ՀՀ նախարարը՝ ռուսական ԶԼՄ-ին. Ռուսաց լեզուն ՀՀ-ում օտար լեզվի կարգավիճակ ունի
Ռուսաց լեզուն այսուհետ Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի, իսկ ՀՀ միակ պետական լեզուն կա և կմնա հայոց լեզուն: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Նախարարը հավելել է, որ դա աքսիոմ է՝ մյուս բոլոր լեզուներն օտար են:
Նախարարը հիշեցրել է, որ ըստ խորհրդային տարիներից մնացած ավանդույթի ռուսաց լեզուն լայն տարածում ունի Հայաստանում, սակայն մինչ օրս ոչ մի կարգավիճակ չի ունեցել: «Օրինակ, երբ մեր երեխաները բուհ են ընդունվում, ապա որպես օտար լեզու հանձնում են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներերն, իսպաներեն կամ իտալերեն: Ռուսաց լեզուն այդ լեզուների թվում չկա և ռուսաց լեզվից քննություն դիմորդները հանձնել չեն կարող: Այսուհետ, մենք ֆիքսում ենք, որ ռուսաց լեզուն Հայաստանում ունի օտար լեզվի կարգավիճակ»,- ասել է Մկրտչյանը:
Նա հավելել է, որ ՀՀ կրթության նախարարությունը ռուսաց լեզվի ուսուցման առանձին հայեցակարգ է մշակել, որը ներկայացվել է հանրային քննարկման: Նախատեսված միջոցների թվում են ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների ավելացում, որոշ առարկաների դասավանդում ռուսերենով:
Ըստ նախարարի, դա կարևոր է, քանի որ «ռուսաց լեզուն ամենատարածվածն է ՀՀ-ում, այն պարտադիր է ուսուցման համար 2-րդ դասարանից սկսած բոլոր դպրոցներում, դա ԱՊՀ աշխատանքային լեզուն է, իսկ այժմ նաև՝ ԵԱՏՄ-ի: Բնական գիտությունների գրականության ամբողջ բազան մեր մոտ ռուսերեն է, մեր գիտական հաստատությունների և ռազմարդյունաբերության գործակցության դաշտը հիմնականում նույնպես ռուսերեն է»,-ասել է Մկրտչյանը:
«Այսօր ռուսերենի դասավանդումը փոքր լսարանների և բազում ուսումնական ժամերի համար է նախատեսված: Մենք գործակցում ենք Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ մեծ լսարաններ և դասարաններ ձևավորելու շուրջ՝ հայ երիտասարդներին որպես օտար ռուսաց լեզու դասավանդելու համար»,-ասել է Մկրտչյանը: