23.11.2024
Էրդողան. Իսրայելը չի փրկի Քրդստանին
prev Նախորդ նորություն

«Մենք կարող ենք գալ հանկարծակի՝ գիշերը». Էրդողանը սպառնում է քրդերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իրաքյան Քուրդիստանում անկախության հարնարվեի ֆոնին հանդես է եկել Իրաքի քրդերին ուղղված նոր սպառնալիքներով: Նա նշել է, որ Անկարան կփակի Թուրքիայի՝ Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանը եւ կդադարեցնի վերջինիս նավթի տարանցումը:


«Մեզ համար դա կենսական նշանակության հարց է: Մենք չենք թույլ տա, որպեսզի այդ միավորն (Իրաքյան Քուրդիստան) առաջանա: Մենք կփակենք սահմանը, այս շաբաթ կհայտարարենք դրա մասին: Քրդերն այլեւս չեն կարողանա վաճառել իրենց նավթը, քանի որ փականը մեր ձեռքում է», - ասել է նա:


Իրաքյան Քուրդիստանի անկախության հարնարվեն Էրդողանն անվանել է «արկածախնդրություն»՝ ենթադրելով, որ այն կվերածվի երկարատեւ հակամարտության, քանի որ այնտեղ ապրում են ոչ միայն քրդեր, այլեւ արաբներ ու թուրքոմաններ, որոնք համաձայն չեն,որպեսզի տարածաշրջանը վերահսկի միայն «մեկ խումբ»:


«Դա իրենց անձնական տարածք չէ, իզուր են ջանում: Մենք կարող ենք գալ հանկարծակի՝ գիշերը», - սպառնացել է Էրդողանը՝ միեւնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն Իրաքի հետ սահմանին թուրքական զինված ուժերի զորավարժությունների վրա: Նրա խոսքով, թուրք զինվորականներն այնտեղ հենց այնպես չեն տեղակայված:


Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեին մասնակցել է քաղաքացիների 72,16 տոկոսը, որոնց 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:


Մասնավորապես ինչպես հայտնում է քրդական nerinaazad.net կայքը, հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 5 մլն 200 հազ. ընտրող: Նրանցից միայն 1 մլն 200 հազ.-ը՝ մայրաքաղաք Էրբիլից, 1 մլն 280 հազ.-ը՝ Սուլեյմանիայից, 800.000-ը՝ Դահուքից, 750. 000-ը՝ Մոսուլի նահանգից, իսկ ահա թուրքմենաբնակ Քիրկուկում քվեարկության կարող էր մասնակցել 750.000 քաղաքացի:


Հատկանշական է, որ ոչ բոլորն են Իրաքյան Քուրդիստանում կողմ եղել անկախացման գործընթացին: Թուրքական diken.com.tr կայքը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են Քիրկուկի թուրքեմենները հանրաքվեի օրը «Հայրենիքը պառակտող հանրաքվեին մի՛ մասնակցիր» գրությամբ պաստառներ փակցրել տարբեր շինությունների վրա:


Նշվում է, որ թուրքմենների մեծ մասը բոյկոտել է հանրաքվեն, մեծ ակտիվություն չեն ցուցաբերել նաև Քիրկուկի արաբները, մինչդեռ քիրկուկցի քրդերը վճռականորեն օգտագործել են իրենց ձայնը:


Հատկանշական է, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն տեղի է ունենում միջազգային ու տարածաշրջանային գերտերությունների բացահայտ մերժողական մթնոլորտում:


Եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ուղղակի կոչ էին անում Իրաքի քրդերին հետաձգել անկախության հանրաքվեն՝ իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի չլարելու համար, ապա Իրանը, Թուրքիան ու Իրաքը բացարձակապես դեմ են արտահայտվում Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը: Այդ պետություններն արդեն իսկ գործի են անցել, եւ տարածաշրջանում անկախացման հայտ ներկայացրած պետական միավորի նկատմամբ ճնշման գործիքակազմ կիրառել:


Թուրքիան զորքեր է կուտակել Իրաքի հետ սահմանին ու քննարկում է նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, Իրանը զորավարժություններ է սկսել ու պաշտոնական Բաղդադի պահանջով փակել Իրաքի Քուրդիստանի հետ օդային հաղորդակցությունը: