24.11.2024
Իսրայելում ընթանում է ՌՕՈւ խոշորագույն «Կապույտ դրոշ» բազմազգ զորավարժությունը
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիան Լիբանանը դիտարկում է որպես իրեն պատերազմ հայտարարած պետություն

«Հեզբոլլահ» շարժման գրոհայինների պատճառով Սաուդյան Արաբիան Լիբանաը դիտարկում է, որպես իրեն պատերազմ հայտարարած պետություն: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի պարսկաարաբական ծոցի հարցերով պետական նախարար Սամեր Ալ Սաբհանը:


Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Սամեր Ալ Սաբհանի խոսքով Լիբանանի կառավարությունը պետք է իմանա Սաուդյան Արաբիայի համար «Հեզբոլլահ»-ի գրոհայինների ներկայացրած վտանգի մասին:


«Գրոհայիններն առնչություն ունեն Սաուդյան Արաբիային սպառնացող բոլոր ահաբեկչություններին: «Հեզբոլլահ»-ը Սաուդյան Արաբիա թմրանյութեր ներկրում եւ տեղի երիտասարդությանն ահաբեկչական գործունեության մեջ ներգրավման փորձեր կատարում», - ասել է Ալ Սաբհանը:


Նախարարի խոսքով, Էր Ռիադն ակնկալում է՝ Լիբանանի կառավարությունը կարող է զսպել «Հեզբոլլահ»-ի ագրեսիան: «Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի այդպիսով շեղի լիբանանցիների ուշադրությունը», - ասելէ նա:


Հիշեցնենք, որ Հարիրին նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվելու ժամանակ հայտարարել է հրաժարականի մասին: Իր հեռուստատեսային ելույթում վարչապետն ասել է, որ «Հեզբոլլահն» ու Իրանն ապակայունացնում են իրավիճակը Լիբանանում: Բացի այդ, Հարիրին ասել է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում:


Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ կսպասի Հարիրիի հայրենիք վերադառնալուն ու բացատրություն կպահանջի հրաժարականի համար: Մինչդեռ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլան ասել է, որ վարչապետի հրաժարականի պատճառները պետք է փնտրել հենց Սաուդյան Արաբիայում:


Նասրուլայի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան ստիպել է վարչապետին հրաժարական տալ, ու չի բացառվում, որ նրան բռնի ուժով է պահում երկրում: Մինչդեռ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հարիրիի մեղադրանքներն անհիմն է որակել: