Իսլամը, որպես քաղաքական գործոն, երբեք ամբիցիաներ չի ունեցել Ադրբեջանում։ Ադրբեջանում հավատացյալները հեռու են «ընդդիմադիր» տրամադրություններից, սակայն կարող են օգտագործվել որոշակի շրջանակների կողմից քաղաքական պայքարում։ Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Աբդուլ Նաղիևը։
Նա նշել է, որ ադրբեջանական հասարակությունն աչքի է ընկնում իսլամական հիմունքների ցածր գիտակցությամբ և այդ հանգամանքը խաղում է աշխարհիկ իշխանությունների դեմ, քանի որ հնարավորություն է տալիս մանիպուլյացիա անել հասարակական կարծիքը։
«Ադրբեջանն իսլամական աշխարհի մաս կազմող պետություն է։ Բնակչության մեծամասնությունն իսլամադավան է։ Անկախության ձեռք բերումից և սահմանների բացումից հետո սկսվել է իսլամական աշխարհի հետ հոգևոր ինտեգրացիայի գործընթացը։ 25 տարվա ընթացքում նվազել է բնակչությունը, որը դաստիարակվել էր կոմունիստական արժեքներով։ Այս ընթացքում աճել է նոր սերունդ, որն ունի ավելի բաց կրոնական սկզբունքներ, քան նախորդ`խորհրդայինը»,–նշել է քաղաքագետը DalmaNews–ի հետ զրույցում`մեկնաբանելով Ադրբեջանում Աշուրա տոնի հետ կապված ծագած հասարակական ռեզոնանսը։
Նաղիևը նշել է, որ հասարակությունում իսկամական տրամադրությունների վերածնունդը` ներսից ընթացող գործընթաց է։ Իսլամական աշխարհի առաջնորդներն այս կամ այն կերպ հետաքրքված են Ադրբեջանում իսլամական վերածնունդով: Այդ երկրների ցանկում հատուկ տեղ է գրավում Իրանը։ Ըստ նրա, Իրանն այսօր հանդիսանում է աշխարհում քաղաքական իսլամի առաջատար խաղացողներից մեկը` իսլամական հեղափոխության արտահանումն այդ երկրում համարվում է աշխարհաքաղաքական նպատակ։
Փորձագետը նշել է, որ Ադբեջանում իսլամական տրամադրությունների աճը, հաշվի առնելով աշխարհագրությունն ու ժողովուրդների պատմական սերտությունը, կարող է համարվել Իրանի կողմից փափուկ էքսպանսիայի համար հիմք։
«Մյուս կողմից, Հարավային Կովկասի տարածաշրջանը մտնում է ՌԴ–ի աշխարհաքաղաքական ազդեցության մեջ և դրա հետ կապված չպետք է սպասել Իրանի կողմից բացահայտ և ակտիվ գործողություններ»,–նշել է նա։ Ինչ վերաբերվում է երկիր վահաբիստական և այլ ծայրահեղական ուղղությունների ներթափանցմանը, ապա, ըստ Նաղիևի, Մոսկվայի ու Բաքվի համագործակցությունն այդ ոլորտում հանդիսանում է լուրջ խոչընդոտ տարբեր ծայրահեղական խմբավորումների առջև։
«Երկու երկրների համագործակցությունը կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում ունի փոխադարձ հետաքրքրություն։ Ադրբեջանն ու ՌԴ–ն հանդիսանում են ռազմավարական գործընկերներ։ Չնայած երկկողմ հարաբերություններում առկա ստորջրյա քարերին, կողմերը շարունակում են ամրապնդել համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Ադրբեջան ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը սպառնալիք է ռուսական Հյուսիսային Կովկասի համար, որտեղ առանց այդ էլ անհանգիստ է։ Մոսկվան համարում է անվտանգության ոլորտում հետխորհրդային երկրների հետ համագործակցությունը, որպես սեփական անվտանգության անհրաժեշտ տարր»,–հավելել է նա։