24.11.2024
ՀՀ նախարարը՝ ռուսական ԶԼՄ-ին. Ռուսաց լեզուն ՀՀ-ում օտար լեզվի կարգավիճակ ունի
prev Նախորդ նորություն

«Հյուսիս-հարավ»-ի կառուցման արժեքը կտրուկ կբարձրանա

Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Շեյն Ռոզենթալը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու չկառուցված հատվածների շինարարության արժեքը շեշտակի կբարձրանա՝ 1 կմ-ի համար ներկայիս 2 մլն դոլարից հասնելով 3,5 միլիոն դոլարի:


Նշենք, որ ի սկզբանե նախատեսված էր այդ մայրուղու կառուցումն ավարտել 2016 թվականին: Մինչդեռ հիմա՝ 2017 թվականին իրավասու պաշտոնատարները խուսափում են ծրագրի ավարտի կոնկրետ վերջնաժամկետ նշել:


«Մեր կանխատեսմամբ՝ ճանապարհի երկրորդ և երրորդ հատվածներում 1 կիլոմետրը [կառուցումը] կարժենա մոտ 3,5 միլիոն դոլար: Այս թիվը կարող եք համեմատել տարածաշրջանի այլ երկրներում նմանատիպ ճանապարհների կառուցման թվերի հետ, որոնք արժեցել են մինչև 8 միլիոն դոլար՝ 1 կիլոմետրի համար: Այս գինը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ տեղանքով, անհրաժեշտ հողատարածքների ձեռք բերման ծավալներով և այլն:


Ճանապարհի մնացած 350 կիլոմետրի՝ Արտաշատից Մեղրի և Գյումրիից Բավրա անավարտ հատվածների մասով աշխատանքներ սկսելու վերաբերյալ այս պահին կոնկրետ ծրագրեր չկան, և ԱԶԲ-ին դեռևս հայտ չի ներկայացվել այդ աշխատանքները ֆինանսավորելու համար: Հայաստանի կառավարությունը բազմաթիվ առաջնահերթ խնդիրներ ունի և պետք է որոշի՝ ի՞նչն է առաջնահերթ՝ այդ միջանցքն ավարտին հասցնե՞լը, թե կրթության կամ այլ ոլորտներում մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված ներդրումները:


Կարծում եմ՝ երբ խոսքը վերաբերում է «Հյուսիս-հարավ» միջանցքն ավարտին հասցնելուն, կառավարությունը պետք է դիտարկի դրա տեխնիկական պարամետրերը, ճանապարհի տիպը, արդյո՞ք այն պետք է լինի քառուղի, երկուղի կամ ինչ-որ այլ միջանկյալ լուծում կլինի, արդյո՞ք այն պետք է բետոնե լինի, թե՞ ասֆալտե ծածկույթ ունենա: Բացի այդ, կառավարությունը պետք է մտածի մասնավոր հատվածի հետ հնարավոր համագործակցության մասին:


Այլ երկրներում պետական-մասնավոր գործընկերության հաջողված օրինակներ կան, երբ ճանապարհի որոշ հատվածները վճարովի են դարձրել, որպեսզի նվազեցնեն ճանապարհի կառուցման ընդհանուր արժեքը: Ես չեմ ասում, որ դա հենց այն լուծումն է, որը հարկավոր է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի դեպքում, բայց դա մի բան է, որը կառավարությունը պետք է դիտարկի»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Ռոզենթալը: