Վրաստանի պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի ղեկավար Նինո Գիորգոբիանին տեղեկացրել է, որ նոյեմբերի 22-23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ սպանված ենթադրյալ ահաբեկիչներից մեկը Ահմեդ Չաթաևն է: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
Ի՞նչ էր տեղի ունենում Թբիլիսիում
Նոյեմբերի 22-ին Թբիլիսիի Իսանի թաղամասում հակաահաբեկչական հատուկ գործողությունը մոտ 20 ժամ է տեւել: Դրան մասնակցել են հատուկ ստորաբաժանումների մոտ հարյուր աշխատակիցներ եւ մի քանի ոստիկանական զրահամեքենաներ: Հատուկ գործողության ընթացքում 5 իրավապահ մարմինների աշխատակիցներ վիրավորվել են, նրանցից մեկը նույն օրը հիվանդանոցում մահացել է: Ահաբեկչության մեջ կասկածվող բոլոր երեք անձինք սպանվել են գործողության ժամանակ:
Անվտանգության կառույցների ղեկավարությունը մեկնաբանություններում նշում էր, որ միջադեպը կապված է միջազգային ահաբեկչության հետ, եւ այդ փաստի քննությունը իրականացվում է ոչ միայն Վրաստանում, այլեւ արտասահմանում:
Հակաահաբեկչական գործողություններից նյութական վնասներ են կրել նաեւ տեղի բնակիչները, որոնք Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ 500 լարի միանվագ օգնություն կստանան: Քաղաքապետարանից հայտնում են, որ միանվագ գումարը կստանա 35 քաղաքացի: Քաղաքացիների աջակցության համար քաղաքի 2017 թվականի բյուջեից հատկացվել է 17․500 լարի:
Չաթաևի կապը Վրաստանի իշխանության հետ
«Ցանկանում եմ այս փուլում առկա տեղեկատվությունը տրամադրել: Ամերիկացի գործընկերների օգնությամբ իրականացված հետաքննչական գործողությունների և փորձագիտության արդյունքում պարզվել է, որ ոչնչացվածներից մեկն Ահմեդ Չաթաևն է»,- հայտարարել է Նինո Գիորգոբիանին:
Ահմեդ Չաթաևը Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ վրաստանյան գործակալ է եղել: Վրաստանի ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Գիա Լորթքիփանիձեի խոսքով, Չաթաևը նախ լավ ինֆորմատոր է եղել և Վրաստանի ու Հյուսիսային Կովկասի՝ իսլամիստական ընդհատակյա խմբերի հետ բանակցություններ է վարել: Չաթաևի օգնությամբ Վրաստանում կանխվել է մի քանի ահաբեկչություն: Սակայն, ավելի ուշ, ըստ Լորթքիփանիձեի, Չատաևը սկսել է գործել ընդդեմ Վրաստանի իշխանությունների: Մասնավորապես, 2012 թվականի օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Լափանկղուրիի հատուկ գործողությունը:
«Լափանկղուրիի անտառում մի քանի զինված անձ է եղել, ովքեր փորձել են երկիր մուտք գործել Ռուսաստանի տարածքից: Չաթաևին ուղարկել են բանակցելու նրանց հետ՝ հաշվի առնելով, որ վերջինիս կլսեն։ Սակայն ավելի ուշ Չատաևը հայտարարել է, որ իր մահմեդական ընկերներին մենակ չի լքի և ստիպված է մնալ ու մասնակցել հետագա գործողություններին»,-ասել է Լորթքիփանիձեն:
Լափանկղուրիի հատուկ գործողության հետևանքով Չաթաևին ձերբակալել են՝ պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով: Հատուկ գործողության հետևանքով նա կորցրել է ձախ ոտքը:
2012 թվականի իշխանափոխությունից հետո նրան ազատ են արձակել, իսկ ավելի ուշ՝ դադարեցրել քրեական գործը՝ «ապացույցների բացակայության պատճառով»:
Ո՞վ է Չաթաևը եւ ինչո՞ւ է հետախուզվել Ինտերպոլով
2015 թվականից ԱՄՆ-ն Չաթաևին ներառել է միջազգային ահաբեկիչների ցանկում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին վարժեցնելու համար: Չաթաևը ղեկավարել է նաև ԻՊ ջոկատներից մեկը՝ «Յարմուկի բատալիոն»-ը, որտեղ հիմնականում հյուսիսկովկասցիներ են՝ մեծ մասամբ չեչեններ, կան նաև դաղստանցիներ և վրաստանցիներ՝ հիմնականում Պանկիսի կիրճից:
Նա 2015 թվականից Ինտերպոլի հետախուզման մեջ է գտնվել: Ինտերպոլի պաշտոնական կայքում տեղադրված է նաև տեղեկատվություն Չատաևի հետախուզման մեջ գտնվելու պատճառների մասին: Ըստ Ինտերպոլի կայքի՝ Ախմեդ Չատաևը (ավելի հայտնի Однорукий Ахмед կեղծանունով) ծնվել է 1980 թվականի հուլիսի 4-ին Ռուսաստանի Չեչնիայի հանրապետությունում:
Չատաևը ինտերպոլի հետախուզվողների ցուցակում է հայտնվել «Ալ-Քայիդայի», «Իսլամական պետության» և Աբու Բաքր Ալ-Բաղդադիի հրամանով ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման, կազմակերպման և իրականացմանն աջակցելու համար:
2001 թվականից Ահմեդը բնակություն է հաստատել Ավստրիայում, որտեղից ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հյուսիսային կովկասի զինված խմբավորումներին:
«Այս պահի դրությամբ Չաթաևը «Իսլամական պետության» առաջնորդներից է: Նրա ղեկավարության տակ շուրջ 130 զինված անձ կա: Նա կոչ է անում մահմեդականներին իսլամական խալիֆաթ կառուցելու նպատակով զինված պայքար մղել Սիրիայի, Իրաքի տարածաշրջանի այլ երկրների իշխանությունների դեմ»,- նշված է ինտերպոլի կայքում տարածված տեղեկատվության մեջ:
Չաթաևը հետախուզվում է նաև Ռուսաստանի կողմից՝ երկրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Վրաստանը ահաբեկչների տարանցման երկի՞ր
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն, ըստ նախնական տվյալների, հակաահաբեկչական գործողությունների արդյունքում վնասազերծված և ձերբակալված անձինք Վրաստանի սահմանն ապօրինաբար են հատել։ «Մենք փորձում ենք պարզել գործի բոլոր մանրամասները: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ այդ անձինք ապօրինաբար են մտել Վրաստան: Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն շատ շուտով»,- ասել է Գախարիան:
Վրաց գրող, հրապարակախոս և քաղաքական ակտիվիստ Իրակլի Կակաբաձեն նոյեմբերի 22-23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Իսանի թաղամասում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության վերաբերյալ «Ահաբեկչությունն ու մաֆիան» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Մաքսանենգներն իրենց մարդկանց են ունեցել և ունեն Վրաստանի կառավարություններում:
«Ցանկանում եմ կարճ հայտարարություն անել Իսանի թաղամասում նոյեմբերի վերջին տեղի ունեցածի կապակցությամբ: Բոլորի համար մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ սա մեկուսացված դեպք չէ: Մինչ այս նման հայտարարություններ բազմիցս եմ արել և հիմա էլ կասեմ.
Վերջին 20 տարվա ընթացքում Վրաստանը եղել է անցումային կետ՝ տարբեր տեսակի մաքսանենգների համար: Դեռևս Շևարդնաձեի ռեժիմի ժամանակ կրճատվել են մաքսանենգ աղբյուրները, որոնք Թուրքիայից Հյուսիսային Կովկաս, Իրանից Եվրոպա, Ադրբեջանից և Ռուսաստանից դեպի հարավ և այլ ուղղություններով տարբեր տեսակի ապրանքներ են տարել Վրաստանի տարածքով: Այս մաքսանենգությունների առյուծի բաժինն ընկնում է թմրանյութերին և, իհարկե, զենքին», - նշում է եւ հավելում, որ մաքսանենգ ճանապարհն այսքանով չի ավարտվում:
«Այս մաքսանենգներն իրենց մարդկանց ունեին ինչպես Շևարդնաձեի, Սաակաշվիլիի, այնպես էլ այժմյան կառավարությունում: Չնայած, չի կարելի ասել, որ այդ ժամանակներում կառավարությունը, որպես այդպիսին, ահաբեկչության և զենքի հովանավոր է եղել: Դա այդպես չէ: Ո՛չ Շևարդնաձեի, ո՛չ Սաակաշվիլիի և ո՛չ էլ այսօրվա կառավարությունն ամբողջովին ներգրավված չէ այս մաքսանենգ մաֆիայում: Մաֆիան պարզապես այս կառավարություններում հովանավորներ է գնել: Հենց դրա պատճառով է, որ մեր հասարակությունը լավ պետք է առանձնացնի մեր բարոյական և էթիկական առաջնահերթությունները: Պետք է նշել այն փաստը, որ թմրանյութերի և զենքի ապօրինի առևտուրն ամբողջովին անբարենպաստ է մեր ազգի համար», - ընդգծում է նա:
Իրակլի Կակաբաձեի խոսքով, թմրանյութերի և զենքի առևտրի մաֆիան է խանգարում Աբխազիայում և Սամաչաբլոյում (Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիա, խմբ.) խաղաղության հաստատմանը: «Նրանք օգտագործում են նաև այս տարածքներն իրենց տեղաշարժի համար: Այս մաֆիան նաև այն խումբն է, որն ահաբեկիչներին օգնում է Վրաստանն օգտագործել որպես տարանցիկ երակ: Այս մաֆիան, նաև մեծագույն եկամուտ է ստանում ապօրինի գործունեությունից: Այս մաֆիան նաև տիրապետում է Վրաստանում ավելացած հասարակաց տների, խաղատների և նման այլ հաստատությունների, որոնց վրա, բոլոր քաղաքակիրթ երկրներում սահմանափակում է դրած:
Մենք պետք է լավ տեսնենք, որ մաքսանենգման մաֆիան մեր երկրի և մեր հարևանների գոյության համար սպառնալիք է ներկայացնում: Եվ այս սպառնալիքի դեմ պետք է պայքարենք միասին: Նրան հնարավոր է պարտության մատնել: Պարզապես քաջություն է պետք», - եզրափակում է նա: