Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային:
Հանրապետության նախագահը նշել է, որ հումանիտար համագործակցության հարցերը, այդ թվում՝ կրթության և գիտության ոլորտներում, կարևոր տեղ են զբաղեցնում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության օրակարգում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարարի այցը նոր ազդակ կհաղորդի այդ համագործակցությանը.
«Ինչպես ամենուր, մենք ևս Հայաստանում մեծ կարևորություն ենք տալիս կրթական համակարգի զարգացմանը, և այդ համակարգի առջև բարձր որակավորմամբ ու աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստման խնդիր ենք դնում: Իհարկե, այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, և մենք ձգտում ենք դրանք լուծել՝ համագործակցելով նաև մեր բարեկամների և գործընկերների հետ»,- ՌԴ կրթության և գիտության նախարարի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը:
Իր հերթին նախարար Օլգա Վասիլևան նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը պատմական խորը արմատներ ունի, այդ իսկ պատճառով, առկա ամուր հիմքի վրա այն երկուստեք շարունակաբար զարգացնելն ու ընդլայնելն ավելի դյուրին է:
ՌԴ նախարարը տեղեկացրել է իր այցի շրջանակներում հայ գործընկերոջ հետ ունեցած քննարկման արդյունքները, ընդգծելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության ընդլայնման նպատակով հումանիտար մասնագիտությունների գծով կրթությունից բացի աշխատանք տանել և փորձի փոխանակում իրականացնել ինժեներատեխնիկական մասնագիտությունների զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում նախարար Վասիլևան հիացմունքով է խոսել Հայաստանի հանրակրթական դպրոցներում տարրական դասարաններից սկսած շախմատը՝ որպես պարտադիր ուսումնական առարկա դասավանդելու մասին, որը զգալիորեն նպաստում է այդ երեխաների շրջանում մաթեմատիկայի իմացության մակարդակի բարձրացմանը, ինչի վկայությունն են, ըստ նախարարի, մաթեմատիկայի գծով համաշխարհային առարկայական օլիմպիադաներում վերջին տարիներին Հայաստանի աշակերտների արձանագրած հաջողությունները: ՌԴ կրթության և գիտության նախարարը նշել է, որ անելու է ամեն հնարավորը՝ այդ պրակտիկան Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում ևս կիրառելու համար:
ՀՀ նախագահը և ՌԴ նախարարը մտքեր են փոխանակել կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման ծրագրերի, փորձի փոխանակման, բարձրորակ կադրերի պատրաստման հարցերի շուրջ:
Նույն օրը հանրապետության նախագահն ընդունել է նաև Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն ավանդական դարձած առողջապահական համաժողովի անցկացումը, որը, նախագահի համոզմամբ, շատ լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների միջև փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման համար:
«Առողջապահության ոլորտի մարտահրավերները ժամանակակից աշխարհում ամենասուր մարտահրավերներից են և դուրս են առանձին պետությունների առողջապահական համակարգերի սահմաններից: Այդ բարդ խնդիրներն առնչվում են սոցիալ-տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Այդ իսկ պատճառով նման մասնագիտական քննարկումները և փորձի փոխանակումը կարող են միայն օգտակար լինել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահն ասվածի համատեքստում կարևորել է Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովի օրակարգում ներառված հարցերը, այդ թվում՝ առողջապահության ոլորտի բարեփոխումների, ԵԱՏՄ շրջանակներում ոլորտի ինտեգրացիոն գործընթացների հետ կապված: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին:
ՌԴ առողջապահության նախարարն ընդգծել է, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը թույլ է տալիս արդեն իսկ արձանագրել համատեղ աշխատանքի որոշակի արդյունքներ, որոնց անդրադարձ կկատարվի հերթական՝ երրորդ համաժողովի ժամանակ:
Վերոնիկա Սկվորցովան սերտ համագործակցությամբ առանձնացող ընթացիկ տարին խորհրդանշական է համարել, քանի որ Հայաստանը և Ռուսաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ հոբելյանները:
Հանդիպմանը նախարար Սկվորցովան նաև ներկայացրել է ՌԴ առողջապահական համակարգի զարգացման առաջնահերթ ուղղություններն ու ծրագրերը, խոսել նաև Հայաստանի հետ համագործակցության նոր ուղղությունների, փորձի փոխանակման հնարավորությունների մասին, որոնց շուրջ հայ գործընկերոջ հետ երևանյան համաժողովի շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: