VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն օրերս հայտարարել էր, թե որպես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին փոխարինող չի տեսնում նաեւ նրա պաշտոնավարման ավարտից հետո, հետեւաբար նա պետք է ստանձնի կառավարման դերը: Սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, բավական կոպիտ հակադարձել էր` չի ցանկանում մասնավոր անձանց կարծիքներ մեկնաբանել: «Ժողովուրդ»-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց. Կարապետյանի հայտարարությունից վիրավորված չէ՞, այսինքն` ՀՀԿ փոխնախագահի կարծիքը նշանակություն չունի՞: «Իմ կարծիքն է, մեկը կմեկնաբանի, մեկը չի մեկնաբանի, մյուսը կսպասի դեռեւս: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, վիրավորական որեւէ բան չեմ տեսնում: Ես իսկապես իմ անձնական տեսակետն եմ հայտնել»,- ասել է նա»:
«Իրավունք» թերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Փաստորեն անձամբ Դուք հենց ՀՀ նախագահի՞ն եք տեսնում 2018-ին՝ վարչապետի պաշտոնում: Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է եւ, բնականաբար, գտնում են, որ վերջում մենք պետք է առաջարկենք Սերժ Սարգսյանին: Հոդվածագիրներ կան, որ հիմա էլ կասեն, թե ինչու Սերժ Սարգսյանը չի ասում այդ մասին, դրան էլ պատասխանեմ՝ որովհետեւ Սերժ Սարգսյանը այդ մասին ընդհանրապես որեւէ մեկի հետ չի խոսում: Իսկ ես իմ կարծիքն եմ ասում՝ ովքեր ցանկանում են, թող միանան իմ կարծիքին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների՝ տարածքների վերադարձի շուրջ Ադրբեջանի հետ բանակցության մասին արտգործնախարար Նալբանդյանի հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան արել է ուշագրավ հայտարարություն: ԶՈւ Գլխավոր շտաբի պետն ասել է, որ ներկայումս անվտանգության պաշտպանական գիծն այնպիսին է, որ ցանկացած փոփոխություն կարող է բերել լուրջ սպառնալիքների: Մովսես Հակոբյանը հայտարարել է նույնիսկ, որ հայկական կողմին անհրաժեշտ են ավելի նոր ու լավ դիրքեր: Տարածքների վերադարձի շուրջ բանակցության մասին հայտարարել էր Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովում պատասխանելով սփյուռքահայերի հարցերին: Նա, իհարկե, ասել էր, որ խոսքը Արցախի այն տարածքների մասին է, որոնք չեն ներկայացնում կարեւորություն անվտանգության տեսանկյունից:
Արտաքին գործերի նախարարի այս հայտարարությունը, մեղմ ասած, դիվանագիտական-քաղաքական եւ նույնիսկ ռազմաքաղաքական անհեթեթություն է՝ հաշվի առնելով այն, թե պետությունները ինչպես են թիզ առ թիզ բանակցում յուրաքանչյուր մետր՝ անգամ ոչ միայն հակամարտությունների, այլ ընդամենը սահմանային դեմարկացիայի գործընթացի ժամանակ: Ինչպե՞ս կարող է արտաքին գործերի նախարարը խոսել «անվտանգության տեսանկյունից անկարեւոր տարածքի» մասին: Եթե կա այդպիսի գնահատման չափանիշ եւ այն հնչում է արտաքին գործերի նախարարի շուրթերից, ապա այստեղ արդեն իսկ կա անվտանգության սպառնալիք: Մովսես Հակոբյանի արձագանքը այդ ֆոնին բավականին ուշագրավ է: Փաստացի, ԶՈւ գլխավոր շտաբի պետն անհամաձայնություն է հայտնում արտաքին գործերի նախարարին: Հաշվի առնելով նախարարի հայտարարության բովանդակությունը, հաշվի առնելով ժամանակաշրջանն ու աշխարհաքաղաքական միջավայրը, որում հնչում է այդ հայտարարությունն այդ բովանդակությամբ, ԶՈւ գլխավոր շտաբի պետի արձագանքը պարզապես ապտակ է արտաքին գործերի նախարարին, որքան էլ նրա հայտարարության մեջ ինքնին նոր բան չկա, եւ Մադրիդյան սկզբունքներ ասվածը Հայաստանն ընդունել է դեռեւս 2007 թվականից, իսկ տարածքների վերադարձ ենթադրվում է հենց այդ սկզբունքներով: Այդուհանդերձ, կարծես թե առաջին անգամ է, որ Զիված ուժերի բարձր մակարդակով հնչում է այդպիսի շառաչուն պատասխան:
Չի բացառվում, որ Մովսես Հակոբյանի այդ հայտարարությունն արտացոլում է Նալբանդյանի հայտարարությունից հետո զինված ուժերում առաջացած լուրջ դժգոհությունն ու վրդովմունքը: Այդ իմաստով հատկանշական է, որ զինուժն այս անգամ որոշում է չթաքցնել այդ վրդովմունքը, որովհետեւ ասել, որ դիվանագիտական հայտարարություններից հետո այդպիսի դժոհություն զինուժն ապրում է առաջին անգամ՝ սխալ կլինի, սակայն նախկինում այդ դժգոհությունները եղել են, այսպես ասած, լուռ, պահվել են զինուժի շրջանակում: Մովսես Հակոբյանի արձագանքը որոշակիորեն վկայում է այն մասին, որ զինուժը դաս քաղել է նախորդ անհաջող մոտեցումից եւ չի պատրաստվում լռության մատնել դիվանագիտության վրիպումներն ու բացթողումները՝ հետո դրանք պատերազմի դաշտում ուղղելու անհրաժեշտության առաջ չկանգնելու համար:
Զինուժը չի թաքցնում իր դժգոհությունն ու անհամաձայնությունը, եւ դա ոչ թե, այսպես ասած, պառակտում է իշխանության մեջ, այլ լիովին հակառակը՝ կարող է հանդիսանալ Հայաստանի արտաքին քաղաքականության թե՛ օգտակար գործողության, թե՛ ճկունության գործակիցը բարձրացնելու եւ դրա միջոցով անվտանգության նոր շերտ ձեւավորելու համար, երբ Զինված ուժերը պետության պաշտպանությունը ռազմական առումով իրականացնելով սահմանին, դիվանագիտական առումով պաշտպանությունը սկսում է, այսպես ասած, «թիկունքից», այսինքն՝ արտաքին քաղաքականության մշակման եւ վարման հարցում իր տեսակարար կշիռը հաստատելուց կամ շոշափելի բարձրացնելուց»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվա հունիսին, երբ խորհրդարանը քննարկում էր համայնքների խոշորացման նախագիծը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ակնարկել էր խորոշացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու հեռանկարի մասին, ինչպես այսօր Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում է: Այս հարցի վերջնական կարգավորումը, սակայն, նոր Սահմանադրության համաձայն` պետք է տրվի ընտրական օրենսգրքով: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանական կուլիսներում արդեն այս ուղղությամբ լուրջ քննարկումներ են սկսվել: Ու նախատեսված է, որ 2 տարի անց խոշորացված համայնքներում այլեւս չեն լինելու համայնքային ղեկավարի ուղղակի ընտրություններ. ողջ երկրում ՏԻՄ ընտրությունները եւս կամաց-կամաց պետք է անցկացվեն համամասնական սկզբունքով: Արդյունքում այսօր ստեղծվել է հետաքրքիր վիճակ. շատ համայնքների ղեկավարներ ինքնակամ չեն առաջադրվում նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում: Նաեւ ԲՀԿ-ն, «Ելքը» եւ մյուս ուժերը իրենց թեկնածուներին չեն առաջադրում` պատկերացնելով, որ այս համայնքներում ընտրված անձինք հնարավորություն են ունենալու աշխատել առավելագույնը երկու տարի: Հաջորդ ընտրությունը կլինի կուսակցական սկզբունքով: Դրա համար ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ի խրախճանք են հիշեցնում»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստան-Իսրայել հարաբերությունների վերջին շրջանի ջերմացումը՝ հայ իսրայելական ֆորումի ջանքերի շնորհիվ, լուրջ անհանգստություն է պատճառում ոչ միայն հարեւան Թուրքիային (վերջինս մտավախություն ունի, որ քրդական խնդրին զուգահեռ, ինչ-որ պահի Իսրայելի Կնեսեթը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը), այլեւ Արդբեջանին, որին ընդհանրապես հունից հանում են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան (Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակի եւ պատգամավորների վերջին այցը եւ այդ համատեքստում հայ-իսրայելական ֆորումը վերջին «համաժողովը»): «Ափսոս, որ ֆորումի օրերին հայկական կողմի նախագահ Արտակ Զաքարյանը Վաշինգթոնում էր, նա անչափ շատ բան է արել հայ-իսրայելական հարաբերությունների հարցում, ու շատ բան ունենք դեռ անելու՝ թե անօդաչու սարքերի, թե Ցեղասպանության ճանաչման, թե մնացյալ հարցերում»,-ասաց իսրայելական պատվիրակության հետ Հայաստան ժամանած մեր զրուցակիցը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայազգի միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը: Մեր տեղեկություններով՝ հարսանիքը նույն օրը չի ավարտվել: Հյուրերի մեծ մասի, այդ թվում՝ իշխանական վերնախավի վերադառնալուց հետո, հաջորդ օրը հարսանիքը շարունակվել է Սամվել Կարապետյանի տանը՝ շատ նեղ շրջանակի համար: Սամվել Կարապետյանի տանն այդ օրը ներկա են գտնվել նորապսակների քավորը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), Արմեն Շահազիզյանը (Լուդինգի Արմեն), Կամո Ավագումյանը՝ «Ավիլոն» ընկերություն, տնօրենների խորհրդի նախագահ և ուրիշներ: Հրավիրյալների թվում է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ընդամենը 10 րոպե ներկա գտնվելուց հետո հեռացել է միջոցառումից: Կարելի է ենթադրել, որ Սամվել Կարապետյան/Կարեն Կարապետյան տանդեմի լարված հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ շարունակում են պահպանվել»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում լրագրողները նկատել էին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, մեղմ ասած, այնքան էլ լավ տրամադրություն չունի: Այս օրերին մամուլում շրջանառվող տեղեկատվության ֆոնին, որ Մովսես Հակոբյանի եւ Վիգեն Սարգսյանի հարաբերությունները լարված են, ու գուցե նաեւ Հակոբյանը հրաժեշտ տա պաշտոնին, դա ավելի ակնառու դարձավ:
Վիգեն Սարգսյան-Մովսես Հակոբյան հակադրության վերաբերյալ armtimes.com-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Տարբեր զինվորականներ off the record զրույցում մեզ տեղեկացնում են, որ Մովսես Հակոբյանի աշխատաոճի եւ պահվածքի վերաբերյալ լուրջ դժգոհություններ կան զինված ուժերում: Նրանք հայտնում են, որ Մովսես Հակոբյանը սկզբնական շրջանում փորձել է իրեն ավելի բարձր դասել Վիգեն Սարգսյանից, ով ի տարբերություն Հակոբյանի, պրոֆեսիոնալ զինվորական չէ: Բացի այդ Մովսես Հակոբյանը ենթակաների եւ ՊՆ գործընկերների հետ շփումներում իրեն պահել է ինքնավստահ, երբեմն՝ գոռոզ, երբեմն՝ կոպիտ:
Հիշեցնենք, որ ապրիլյան իրադարձություններից հետո Մովսես Հակոբյանի եւ ՊՆ մատակարարների կամ պոտենցիալ մատակարարների հանդիպման հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, երբ ՊՆ-ին տարբեր ապրանքներ եւ ծառայություններ մատակարարողների կամ նման առաջարկներով դիմածներին Մովսես Հակոբյանը դիմում էր «դու»-ով, վիրավորում: Աղմուկից հետո իր այդ պահվածքի համար Հակոբյանը հրապարակային ներողություն խնդրեց: Նույնը, ինչպես մեզ պատմեցին Հակոբյանի հետ շփված մի քանի սպաներ, ավելի վատ ու մուգ երանգներով ամեն անգամ կրկնվել է Հակոբյանի եւ ենթակաների հետ հանդիպումների, խորհրդակցությունների, աշխատանքային ժողովների ժամանակ:
ՊՆ-ից մեր զրուցակիցների փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը կարգի հրավիրելու նպատակով Հակոբյանի հետ խիստ առանձնազրույց է ունեցել: Հակոբյանը փորձել է հասկացնել, թե ինքը պրոֆեսիոնալ զինվորական է, ու հենց ինքն է իրավիճակի տերն ու թելադրողը, զորքերում եղանակ ստեղծողը, այլ ոչ նախարարը՝ հակադրվելով Վիգեն Սարգսյանին: Մեր զրուցակիցների փխանցմամբ, սակայն, պաշտպանության նախարարին հաջողվել է մասամբ հանդարտեցնել Հակոբյանին. ԳՇ պետի առջեւ խնդիրը դրված է եղել շատ կտրուկ՝ կա՛մ Մովսես Հակոբյանը հանդարտվում ու հանգիստ իր գործն է անում՝ առանց այլոց գործերին խառնվելու, առանց ենթականերին կոպտելու եւ վիրավորելու, կա՛մ հեռանում է բանակից:
Հիմա կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, բայց դա ինչպես ասում են, խաղաղություն է փոթորիկից առաջ: Իսկ փոթորիկը լինելու է 2018 թվականի ապրիլից հետո, որովհետեւ դեռ պարզ չէ, այդ ժամանակ ինչ պաշտոնի կնշանակվի Վիգեն Սարգսյանը՝ կշարունակի՞ ղեկավարել ՊՆ-ն, թե՞ կտեղափոխվի այլ պաշտոնի: ՊՆ-ում համարում են, որ Մովսես Հակոբյանն ու Վիգեն Սարգսյանը երկու խիստ անհամատեղելի մարդիկ են, եւ պաշտպանության նախարարը չի պատրաստվում հանդուրժել Հակոբյանի ներկայությունը զինված ուժերում: Նաեւ վստահ են, որ եթե Վիգեն Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո շարունակի պաշտոնավարել, ինչը նա անկեղծորեն ցանկանում է, ապա Մովսես Հակոբյանը հրաժեշտ կտա պաշտոնին:
Բայց առայժմ դեռ Հակոբյանը կմնա ԳՇ պետ: Առաջին հերթին, որովհետեւ ԳՇ պետի պաշտոնի համար հարմար պատրաստված կադր այս պահին դեռ չկա: ՊՆ-ում կարծում են, որ չնայած հաջող, պարկեշտ, մարդկային բարձր հատկանիշներ ունեցող գեներալներ ՊՆ-ում շատ կան, բայց նրանցից ոչ մեկը դեռ գլխավոր շտաբի պետի մակարդակի «չի ձգում»՝ կա՛մ փորձն է պակաս, կա՛մ զինվորական ու աշխատանքային կենսագրությունը, կա՛մ անցած «մարտական ուղին»: Նախարարի հետ զրույցից հետո, հայտնում են մեր աղբյուրները, Մովսես Հակոբյանը աշխատում է լրատվամիջոցների ուշադրությանը չարժանանալ, հեռու մնալ աղմկոտ միջադեպերից եւ այդպես գոյատեւել մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, մինչեւ իրադարձությունները ցույց կտան, թե հետո ինչ կլինի: Չնայած բացառված չէ, որ այդ հարաբերական անդորրը կարող է ամեն վայրկյան պայթել»: