Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում աղմկոտ հայտարարություն արեց, որը ոչ միանշանակ ընդունեցին քաղաքական ու փորձագիտական շրջանակները:
«Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,-ասաց նա:
Սույն միտքը դեսպանն արտահայտեց ի պատասխան հարցի, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը ինչ անդրադարձ է ունեցել Հայաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա:
Ըստ դեսպանի, Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարևանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ, եւ ԱՄՆ-ն երբեք նպատակ չի ունեցել լավ հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ ի հաշիվ այլ երկրների, բայց, փաստորեն, միևնույն ժամանակ ցանկանում է վստահ լինել, որ ՀՀ-ն կարողանում է ինքնիշխան որոշումներ կայացնել: Ըստ լրատվամիջոցների, ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին սույն դիվանագիտական պատասխանը իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում:
Դեսպանի հայտարարությունն առաջացրել է ոչ միայն փորձագիտական, այլև որոշակի իշխանական շրջանակների զայրույթը: ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը դեսպանի հայտարարության տողատակում տեսնում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու 2013 թ-ի սեպտեմբերի 3-ի որոշման մասին ակնարկ:
«Եթե խոսքը Եվրասիական տնտեսական միության ընտրության մասին է, ապա կարծում եմ, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում Եվրասիական տնտեսական միության անդամակցումը, եւ առավել եւս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացումը: Սա եղել է բացառապես Հայաստանի շահերից ելնելով, իսկ մնացյալը կարող եք դեսպանին հարցնել: Միայն կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանություններից, ինչպես նաեւ նախկին իշխանություններից զատ, որեւէ մեկը շատ շահագրգռված չէ, որ Հայաստանը լինի ուժեղ, ինքնիշխան երկիր եւ որեւէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանը կայացնի որոշումներ, որոնք բացառապես բխում են մեր նյութական շահերից: Մյուս կողմից՝ մենք շատ դրական ենք գնահատում հարաբերությունների զարգացումը, թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի հետ», - ասել է Շարմազանովը:
Ի տարբերություն Շարմազանովի դիվնագիտական ձևակերպումների՝ ավելի կտրուկ է արտահայտվել դեսպանի հայտարարության մասին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, դեսպանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնող հանգամանք, որի համար նրան պետք է կանչեն ԱԳՆ՝ բացատրությունների:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի ու ընդհանրապես արևմտյան երկրների դեսպանները Հայաստանում բացի դիվանագիտական աշխատանքից, վարում են ակտիվ հանրային գործունեություն և հաճախ հանդես գալիս ոչ միանշանակ հայտարարություններով: Բավական է հիշել Լեհաստանի նախկին դեսպան Զդիսլավ Ռաչինսկու՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի ՌԴ-ի ու ԵՄ-ի միջև», ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ ՀՀ-ում ընտրությունների ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախության հետ կապված հայտարարությունները:
Այս բոլոր հայտարարությունները ժամանակին վերածվել են սկանդալների՝ երբեմն ստանալով իշխանության կոշտ արձագանքը: Տարիներ առաջ ոչ միանշանակ, ՀՀ ներքաղաքական կյանքին վերաբերող աղմկոտ հայտարարությամբ աչքի ընկավ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: Այդ ժամանակ նա դեսպան էր:
«Որոշ պետությունների իշխանություններ շատ ամուր են նստած իրենց աթոռներին և չեն ուզում թողնել դրանք: Եվ երբ քաղաքացիական հասարակությունը օգնում է մարդկանց, նրանք առաջ են ընթանում դեպի հիմնարար փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են ինչպես հասարակությանը, այնպես էլ իշխանություններին: Եվ գալիս է պահը, երբ գիտակցում ես, որ արդեն եկել է սարեր շուռ տալու ժամանակը», - հայտարարել էր նա, ու այդ հայտարարությունը Հայաստանում ընկալվել էր որպես քաղաքական դաշտի ապակայունացմանն ուղղված և հեղափոխությունների դրդող կոչ:
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է, որ արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ դեսպանների հայտարարությունները պատահական չեն, ու դրանք հանդիսանում են ՀՀ-ի նկատմամբ հստակ քաղաքականության հետևանք: «Միլսն ԱՄՆ դեսպան է և խոսում է Պետքարտուղարության հանձնարարությամբ: Նշանակում է՝ պետդեպարտամենտը դեսպանի շուրթերով իր քաղաքականությունն է հասցնում է մեզ», - VERELQ-ի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը:
Հայաստանն ինքնիշխան դարձնելուն ուղղված գործիքներ տրամադրելու մասին դեսպանի հայտարարությունը քաղաքական գործիչը գնահատում է որպես վիրավորանք իշխանությունների ու Հայաստան պետության հասցեին:
«Առաջին հերթին իշխանությունները պետք է դեսպանին հարցեր ուղղեն և բացատրություններ պահանջեն նրանից: Նա պետք է հրավիրվի ԱԳՆ և բացատություններ տա իր հայտարարության վերաբերյալ: Թե չէ հիմա մոդայիկ է դարձել խոսել Հայաստանի գաղութացման մասին», - ասաց Սարգսյանը:
Մյուս կողմից, բանախոսն այս հայտարարության հիմքում տեսնում է Հայաստանի ներսից թույլ լինելու հանգամանքը:
«Մենք ինքնություն չենք ու ինքնուրույն քայլեր չենք կարող անել, մեր ներքին խնդիրներն այնքան չենք կարողանում լուծել, որ մեզ անընդհատ ուղղություն են ցույց տալիս՝ ինչ անել: Ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքարեք, այս կամ այն խնդիրը լուծեք և այլն», - բացատրեց նա:
Դեմկուսի ղեկավարի խոսքով, այս հայտարարությունն ունի նաև խորը աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ պայմանավորված ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կտրուկ սրմամբ:
«ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների լարումը և մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները միանշանակորեն թելադրում են այս հայտարարության համատեքստը: Սառը պատերազմի ոգուն համահունչ պայքարը տարբեր տարածաշրջանների համար թեժանալու է: Այստեղ Հայաստանի համար դժվար է լինելու վարել բալանսի կամ մանևրելու քաղաքականություն, քանի որ իրողությունները սև ու սպիտակի են հասնում: Ընտրությունը մնում է հետևյալը՝ կամ-կամ», - հայտարարեց նա՝ հավելելով, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է վարի բացառապես սեփական շահերից բխող քաղաքականություն՝ մեծ ուշադրություն չդարձնելով այս կամ այն պետության հայտարարություններին: