարողանա նվազեցնել էլէներգիայի կորուստները: Հիշեցնենք, որ բաժնետոմսերի վաճառքից առաջ ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշը հասել էր 13 տոկոսի: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսների արդյունքներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կորուստները կազմել են 8,8 տոկոս: Սա, նկատենք, որ աննախադեպ ցուցանիշ է: Կարող ենք արձանագրել, որ այսպիսով ՀԷՑ-ի եկամուտները, օրինակ, 2015 թվականի համեմատ ավելացել են մոտ 10 միլիոն դոլարով: Ի դեպ, հենց վնասների մեծ լինելու պատճառով էր, որ 2009-ից 2015 թվականներին ՀԷՑ-ի նախկին տնօրինությունը երեք անգամ էլէներգիայի սակագինը բարձրացնելու պահանջ ներկայացրեց: Փաստորեն, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ սեփականատիրոջ փոփոխությունն իր արդյունքը տվել է: Հարկ է նկատել, որ էլէներգիայի բաշխմամբ զբաղվող ընկերությունների կորուստի միջազգային ընդունված առավելագույն չափանիշը մոտ 7 տոկոս է: Այսինքն՝ ՀԷՑ-ին մի փոքր է մնում այդ ցուցանիշին հասնելու համար»:
«Ժամանակ»-ը գրում է.«Կառավարությունը «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինարարությանը վերաբերող իրար հաջորդող ամենատարբեր հաղորդագրություններ է հրապարակում:
Օրերս տրանսպորտի և կապի նախարար Վահան Մատիրոսյանը հանդիպել է նաև ռուսական «Վիս» շինարարական ընկերության հետ և քննարկել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները:
Պարզվում է՝ օֆշորային գոտում գրանցված և «Գազպրոմի» գործընկեր «Վիս» ընկերությունը ցանկանում է ներգրավվել «Հյուսիս-Հարավ» ծրագրում և ամենայն հավանականությամբ կմտնի, եթե հիշենք «Գազպրոմի» հետ վարչապետ Կ. Կարապետյանի կապերն ու հարաբերությունները»: