Նեթանյահուն հերքել է Թուրքիայի հայտարարությունները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է Թուրքիայի հայտարարությունները Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեին գաղտնի աջակցելու մասին, փոխանցում է AFP-ն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Մոսադը» դերակատարում է ունեցել Քուրդիստանի հանրաքվեի մեջ, որն անցկացվել է սեպտեմբերի 25-ին: Որպես ապացույց նա բերել էր այն փաստը, որ հանրաքվեի արդյունքները տոնելիս շատերը թափահարել են իսրայելական դրոշներ: Էրդողանի տեսանկյամբ՝ սա խոսում է այն մասին, որ Իրաքի Քուրդիստանի վարչակազմը կապված է «Մոսադի» հետ:
«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու նրանք, ովքեր աջակցում են ՀԱՄԱՍ-ին, ամենուր ցանկանում են «Մոսադին» տեսնել»,- ասել է Իսրայելի վարչապետը: Նրա խոսքով՝ Իսրայելը ոչ մի կապ չունի քրդական հանրաքվեի հետ, բացի միայն «հրեա ժողովրդի բնական եւ բազմամյա կարեկցանքից քուրդ ժողովրդի ձգտումներին»: Նա նշել է, որ աջակցում է «քուրդ ժողովրդի սեփական պետություն ձեռք բերելու օրինական ջանքերին»: