Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀ ԽՎ), առանց Հայաստանի պատվիրակության մասնակցության մշակվել է բանաձևն ու շուտով դրվելու է քվեարկության: Այն պարունակում է հակամարտությունների կարգավորման տարածքային ամբողջականության սկզբունքի մասին արձանագրում: Բանաձևը դրվելու է քվեարկության: Հայկական պատվիրակությունը լքել է ՍԾՏՀ ԽՎ-ի դահլիճը: Այս մասին հայտարարել է հայկական պատվիրակության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, գրում է tert.am-ը:
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի ազգային ժողովի պաշտոնական կայքը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ անդամ պետությունների մասնակցությամբ քննարկվել է մի հարց, իսկ հայկական կողմը քննարկման հրավեր չի ստացել: Ավելի ուշ պարզվել է, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում ամփոփիչ հռչակագրի մեջ տարածաշրջաններում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:
Էնֆիաջյանի խոսքով, մինչև լիագումար նիստի մեկնարկը 10 պատվիրակություններ առանձնացել են ու քննարկել են մի հարց, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: «Խոսքը մասնավորապես տարածքային ամբողջականության մասին է: Ռուսաստանը հասկանալի պատճառներով չի մասնակցում նիստերին, որովհետև դրանք անցկացվում են Ուկրաինայում, բացակայում էր նաև Սերբիան: Հիմա այս պատվիրակությունները հակահայկական գործողություն են, ըստ էության, իրականացրել, քննարկել են հարցը, կազմել են ՍԾՏՀ 25-ամյակի մասին հռչակագիր՝ բանաձև, որը պատրաստվում են դնել լիագումար նիստում քննարկման ու քվեարկության», - ասել է նա:
«Նրանք միտումնավոր չէին հրավիրել: Բոլոր պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել էին քննարկման, բացի Հայաստանի պատվիրակության ղեկավարից: Գլխավոր քարտուղարը, որ ադրբեջանցի է եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը չէին հրավիրել Հայաստանի ղեկավարին, բնականաբար՝ լավ իմանալով, որ մեր պատվիրակությունը դեմ է լինելու նման (բանաձեւ-խմբ.) փոփոխությանը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը՝ խոսելով ՍԾՏՀ-ի նիստը բոյկոտելու եւ դահլիճը լքելու մասին:
«Մենք առայժմ լքել ենք նիստը եւ հայտարություն ենք տարածել՝ մի քանի լեզուներով: Դահլիճը լքելուց առաջ մեր պատվիրակության ղեկավարն ասել է՝ նման գործելաոճն անընդունելի է, դատապարտելի է եւ մենք չենք կարող մասնակցել»,- ասաց Վարդանյանը: Դիտարկմանը, թե հնարավոր է, որ հայկական պատվիրակությունը այս հանգամանքը հաշվի առնելով՝ բոյկոտի Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի հետագա նիստերը, Վարդանյանն ասաց. «Ավելորդ հարցեր ես տալիս, մենք արդեն հայտարարությունը տարածել ենք, հետագա քայլերն առաջիկայում պարզ կլինեն»,- եզրափակեց նա:
Էնֆիաջյանի խոսքով, տեղի ունեցածը միջազգային նորմերին հակասում է: Դրա համար մենք չմասնակցեցինք Վեհաժողովի հետագա աշխատանքներին: «Սերբիայի պատվիրակությունը ևս դատապարտել է տեղի ունեցածը, չի մասնակցում լիագումար նիստին, որովհետև իրենք էլ չեն մասնակցել բանաձևի մշակմանը: Ներկայումս աշխատանք է տարվում, փորձում են հարթել իրավիճակը, մենք հանդիպել ենք Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ», - ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ բանաձեւը միանշանակ կընդունվի, որովհետև «թուրքամետ, ադրբեջանամետ քաղաքական ուժերն այստեղ դերակատարում ունեն»: «Ադրբեջանի պատվիրակության նախկին ղեկավարը ներկայումս ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարն է: Տարածքային ամբողջականության սկզբունքին կողմնակից են նաև Վրաստանը, Ուկրաինան և մի շարք այլ պետություններ», - նշել է նա:
Պատգամավորի խոսքով այժմ ՀՀ-ն ունի երկու հաամախոհ. «Ռուսաստանն է, որը չի էլ մասնակցում նիստերին, որովհետև դրանք Ուկրաինայում են տեղի ունենում և Սերբիան է, որը չի մասնակցում նիստին»: Էնֆիաջյանը նաեւ ընդգծել է, որ բանաձեւը չի կարող իրավական հետեւանքներ ունենալ, քանի որ սա խորհրդարանական վեհաժողով է: «Իրավական հետևանքներ մեզ համար այն չի ունենա, պարզապես անցանկալի դրսևորում է: Ամեն դեպքում, մենք աշխատում ենք, բավական լուրջ քննարկումներ են ծավալվում, մենք մեր դժգոհություններ ենք հայտնել, որ նենգաբար կողմնակալ քաղաքականություն է իրականացվել ՀՀ պատվիրակության նկատմամբ», - ասել է նա՝ հավելելով, որ այս ձեւակերպումներն ավելացվել են վերջին պահին:
«Ուկրաինայում Հայաստանի դեսպանը, դեսպանությունը իրավիճակին տեղյակ լինելով կարճ ժամանակում արձագանքեցին, մենք հիմա քննարկում ենք, թե ինչ կարելի է անել», - եզրափակել է նա: