24.11.2024
Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից ԱԻՆ բերել է իր «զորքը». զուգահեռ «ՊՆ» է ստեղծում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար դառնալով՝ Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարությունից այնքան շատ կադր է բերել ԱԻՆ, որ արդեն խո­սում են «զուգահեռ ՊՆ» ստեղծելու մասին: Բնականաբար, ԱԻՆ-ն առաձգական չէ, եւ նորերը փոխարինում են հին աշխատակիցներին: Մենք մոտ մեկ ամիս առաջ հարցում էինք արել ԱԻՆ, թե քանի հոգի է Տոնոյանն աշխատանքի ըն­դունել, ազատել, սակայն այստեղ նախընտրում են մամուլի հետ չաշխատել եւ չպատասխանել մեր հարցին: Մենք պարզեցինք, որ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից հետը բերել է իր «զորքը»՝ աշխատակազմի ղեկավարին, օգնականներին, քարտուղարուհուն, թարգմանիչներին, գլխավոր խորհրդականին եւ այլն: Ավելին՝ նա դեմ է, որ իր ազատած կադրերը հետագայում աշխատանքի ընդունվեն պետական համակարգում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հետեւանքով կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը նախարարություն չի դառնա, այլ կլինի վարչապետին ենթակա կառույց: Գործադիրը նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնավորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավա¬ռի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվությունը վարչապետի առջեւ»:


2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նախատեսված է ոչ թե որպես նախարարություն, այլ որպես ենթակա մարմին: Մինչեւ 2018թ. ապրիլ նոր Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելը, պետք է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ անեն, ապա կառուցվածքային փոփոխություններ: Օրինակ՝ նախատեսվում է ոստիկանության զորքերի ապառազմականացում եւ համանման գործառույթներ իրականացնող կենտրոնական ապարատի ստորաբաժանումների միավորում դեպարտամենտների մեջ, ինչը կհանգեցնի կադրային փոփոխությունների:


Հիմնավորումներում ուշագրավ մտքի հանդիպեցինք. «Հրաժարվել «ոստիկանության զորքեր» հասկացությունից եւ վերակազմակերպված տվյալ ստորաբաժանումն օգտագործել օրենքով նախատեսված հետեւյալ բացառիկ դեպքերում՝ զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս»: Սա նշանակում է, որ «պատժիչ» ֆունկցիան, այնուամենայնիվ, պահպանվելու է»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը Անկախ Հայաստանի պատմության ընթացքում իր տեսակի մեջ կարծես թե աննախադեպ է: Երեւանի Էրեբունի վարչական շրջանում հանցագործություն կատարելու պահին ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում՝ դիպուկահարի մասնակցությամբ վնասազերծեց հանցագործին, որը արդյունքում մահացավ: Ճիշտ է, Երեւանում դիպուկահարները փողոցում մարդկանց սպանել են, բայց միայն քաղաքական նկատառումներից ելնելով, եւ՝ ոչ ոստիկանները: Հանցագործների նկատմամբ ոստիկանական ուժերը, որպես կանոն, ավելի հումանիստական մոտեցում էին ցուցաբերում: Համենայնդեպս, մինչեւ հիմա հայտնի չի եղել դեպք, երբ որեւէ հանցագործի վնասազերծելու պահին սպանեն կամ ոստիկանների գործողությունների արդյունքում նա ավելի ուշ մահանար:


Համակարգի ներկայացուցիչները սիրում էին այս փաստը ժամանակ առ ժամանակ հիշեցնել հանրությանը: Մասնավորապես, երբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ աղմուկ էր բարձրանում (անհամաչափ ուժի կիրառման դեպքերն էլ սովորաբար լինում են միայն քաղաքական կամ քաղաքացիական ակտիվիստների հետ կապված), նրանք օրինակ են բերում ԱՄՆ-ն, որտեղ շաբաթը մեկ, եթե ոչ ամեն օր ոստիկանները հանցագործին վնասազերծելու գործողության ժամանակ կամ պարզապես իրենց չենթարկվելու համար մարդ են սպանում:


Երեկ ՀՀ ոստիկանությունը, փաստորեն, ամերկյան ոստիկանության նման վարվեց: Տարօրինակ զուգադիպությամբ երիտասարդը, որը սպանվեց, երկար տարիներ ապրել էր ԱՄՆ-ում, նույնիսկ այնտեղ դատապարտվել եւ պատիժ էր կրել: Քանի որ տեղի ունեցածը արտասովոր էր հանրության համար, երեկվանից բուռն քննարկումներ են, թե արդյոք ճի՞շտ է վարվել ոստիկանությունը, արդյոք չէ՞ր կարելի այլ կերպ հանգուցալուծել իրավիճակը, արդյոք մամուլը ճի՞շտ է անում, որ լուսաբանում է նման դեպքերը: Ամենաշատ քննարկվող թեման դիպուկահարի դիրքավորումն էր, երբ նա պառկել էր գետնին, իսկ նրա շուրջը մեծ թվով հանդիսատես էր հավաքված, ոմանք՝ պպզած, մյուսները՝ կանգնած ակնդետ հետեւում էին, թե ինչ է լինելու: Նկար կա նաեւ, թե ինչպես է ինչ-որ մեկը լայն քայլով անցնում պառկած դիպուկահարի վրայով: Տեսանյութերում անգամ 8-10 տարեկան երեխա է երեւում այդ տարածքում:


Ոստիկանական հատուկ գործողության ժամանակ այս տնավարի վիճակը իսկապես տարակուսելի է, որովհետեւ մենք լավ գիտենք, որ Հայաստանի ոստիկանությունը ցանկացած պահի կարող է պատ կազմել եւ «անթույլատրելի վայրում» կանգնած քաղաքացիների մեծ կամ փոքր խմբերին հաշված վայրկյանների ընթացքում հեռացնել: Եթե նման բան չի արվել, նշանակում է՝ գործողությունը ղեկավարող անձինք դրա անհրաժեշտությունը չեն տեսել: Կամ նույնիսկ հակառակը՝ մտավախություն են ունեցել, որ պատանդառուից մի քանի մետր հեռավորության վրա ակնառու շարժ առաջացնելով՝ կգրավեն նրա ուշադրությունը, կխրտնեցնեն, ինչի դեպքում մեծ կլիներ վտանգը, որ նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածք կհասցնի իր պատանդին՝ երիտասարդ աղջկան:


Եվ չնայած այս վարկածին, դիպուկահարի եւ նրա հետ գրեթե սելֆի անող մարդկանց լուսանկարներն, իսկապես, զվարճալի են: Արդյոք չէ՞ր կարող այլ հանգուցալուծում լինել: Չի բացառվում, որ այս հարցում որոշիչ է եղել այն հանգամանքը, որ պատանդառուն երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում եւ մոտիկից ծանոթ է եղել ամերիկյան ոստիկանության մեթոդներին: Փոխարենը չի տիրապետել հայկական ոստիկանության մարդասիրական բնույթին:


Ասվում է, որ կրակ բացելու որոշում կայացվել է մեկ ժամ տեւած բանակցություններից հետո: Հայտնի չէ, թե ինչ են խոսել աղջկա պարանոցին դանակ բռնած երիտասարդի հետ, բայց կարելի է ենթադրել, որ նրան առաջարկվել է բաց թողնել աղջկան եւ ինքնակամ հանձնվել: Չի բացառվում, որ տեղացի որեւէ մեկը հենց այդպես էլ կվարվեր: Բայց ԱՄՆ-ում վերջին տարիներին նման իրավիճակները շատ հաճախ ավարտվում են հանձնվողի սպանությամբ, ուստի այնտեղից ընդամենը 4 ամիս առաջ արտաքսված երիտասարդը չէր կարող վստահ լինել, որ իր հետ նույնը չի պատահի:


Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ոստիկաները չէի՞ն կարող այլ մուտքերից մտնել տվյալ տարածք, պատանդառուին ոտքից վիրավորել եւ այլն, ապա կարծում ենք, որ ոստիկանության նախկին աշխատաոճը թույլ է տալիս եզրակացնել, որ եթե նման հնարավորություն լիներ, նրանք չէին վարանի դա օգտագործել: Այս ամբողջ պատմության ամենամեծ վտանգը իրականում այն է, որ կատարվածը կարող է նախադեպ դառնալ եւ բացել ոստիկանության ձեռքերը ենթադրյալ հանցագործների հանդեպ: Սա անթույլատրելի կլինի, որովհետեւ հանրությունը դեռ չի կարողանում լուծել քաղաքական ենթատեքստով դեպքերի ժամանակ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման խնդիրը: Շատ ավելի բարդ կլինի, եթե սրան ավելանա նաեւ ենթադրյալ հանցագործներին այսպես վնասազերծելու պրակտիկան:


Ավելի լավ է հայրենի ոստիկանությունում արագ մոռանան այս դեպքը եւ վերադառնան իրենց սովորական աշխատաոճին, երբ Նոր Նորքում մի ամբողջ զինանոցով զինված խումբ է վնասազերծվում եւ որեւէ մեկի գլխից մազ չի պակասում: Թեեւ այս երկու դեպքերն իրականում համեմատելի չեն, որովհետեւ զինված խմբում որեւէ քաղաքացու կյանքին անմիջական վտանգ չէր սպառնում, եւ բացի այդ, ոստիկանությունն ակնհայտորեն այնտեղ սեփական ինֆորմատորներն է ունեցել, ասել է թե՝ ի սկզբանե առավելություն է ունեցել թիրախի նկատմամբ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 29-ին, Գյումրիում տեղի ունեցավ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու` Կամոյի շքեղ հարսանիքը, որը թերեւս, իր տեսակով եզակի էր: Այն քննարկվում է քաղաքի բուժհաստատություններում, խանութներում, երթուղայիններում, իսկ ֆեյսբուքում ակտիվ շրջանառվում են հարսանեկան լուսանկարները: Կայքերն արդեն գրել էին, որ Գրիգորյանի որդին 18 տարեկան է, նրա ընտրյալը` Ռուզաննան, նույնպես: Նրանք միասին սովորում են Շիրակի պետական համալսարանում: Խոսվում է, որ Գրիգորյանի խնամին իր նման հարուստ չէ, հասարակ ընտանիքից է` հեռու բիզնեսներից ու քաղաքականությունից: Հարսնացուի եղբայրն էլ զբաղվում է սպորտով, վերջերս չեմպիոն է դարձել: Նշենք, որ Կամոն եւս սպորտով է զբաղվել, նա լողի է հաճախել:


Հարսանիքը տեղի է ունեցել Գյումրու «Իմպերիալ» ռեստորայանին համալիրում, որը վերջերս է կառուցվել: Գյումրու ամենաշքեղ հարսանյաց սրահն է, այն կապվում է Գյումրու Էլցանցի ՀՀԿ-ական պետի անվան հետ: Հարսանիքի քավորը եղել է Մարտուն Գրիգորյանի կրտսեր քրոջ ընտանիքը, ովքեր բնակվում են Մոսկվայում:Պսակադրությւոնն էլ տեղի է ունեցել Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում:


Գրիգորյանի որդու հարսանիքին հյուրերի թվում քաղաքական էլիտայի ներկայացուցիչների պակաս չի եղել: Ներկաների թվում եղել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ, մարզպետներ, քաղաքապետեր: Մարտուն Գրիգորյանն անգամ իր ընտանեկան ուրախությունը կիսել էր իր աշխատակիցների հետ, հրավիրվածների թվում են եղել նաեւ Գրիգորյանների բիզնեսներում աշխատող անձիք:


Armtimes.com-ի տեղեկություններով ընդհանուր հյուրերի թիվը եղել է 400-ը: Հյուրերին ուրախացրել են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները: Հետաքրքիր է նաեւ այն, որ Գրիգորյաններն իրենց շքեղ հարսանիքը Գյումրիում են արել` բոլորի աչքի առաջ: Գյումրու այլ պաշտոնյաներ հիմնականում նախընտրում են իրենց նման հարսանիքներն անել արտերկրում, չխոսելով ընդհարապես դրա մասին,երբեմն նաեւ սպառնալիքներ են հնչեցնում «գաղտնիքը» բացահայտած լրագրողներին, իսկ Մարտուն Գրիգորյանն անգամ այս թեմայով հարցազրույցներ էր տալիս»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սբ Հռիփսիմե վանքի հոգեւոր սպասավորներից մեկի՝ Համբարձում աբեղա Արաբյանի մասնակցությամբ օրերս Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ․ԿԱ» կարաոկե ակումբում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։


Աբեղան, որը, ըստ կոլեգաների, նման ակումբներ այցելելու հակում ունի, գինովցել է եւ հաշիվը փակելու շուրջ վիճաբանել ակումբի անվտանգության աշխատակիցների հետ։ Բանը հասել է բռունցքներին, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակիցները վնասել են աբեղայի քիթը։ Հայր Համբարձումը մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ չի պատրաստվում բողոքել, քանի որ դեպքը տեղի է ունեցել «մտերիմ մարդու հաստատությունում»․ «Ես այնտեղ եղել եմ ընկերոջս հետ, անախորժություն եղավ աշխատակիցների հետ կապված, բայց հարթվել է, ավելին ասելիք չկա, ես բողոք չեմ ներկայացնելու, քանի որ մտերիմ մարդու հաստատություն է եղել»։