24.11.2024
Հարցում. Իսրայելցիները Պուտինին ազդեցիկ առաջնորդ են համարում
prev Նախորդ նորություն

Լավրովին զայրացրել է Լապշինին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու Բաքվի առաջարկը

Ադրբեջանում բանտարկված ու այդ երկրից վերջերս հեռացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ 2017 թվականի փետրվարին Ադրբեջանի իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ առաջարկելով աջակցել բլոգերին Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Արցախում դատապարտված դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հետ փոխանակման հարցում:


Լապշինի խոսքերով՝ Ադրբեջանը փորձել է շանտաժի ենթարկել Ռուսաստանին՝ նշելով, որ Հայաստանի հետ երկու «դիվերսանտ-զբոսաշրջիկների» արտահանձնման մասին բանակցություններում աջակցությունը կարագացնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատ արձակումը:


«ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան անձի խոսքերով՝ այս իրավիճակը զայրացրել է անձամբ Սերգեյ Լավրովին և արդյունքում Ադրբեջանի այդ առաջարկը մերժվել է: Ռուսներն ընդհանրապես չէին կարող հասկանալ և ընդունել, թե ինչ կապ ունի ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի Լապշինը ադրբեջանցի դիվերսանտների հետ: Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը, որի քաղաքացի ես չեմ, իմ համար բանտից արտահանձնի մարդասպաններին: Ավելի ուշ իրավիճակը ներկայացվել է Իսրայելի իշխանություններին, որոնք նույնպես վրդովվել են Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ, բայց ի տարբերություն ՌԴ-ի, դժգոհությունը հրապարակավ չեն հայտնել»,- գրել է Լապշինը:


Բլոգերը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների այդ ծրագրի մասին իրեն առաջին անգամ հարցաքննությունների ժամանակ հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչ, արդարադատության ավագ խորհրդական Քամալ Թալիբովը, իսկ ավելի ուշ այդ մասին գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Լապշինը նշել է, որ ցնցվել է Ադրբեջանի գործողությունների անհեթեթությունից: «Ես առանց այդ էլ ինձ այնտեղ աֆղանական Թալիբանի պատանդ էի զգում, դրան ավելացան նաև ինձանով առևտուր անելու փորձերը»,- գրել է Լապշինը:


Բլոգերը Ռուսաստանին և Իսրայելին շնորհակալություն է հայտնել սկզբունքայնության համար, իսկ Հայաստանին շնորհակալություն է հայտնել, որ չի տրվել ճնշումներին:


«Զուտ մարդկային առումով ես կարող եմ հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ փախստական են դարձել Ղարաբաղյան պատերազմի հետևանքով, ինչպես և Բաքվից և Սումգաիթից հազարավոր հայեր: Ես հասկանում եմ այդ մարդկանց ցանկությունը տեսնել իրենց ծնողների գերեզմանները: Եվ շատ դաժան է, որ Ադրբեջանն արգելում է հայերին որպես զբոսաշրջիկ այցելել, իսկ Հայաստանը նույնը թույլ չի տալիս ադրբեջանցիներին»,- գրել է Լապշինը՝ հավելելով, որ դա, սակայն, չի նշանակում, որ պետք է ավտոմատներով զինված անցնել շփման գիծը և «կրակել իրենց նկատած սովորական մարդկանց վրա»:


«Դա արդեն զբոսաշրջություն չէ, ես ձեզ կասեմ՝ որպես տարիների փորձով զբոսաշրջիկ: Դա ջիհադ է»,- գրել է Լապշինը:


Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիևը (ծնվ.1968 թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960 թ.), ևս մեկ դիվերսիան` Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է: Վերջինիս դին հայկական կողմն արդեն հանձնել է Ադրբեջանին:


Դիլհամ Ասքերովն ու Շահբազ Գուլիևը ԼՂՀ-ում դատապարտվել են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, հրազեն և զինամթերք կրելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, ԼՂՀ սահմանն ապօրինի հատելու ԼՂՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Դիլհամ Ասքերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման: