23.11.2024
ՀՀ կառավարությունը բիզնեսի և եկեղեցու շահերի բախման կիզակետում
prev Նախորդ նորություն

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկեց Ծիրանօրհնեքի արարողությամբ

Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարվել է փառատոնի ավանդական և կարևոր միջոցառմամբ՝ Ծիրանօրհնեքի արարողությամբ: Հուլիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունն այս տարի անցկացվել է Սուրբ Աննա եկեղեցում:

Ծիրանօրհնեքի արարողությանը, հայտնում է tert.am-ը, մասնակցել են փառատոնի կազմակերպիչները, մասնակիցները, բազմաթիվ հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Արարողությունը կատարվել է տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ:

«Աստված օրհնի ձեզ: Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը նոր բարձունքների է հասնում: Դա շոշափելի է: Ամեն անգամ քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկում մեր երկրի կինոսեր հասարակությունը ծանոթանում է այլ մշակույթների հետ: Նրանք էլ ծանոթանում են մեր մշակույթի հետ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողության ժամանակ նշել է տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

«Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։