Իսրայելում ընթանում է ՌՕՈւ խոշորագույն «Կապույտ դրոշ» բազմազգ զորավարժությունը
Իսրայելի ռազմաօդային ուժերն անցկացնում են մինչ օրս ամենախոշոր ՌՕՈւ զորավարժությունը՝ «Կապույտ դրոշ 2017»: Իսրայելից բացի վարժանքներին ներգրավվել է ևս 7 երկիր:
Զորավարժությունը մեկնարկել է նոյեմբերի 2-ին և տևելու է 2 շաբաթ: Ըստ Իսրայելի ՌՕՈւ կայքի՝ առաջին շաբաթում մասնակիցները հարմարվելու են բազային և ծանոթանալու են միմյանց հետ, իսկ երկրորդ շաբաթում արդեն անցկացվելու են թռիչքային, գործնական վարժանքներ:
Վարժանքներին ներգրավվել են ԱՄՆ-ի, Լեհաստանի, Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները:
«Կապույտ դրոշ» զորավարժությունների շարքը մեկնարկել է 2013 թվականին: Ի տարբերություն նախորդ զորավարժության, որը կայացել էր 2015-ին, այս տարվա զորավարժությունը ծավալով և մասնակիցների թվով ավելի մեծ է:
2015-ին Իսրայելի «Օվդա» ավիաբազայում անցկացված զորավարժությանը Իսրայելից բացի մասնակցում էր միայն ԱՄՆ-ն, Հունաստանը և Լեհաստանը: Զորավարժությանը ներառված էր 54 միավոր ռազմական ինքնաթիռ, 102 օդաչու և 416 հոգի սպասարկող անձնակազմ: