24.11.2024
Թուրքիայի անվտանգության ուժերը 117 սպա են ձերբակալել
prev Նախորդ նորություն

Քրդստանը կարող է նավթն արտահանել Սիրիայի տարածքով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրաքյան Քրդստանի համար սահմանները փակելու ու նավթի արտահանմանը խոչընդոտելու մասին հայտարարություններին ի պատասխան քրդերը կարծում են, որ նավթը նույն հաջողությամբ կարող են արտահանել նաև Սիրիայի տարածքով՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելով Միջերկրական ծովով այն դուրս բերելու ուղղությամբ: Այս մասին խոսել է Քրդստանի դեմոկրատական կուսակցության ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հոշավի Բաբաքրը:


Բաբաքրը նշել է, որ այդ ուղղությամբ նրանք արդեն բանակցություններ են սկսել սիրիական համապատասխան կառույցների հետ:


Նա ասել է, որ եթե Թուրքիան իսկապես նրանց դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառի՝ դա կվնասի ոչ միայն Քրդստանին, այլ նաև հենց Թուրքիայի տնտեսությանը։


Հիշեցնենք, որ Քրդստանում սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի ընթացքում անկախությանն «Այո» է ասել քվեարկությանը մասնակցածների 92.73 տոկոսը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2 տոկոսը:


Պաշտոնական Բաղդադն Իրաքյան Քրդստանին վերջնագիր էր ներկայացրել, ըստ որի` այն պարտավոր է երեք օրվա ընթացքում Բաղդադի կառավարմանը հանձնել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները։


Իր հերթին, Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնացել էր տնտեսական պատժամիջոցներով սովի մատնել Քրդստանի ժողովրդին և չէր բացառել ռազմական միջամտությունը: