Ընդդիմադիր պատգամավորները կոչ են արել Վրաստանի խորհրդարանին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
Ախալքալաքի շրջանային ժողովի «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորները կոչ են անում Վրաստանի խորհրդարանին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու պահանջով: Այս մասին հաղորդում է Jnews-ը:
Պատգամավորներ Զաքար Զաքարյանը, Սամվել Պետրոսյանը, Գենադի Էլիզբարյանը, Սիմոն Մանանյանը և Սարգիս Ուզունյանը ներկայացված նախագծում կոչ են անում երկրի խորհրդարանին հետևել շատ առաջատար երկրների օրինակին, ճանաչել ու դատապարտել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը:
Հեղինակները հիշեցնում են, որ 2015 թվականի սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ը որոշում կայացրեց դեկտեմբերի 9-ը հռչակել ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր: Ըստ այդմ, նրանք կոչ են անում այդ օրը Ախալքալակի շրջանային խորհրդում մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ժողովուրդների հիշատակը, որոնց նկատմամբ այդ ոճրագործությունն իրականացվել է, ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը և հորդորել Վրաստանի խորհրդարանին ճանաչել այն: