25.11.2024
Ադրբեջանում բենզինը թանկացել է
prev Նախորդ նորություն

Ալիևը որոշ լրագրողների բնակարաններ է նվիրում, որոշներին՝ բանտ նետում. The Washington Post

Ադրբեջանում հուլիսի 22-ն Ազգային մամուլի օրն է և այդ առիթով երկրի նախագահ Իլհամ Ալիևը լրագրողներին 255 բնակարան է նվիրել: Չորս տարի առաջ էլ նա մասնակցել էր լրագրողների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությանը և 155 բնակարան նվիրել: Երկու անգամ էլ Ալիևը գործածել է նույն ձևակերպումները՝ խոսել է երկրում առկա «խոսքի ազատությունն Ադրբեջանում ապահովված է, գրում է The Washington Post-ը:


«Այդպիսին է Ալիևի թարս ու շիտակ աշխարհը, որտեղ նա խոսում է ազատության մասին, բայց իրեն պահում բռնապետի պես: Ալիևի իշխանության տարիներին ընդդիմադիր գիտնականների, իրավապաշտպանների և լրագրողների դեմ երկարատև պատժիչ արշավ է ձեռնարկվել: Այդ արշավի հետևանքով տուժածներից մեկն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակից Խադիջա Իսմայիլովան էր, որն Ալիևների ընտանիքի անդամների կուտակած հարստության և իշխանություններին անհարմար այլ թեմաների մասին իր հետաքննությունների պատճառով բանտում էր հայտնվել: 18 ամիս անց՝ 2016 թվականի մայիսին ազատ արձակված Իսմայիլովան արձագանքել է բնակարանի տեսքով նվերների մասին հայտարարությանը՝ գովեստի խոսքեր հայտնելով նրանց, ովքեր «հաղթահարել են իրենց ձգտումները և հրաժարվել կաշառք-բնակարաններից»:


Նավթով հարուստ երկրում նախագահի պաշտոնում հորը փոխարինած Ալիևը ղեկավարում է վախի միջոցով և պարգևատրում իրեն հավատարիմ մնացողներին: Եվ հակառակը՝ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են վերջին անկախ լրատվամիջոցի՝ «Թուրանի» տնօրեն Մեհման Ալիևին՝ դրամաշնորհների վերաբերյալ երկրի օրենքները խախտելու համար: Իշխանությունները նաև հետաքննություն են սկսել լրատվամիջոցի դեմ հարկերից խուսափելու և այլ հանցանքների առնչությամբ: Բոլոր մեղադրանքները փորձ են վախեցնելու խմբագրին և կազմակերպությանը: «Թուրանը» հիմնադրվել է 1990 թվականին, անդրադառնում էր քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերի լայն շրջանակի, բայց ակնհայտորեն նախագահին ամենաշատը զայրացրել է անհավատարմության ակնարկը:


Ալիևը հայտարարել է, որ երեք տարի առաջ կառավարությունն իրեն առաջարկել է նաև «Թուրանից» լրագրողներ ընտրել, որոնք անվճար բնակարաններ կստանային: Ալիևը մերժել է՝ նշելով, որ լրագրողները պետք է անկախ մնան և, որ կառավարությունից նվերներ ստանալը հավասարազոր է կաշառք վերցնելուն:


Օգոստոսի 25-ին Բաքվի դատարանը Մեհման Ալիևին կալանավորել է երեք ամիս ժամկետով, մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում: «Թուրանի» բանկային հաշիվները սառեցվել են, և անձնակազմը հայտարարել է, որ կդադարեցնի բոլոր գործողությունները: «Թուրանի» տնօրենը միակը չէ. այլ լրագրողներ և բլոգերներ շարունակում են մնալ Ադրբեջանի բանտերում: Նրանք պետք է ազատ արձակվեն: Ոչ ոք չպետք է հավատա ազատ մամուլի մասին նախագահի խոսքերին, ոչ էլ լրագրողներին կաշառելու նրա քայքայիչ պրակտիկային: Ճշմարտությունը հնարավոր չէ բանտարկել կամ կաշառել»։