Մանկական մահացության մակադակը Հայաստանում 1990-2016թթ. զգալիորեն նվազել է. ՄԱԿ
Մանկական մահացության մակադակը Հայաստանում 1990-2016թթ. զգալիորեն նվազել է: Եթե 1990-ին 5 տարեկանից փոքր 1000 երեխայից մահանում էր 50-ը, ապա 2016-ին այդ թիվը նվազել է մինչև 13: 2016-ին 1000 նորածիններից կյանքի առաջին 28 օրում մահացել է 7 երեխա: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ներկայացված «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցում:
2016-ին աշխարհում ամեն օր մինչև 5 տարեկան մոտ 15.000 երեխա է մահացել, այդ թվում 7000-ը՝ նորածին: Վերջին 16 տարում մահացածների թվում նորածինների քանակն աճել է՝ 41%-ից հասնելով 46%-ի, ինչև շատ տագնապալի ցուցանիշ է: Մահացության դեպքերի 30 տոկոսում մահվան պատճառ են հանդիսացել բարդությունները հղիության և ծննդաբերության ժամանակ, իսկ թոքաբորբն ու փորլուծությունը հիմնական վարակիչ հիվանդություններն են, որոնցից մահանում են 5 տարեկանից փոքր երեխաները՝ 2016-ին մանկական մահացության դեպքերի 16% և 8%-ը համապատասխանաբար գրանցվել են վերոնշյալ հիվանդություններից:
Տարածաշրջանում վաղ տարիքում ծննդաբերությունների առումով առաջատարը Ադրբեջանն է: 15-19 տարեկանում ամենաքիչ ծնունդները գրանցվում են Բոսնիայում և Հերցեգովինայում: Հայաստանի համար այս ցուցանիշը կազմում է 23՝ 1000 15-19 տարեկան կնոջ հաշվով:
Մայրական մահացության ցուցանիշը տարածաշրջանում ամենաբարձրը Ղրղզստանում է (76/100.000 կենդանի ծնունդի հաշվով), ամենացածրը՝ Բելառուսում՝ (4/100.000): Հայաստանում՝ 19.6/100.000 (2013-2015):
Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանը 2008 թվականին գրեթե կրկնակի ավելացրեց մայրական խնամքին ուղղվող հատկացումները և ներդրեց ծննդօգնության պետական հավաստագրեր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ: Արդյունքում հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացավ անհավասարությունը: Այս առումով Հայաստանը հայտնվեց աշխարհում առաջատար դիրքերում: