Քրդական հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93%-ը կողմ է արտահայտվել անկախությանը
Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեին մասնակցել է քաղաքացիների 72,16 տոկոսրը, որոնց 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Մասնավորապես ինչպես հայտնում է քրդական nerinaazad.net կայքը, հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 5 մլն 200 հազ. ընտրող: Նրանցից միայն 1 մլն 200 հազ.-ը՝ մայրաքաղաք Էրբիլից, 1 մլն 280 հազ.-ը՝ Սուլեյմանիայից, 800.000-ը՝ Դահուքից, 750. 000-ը՝ Մոսուլի նահանգից, իսկ ահա թուրքմենաբնակ Քիրկուկում քվեարկության կարող էր մասնակցել 750.000 քաղաքացի:
Հատկանշական է, որ ոչ բոլորն են Իրաքյան Քուրդիստանում կողմ եղել անկախացման գործընթացին: Թուրքական diken.com.tr կայքը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են Քիրկուկի թուրքեմենները հանրաքվեի օրը «Հայրենիքը պառակտող հանրաքվեին մի՛ մասնակցիր» գրությամբ պաստառներ փակցրել տարբեր շինությունների վրա:
Նշվում է, որ թուրքմենների մեծ մասը բոյկոտել է հանրաքվեն, մեծ ակտիվություն չեն ցուցաբերել նաև Քիրկուկի արաբները, մինչդեռ քիրկուկցի քրդերը վճռականորեն օգտագործել են իրենց ձայնը:
Հատկանշական է, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն տեղի է ունենում միջազգային ու տարածաշրջանային գերտերությունների բացահայտ մերժողական մթնոլորտում:
Եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ուղղակի կոչ էին անում Իրաքի քրդերին հետաձգել անկախության հանրաքվեն՝ իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի չլարելու համար, ապա Իրանը, Թուրքիան ու Իրաքը բացարձակապես դեմ են արտահայտվում Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը: Այդ պետություններն արդեն իսկ գործի են անցել, եւ տարածաշրջանում անկախացման հայտ ներկայացրած պետական միավորի նկատմամբ ճնշման գործիքակազմ կիրառել: Թուրքիան զորքեր է կուտակել Իրաքի հետ սահմանին ու քննարկում է նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, Իրանը զորավարժություններ է սկսել ու պաշտոնական Բաղդադի պահանջով փակել Իրաքի Քուրդիստանի հետ օդային հաղորդակցությունը: