25.11.2024
Հայացք Բաքվից. 2018թ.–ի բյուջեն`ընտրական բյուջե է
prev Նախորդ նորություն

Բրյուսելում Հռչակագիրն ընդունվեց, ՀՀ-ն գոհ է տեքստից. նոր համաձայնագիրը կստորագրվի

Արտաքին գործերի եվրոպական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովն ընդունել է հանդիպման արդյունքներով հռչակագիրը:


«Արևելյան գործընկերության գագաթնաժողովն ընդունել է հռչակագիրը: Շուտով կհրապարակվի Եվրոպական խորհրդի կայքում»,- հայտնել է նա:


Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ եւ ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին, նախանշում է հետագա գործակցության ուղիները տնտեսության, քաղաքականության, հումանիտար եւ այլ ոլորտներում: Այս անգամ հռչակագրում չկա որեւէ հղում այս կամ այն հակամարտությանը՝ անվանական: Փաստաթղթի՝ մեզ հետաքրքրող հատվածում ասվում է.


"Գագաթաժողովի մասնակիցները խորապես անհանգստացած են, որ տարածաշրջանում շարունակաբար խախտվում են միջազգային իրավունքի տարբեր սկզբունքներ: Գագաթաժողովի մասնակիցները կոչ են անում թարմացնել ջանքերը տարածաշրջնում չլուծված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա: Հակամարտությունների լուծումը վստահության եւ բարիդրացիական հարաբերությունների ստեղծումը կենսական է տնտսեսական եւ սոցիալական զարգացման եւ համագործակցության համար: Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են ջանքերը եւ ԵՄ-ի մեծ դերը հակամարտությունների լուծման եւ վստահության ստեղծման հարցում՝ գոյություն ունեցող բանակցությունների համաձայնեցված ֆորմատի շրջանակներում կամ ի աջակցություն դրա":


Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ընդհանուր ձևակերպումներին, դրանք ամբողջովին համընկնում են Հայաստանի դիրքորոշումներին և տեսակետներին: Հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա` նաև հաշվի առնելով գոյություն ունեցող ձևաչափերն ու գործընթացները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ԵՄ դիրքորոշումն արտահայտված է այսօր ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Այնտեղ անդրադարձ կա հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:


Ընդունված հռչակագրում հղում կա նաև Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրին:


Հատկանշական է, որ «Ազատություն ռադիոկայանի» թղթակից Ռիկարդ Յոզվյակը Twitter-ում հայտնել է, որ «Արևելյան գործընկերության» հռչակագիրն ընդունվել է առանց որևէ հարցի: «Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվել է առանց որևէ հարցի կամ բողոքի»,- նշել է նա, գրում է tert.am-ը:


Յոզվիակի կարծիքով՝ իրականում Հայաստանը միակ երկիրն է, որ ինչ-որ բան է ստանում Եվրամիության Արևելյան գործընկերության այսօրվա գագաթնաժողովից:


«Իրականում Հայաստանը միակ երկիրն է, որ ինչ-որ բան է ստանում այս հանդիպումից: Մյուսները պարզապես գեղեցիկ խոսքեր են ստանում, բայց դուք իրականում ինչ-որ կոնկրետ բան եք ստանում՝ այն, ինչ պետք է ստանայիք դեռ 2013 թվականին Վիլնյուսում, բայց գեղեցիկ բաները բացակայում են այստեղից: Դուք մխիթարական մրցանակ եք ստանում՝ սա, իհարկե, ավելի թեթև տարբերակն է», - ասաց Յոզվիակը Բրյուսելում «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում: «Գեղեցիկ համագործակցություն է, բայց կայծը չկա, որ պետք է լիներ այդտեղ», - ընդգծել է«Ազատության» Բրյուսելի թղթակիցը:


Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը մտադիր չէ արգելափակել հռչակագրի ընդունումը: «Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք: Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի», - ասել էր նա:


Սպասվում է ստորագրման արարողությունը տեղի կունենա Երեւանի ժամանակով 20.00-ին: