Հայաստանը պայմանագիր ունի արտասահմանյան ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի Իրան-Հայաստան երկաթգծի շինարարական աշխատանքները կատարելու համար: Ավելին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է այդ ընկերության տնօրենի հետ, ներկայացրել պահանջները.
«Եթե «Ռասիա ՖԶԵ» ընկերությունը չկատարի դրանք, ապա Հայաստանը կվերանայի պայմանագիրը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա:
Անդրադառնալով մյուս կնճռոտ հարցին՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանը ու հատկապես Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի հայտարարությանը, որ չկառուցված՝ Աշտարակ - Լանջիկ հատվածի շինարարության արժեքը կհասնի 3,5 միլիոն դոլարի, նախարարն ասաց, որ ԱԶԲ-ն ֆինանսավորում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածների մի մասի շինարարությունը՝ գերատեսչությունն ու բանկը ակտիվ համագործակցում են: Եվ հավաստիացրեց՝ կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել մայրուղու կառուցումը:
Հիշեցնենք, Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Շեյն Ռոզենթալը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանում կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու չկառուցված հատվածների շինարարության արժեքը շեշտակի կբարձրանա՝ 1 կմ-ի համար ներկայիս 2 մլն դոլարից հասնելով 3,5 միլիոն դոլարի:
Անդրադառնալով չարաշահումներին և պետության կողմից պատշաճ վերահսկողությանը, Վահան Մարտիրոսյանը վստահեցրել է նաև, թե պետությունն անում է ամեն ինչ իրեն վերագրված գործառույթների սահմաններում, այնպես որ պետք չէ անհանգստանալ՝ ամեն ինչ արվում է, որ խախտումներ չլինեն՝ ոչ ֆինանսական, ոչ շինարարական:
Հիշեցնենք նաև, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման սկզբից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ծախսվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո: Կառուցապատվել է 31 կմ ճանապարհ:
Նախարարը նաև լավատեսությամբ է հանդես եկել՝ նշելով, որ վստահ է՝ ուշ, թե շուտ «ոչ միայն Վրաստանով դեպի Ռուսաստան, այլ ամբողջ աշխարհում շատ փակ ճանապարհները կբացվեն, քանի որ ժողովուրդները շփման կարիք ունեն»: Վերադառնալով իրականություն, նախարարը տեղեկացրեց, որ ձմռանն ընդառաջ Լարսի ճանապարհին վրացական կողմն ավելացրել է ճանապարհները մաքրող միջոցները.
«Նախագծային աշխատանքներ են գնում այդ հատվածում թունելի կառուցման ուղղությամբ և մյուս տարվանից կսկսի թունելի կառուցումը, որը կտևի երեք տարի»,-ասաց նա:
Իսկ ահա այլընտրանքային ճանապարհի մասով որևէ նորություն չկա, քանի որ այդ խնդիրը գտնվում է երկու այլ պետությունների տարածքում և Հայաստանը չի կարող առաջարկ ներկայացնել Վրաստան-Ռուսաստան ավտոճանապարհի կառուցման առումով: