VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ»-ի աղբյուրների վկայությամբ, առաջիկայում երկրի իշխանությունները Մեծամորի ատոմակայանը հանձնելու են «Տաշիր գրուպին», այսինքն՝ Սամվել Կարապետյանին։ «Կառավարության որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանը հինգ տարով հավատարմագրային կառավարման կտրվի այս կազմակերպությանը։ Հինգ տարի հետո նոր պայմանագրով հավատարմագրային կառավարման ժամկետը կերկարաձգվի, քանի որ ատոմակայանը պետական նշանակության օբյեկտ է, և այն սեփականաշնորհելու իրավունք չունեն։ Հիշեցնենք նաև, որ նույն Սամվել Կարապետյանը իր «Տաշիր գրուպով» գնել էր Հայաստանի էլեկտրացանցերը»,-գրել է թերթը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը քննարկել է 2018-ին վարչապետի թեկնածուի հարցը, բայց որոշել է առայժմ չհրապարակել։ Թերթի ունեցած տեղեկություններով՝ խմբակցությունը սատարելու է այն թեկնածուին, որին կառաջադրի ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և ԱԺ աշնանային նստաշրջանին հարմար առիթով դրա մասին կհայտարարի անձամբ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Հայկական ժամանակ» թերթը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է «Զիբիլիքս» գործով «Ելք» դաշինքի բողոքը։ ««Ելք»-ը օգոստոսի 28-ին բողոքարկել էր գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ-ի որոշումը։ «Ելք» դաշինքը դեռևս մայիսին իրավապահներին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի մոտ գտնվող աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Երևանի ավագանու մայիս 14-ին ընտրություններում Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ»,-գրել է թերթը։
Առաջիկայում կկազմակերպվի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների շենքի աճուրդի գործընթացը։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պոտենցիալ գնորդներն արդեն հայտնի են: Թերթին հասած տեղեկություններով, շենքը պատրաստվում են գնել վարչապետ Կարեն Կարապետյանը, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և մեկ այլ գործարար, որի անունը դեռ հայտնի չէ։ Նախարարության շենքը, թերևս, կվաճառվի հենց 27 միլիոն դոլարով։
«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ:
- Սեպտեմբերի 13-ին լրանում է Կարեն Կարապետյանի վարչապետության մեկամյակը․ Ձեր գնահատականը, խնդրեմ, նրա գործունեության վերաբերյալ:
- Ես գնահատում եմ նորմալ, ոչ լավ, ո՛չ վատ: Համենայնդեպս, Կարեն Կարապետյանի գալուց հետո լրատվամիջոցները և, առհասարակ, շատերը մոռացել են նախարարների ազգանունները, նախկինում նախարարների մասին քննադատություններ էին շատ, իսկ հիմա անգամ ազգանունները չգիտեն:
- Քաղաքական օրակարգի առանցքային հարցերից է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի և նոր պաշտոն ստանձնելու հարցը: Եթե 2018-ին ՀՀԿ ղեկավարը որոշի ղեկավար պաշտոնում շարունակել իր գործունեությունը, ինչպիսի՞ն կլինի ձեր դաշինքի դիրքորոշումը:
- Ես մի բան գիտեմ, որ այս երկրում Սերժ Սարգսյանից բացի ոչ մեկն այդքան լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ և՛ ռազմարդյունաբերության ոլորտում, և՛ տնտեսության ոլորտում, չկա մեկը, որ կարողանա իր պես իմանալ: Երկրորդը․ ոչ մեկն իր չափ չի կարող ուզել, որ էս երկրի վիճակը լավ լինի, կան բաներ, որոնք մենք չգիտենք, գիտի ինքը, և նեղ շրջանակ։ Բնականաբար, ինքը բոլորից շատ է ուզում, որ մեզ մոտ տնտեսական, քաղաքական վիճակը լավանա: Այսպիսի աշխարհագրական դիրք ունեցող երկիրը, որը ԵԱՏՄ անդամ է, բայց Արևմուտքի հետ կարողանում է այնպիսի հարաբերություններ պահպանի, որ շուտով կստորագրենք նաև ասոցացման պայմանագիրը, դա նշանակում է, որ շատ կոմպլեմենտար քաղաքականություն է վարվում, ինձ շատ դուր է գալիս:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 1-ից ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները պարտավոր են սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայացնել ընտանիքի բացակա անդամի գտնվելու վայրի մասին տեղեկանք: Պարզվում է, որ սա արվում է, որպեսզի պետությունը տեղյակ լինի, թե նպաստ ստացող ընտանիքի անդամներից որևէ մեկը` հիմնականում ընտանիքի հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ, թե` ոչ: Այս համակարգի ներդրման միակ նպատակն այն է, որ սոցիալական ծառայությունում կարողանան վերահսկել, թե նպաստ ստացող ընտանիք ինչ եկամուտ է մտնում:
Սահմանված կարգի համաձայն` բացակայության 3-րդ ամսում, ընտանիքի անդամների կողմից պետք է պարտադիր համապատասխան դիմում ներկայացվի, թե որքան է կազմում արտերկրից ուղարկվող եկամուտը»: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանը մեկնաբանել է այս նորամուծության նպատակը: «Ընտանիքները դիմում են նպաստ ստանալու համար և պետք է հստակ ճշտենք նրանց անապահովության աստիճանը: Անապահովության աստիճանի տեղեկատվության ճշգրտման շրջանակն ընդլայնվում է: Այս աշխատանքները շարունակական բնույթ են կրում»,- նշել է նախարարը: Հարցին, թե դա արվում է, որ նվազեցվեն նպաստ ստացող ընտանիքների թիվը, նախարարը ջղաձգվել է, իսկ հարցն արհեստական է որակել. «Ձեր հարցադրումը շատ արհեստական է, ի՞նչ է նշանակում` զրկվելու են ընտանեկան նպաստից...»,- նշել ու հեռացել է նախարար Ասատրյանը: