25.11.2024
Փորձագետ.ԱՄՆ–ՌԴ հարաբերություններն ավելի վատ են, քան սառը պատերազմի տարիներին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը և Թուրքիան վերսկսում են վիզաների տրամադրումը՝ բայց սահմանափակումներով

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի Միացյալ Նահանգներ այցի նախաշեմին Վաշինգտոնը վերսկսում է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը՝ սակայն որոշ սահմանափակումներով:


Թուրքիայում ամերիկյան դեսպանատունը հայտարարում է, որ այդ որոշումը հաջորդում է պաշտոնական Անկարայի ամենաբարձր մակարդակով հավաստիացումներին, թե այսուհետ ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցները չեն հետապնդվելու կամ ազատազրկվելու իրենց պաշտոնական պարտականություններին վերաբերող հարցերով: Այս մասին հայտնում է Ազատությունը:


Ամերիկյան կողմի հայտարարությունից հետո Թուրքիան, իր հերթին, մասնակիորեն վերացրեց ԱՄՆ քաղաքացիներին վիզաների տրամադրման սահմանափակումները:


Շաբաթներ առաջ, հիշեցնենք, ամերիկյան կողմը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին ամերիկյան հյուպատոսության աշխատակիցներից մեկին՝ լրտեսության և Նահանգներում գտնվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ համագործակցելու մեղադրանքով: Ի պատասխան՝ Անկարան իր հերթին էր դադարեցրել վիզաների տրամադրումը:


Թուրքական կառավարության ղեկավարը շտապեց ողջունել ամերիկյան կողմի, իր բնորոշմամբ՝ դրական քայլը, բայց և ընդգծեց, որ Նահանգներից դրական քայլ է ակնկալում ավելի կարևոր՝ Գյուլենի արտահանձնման հարցում, ում թուրքական իշխանությունները համարում են անցյալ տարի երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչ: Յըլդըրըմը հույս հայտնեց, որ դաշնակից Վաշինգտոնը կբավարարի Անկարայի կողմից ամիսներ շարունակ հնչեցվող պահանջը, որը ամերիկյան կողմը բավականաչափ հիմնավորված չի համարում:


«Գյուլենի կողմնակիցների հանցավոր գործունեության մասին փաստերը այլևս չեն տեղավորվում մեկ սենյակում: Եվ եթե այդ բոլոր փաստաթղթերը անուշադրության են մատնվում, ապա ամերիկյան կողմի մտադրությունները կասկածի տեղիք են տալիս: Մենք ԱՄՆ-ին բավարար փաստեր ենք ներկայացրել, և Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի արդադատությունը օրենքի շրջանակներում որոշում կընդունի», - Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետը:


Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, որտեղ նախատեսված է Յըլդըրըմի հանդիպումը փոխնախագահ Մայք Փենսի հետ, քննարկվելու են նաև ահաբեկչության, մասնավորապես, ինչպես նշում է թուրքական կողմը, քրդական խմբավորումների դեմ պայքարին առնչվող հարցեր:


Հիշեցնենք, Էրդողանի վարչակազմը քննադատում է Իրաքի քրդերին զինելու՝ Վաշինգտոնի քաղաքականությունը, պնդելով, թե քրդերի ակտիվացումը տարածաշրջանում սպառնալիք է նախ և առաջ Թուրքիայի անվտանգության համար:


Թուրքիայի վարչապետը առաջին անգամ է մեկնում ԱՄՆ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Վերջին ամիսներին երկու դաշնակից երկրների միջև լարվածության մեկ այլ պատճառ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների դեմ ԱՄՆ-ում քրեական գործի հարուցումը՝ այս տարվա մայիսին Վաշինգտոն այցի ժամանակ դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին ծեծելու համար: