Գլոբալ աշխարհակարգում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների կտրուկ սրմամբ պայմանավորված անկայունության, տարածաշրջանում Թուրքիայի դերի թուլացման ֆոնին Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը որպես տարածարջանային գործոն ավելի է ընդգծվում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նկատելով, որ այս պատկերը վտանգավոր է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Նրա խոսքով, համաշխարհային քաղաքական դրությունը բավական սրվել է՝ կապված Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության աճի հետ:
Ինչպես նշում է թուրքագետը, այժմ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, մասնավորապես թուլանում է Թուրքիան և իր ազդեցությունն ընդարձակում Իրանը: «Խոսքը Թուրքիայի ռազմավարական դերի և նշանակության թուլացման մասին է: Սա պայմանավորված է այն ռազմավարական նշանակության սխալներով, որ թույլ տվեց Էրդողանը: Մասնավորապես, խոսքս վերաբերում է Թուրքիայի հարաբերությունների վատթարացմանը Գերմանիայի հետ, քանի որ այսօր կտրուկ նվազել են գերմանական ներդրումները և գերմանացի զբոսաշրջիկների հոսքը դեպքի Թուրքիա»,- ասաց նա:
Թուրքիայի դերի թուլացման որպես մյուս պատճառ փորձագետը նշեց Սիրիայում Էրդողանի արկածախնդրային քաղաքականությունը: «Թուրքիայի ազդեցությունը թուլացել է նաև նրա ոչ հաշվենկատ քաղաքականության հետևանքով, որը վարեց Սիրիայում և Իրաքում, իսկ արկածախնդրությունը բերում է իր անցանկալի արդյունքները: Ասադի իշխանությունը գնալով ուժեղանում է, գնալով ուժեղանում և լեգիտիմ է դառնում նաև քրդական ուժը՝ Սիրիայում և աշխարհում», - ասաց նա՝ ենթադրելով, որ սեպտեմբերին տարածաշրջանում ակտիվություն կնկատվի և որոշ հարցեր կսրվեն, ինչը մեծապես կապված է հենց Թուրքիայի դերի թուլացմամբ:
Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի դերի թուլացումը տարածաշրջանում հանգեցնելու է Իրանի ազդեցության ընդարձակմանը: Այս համատեքստում Սաֆրաստյանը կարևորեց Հայաստանի պատվիրակության ներկայությունն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալությանը: Ի դեպ, Հայաստանը միակն էր Հարավային Կավկասի երկրներից, որ Ռոհանիի երդմնակալությանը մասնակցում էր նախագահի մակարդակով:
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Հայաստան-Իրան հարաբերություններն այլևս դուրս են եկել զուտ երկկողմ նշանակության հարթությունից և ունեն ավելի լայն տարածաշրջանային դերակատարություն: «ՀՀ և Իրանի հարաբերությունները երկկողմանի ձևաչափից դուրս են եկել՝ վերածվելով տարածարջանային գործոնի: Գործոն, որը կայունացնող է տարածաշրջանի համար: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը չկար այդ երդմնակալության արարողությանը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը լրջորեն վերանայում է տարածաշրջանում իր վարած քաղաքականությունը»,- պարզաբանեց Սաֆրաստյանը:
Ի դեպ, Իրանը Հայաստանի միակ հարևան պետությունն է, որի հետ 1828 թվականի Թուրքմենչայի պայամանգրի կնքումից հետո (ըստ որի Արևելյան (ներկայիս) Հայաստանը անցել է Ռուսական կայսրությանը) կոնֆլիկտներ կամ տարածքային վեճեր գրեթե 200 տարի չեն եղել: Թեպետ այժմ Հայաստան-Իրան քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենբարձր մակարդակի վրա, սակայն երկկողմ տնտեսական կապերը բավականին թույլ են արտահայտված:
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռում Իրանը հիմնականում առաջին տասնյակում է: ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած առաջին տարիներին Իրանը մշտապես առաջին հնգյակում էր: Այդուհանդերձ, 2016 թվականին Իրանի հետ առևտրի ծավալը նվազել է շուրջ 15 տոկոսով։ Եթե 2015-ին Հայաստանի Իրանի հետ առևտրի ծավալները կազմել էին 280 մլն դոլար, ապա 2016-ին այն կազմեց 239 միլիոն: Հայաստան-Իրան համագործակցության կարևոր տարրերից մեկն ԻԻՀ-ՀՀ գազամուղն է, որը գործում է 2007թ.-ից: Էներգետիկ համագործակցությունը երկու պետությունների միջև տեղի է ունենում բարտերային՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց սխեմայով: Հայաստանի տարածքում հայ-իրանական գազամուղի սեփականատերը հանդիսանում են ռուսական «Գազպրոմ» ընկերությունը:
Հայ-իրանական տնտեսական համագործակցությունում որոշակի ակտիվություն նկատվեց նաև Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետ: Այժմ Հայաստանի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական միությունը Իրանի հետ վարում է բանակցություններ ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Օգոստոսի 5-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ (ՀՀ նախկին վարչապետ) Տիգրան Սարգսյանը Թեհրանում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին: Այս հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիրը մոտ ժամանակներս կստորագրվի:
Հայաստանի հետ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության համատեքստում Իրանի համար կարևոր նշանակություն ունի ղարաբաղյան հակամարտությունը: Այս հարցում Իրանն ունի հստակ դիրքորոշում՝ համարելով խաղաղ կարգավորումը միակ հնարավոր ուղին և դեմ արտահայտվելով հակամարտությանն արտատարածաշրջանային ուժերի խառնվելու հնարավորությանը՝ հատկապես խաղաղապահ առաքելության տեսքով:
2016թ. դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ևս մեկ անգամ շեշտել էր, որ Ղարաբաղյան խնդիրը չունի ռազմական լուծում: Սերժ Սարգսյանի՝ Թեհրան վերջին այցի շրջանակներում ևս Ռոհանին ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Իրանը փաստացի Ղարաբաղին սահմանակից միակ երկիրն է, որը կոնֆլիկտի կողմ չէ:
Այդուհանդերձ, պետք չէ թերագանահատել նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Ադրբեջանն Իրանի համար կարևորություն է ներկայացնում թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյուններից: Տնտեսական հարթության կարևորության ցուցիչն է այն, որ քանի դեռ Հայաստանի իշխանությունները փորձում էին կյանքի կոչել Իրան-Հայաստան երկաթգիծը (որով Իրանը կկապվեր Սև ծովին), Թեհրանը նախապատվությունը տվեց Իրան-Ադրբեջան երկաթգծին, որը շուտով արդեն կհանձնվի շահագործման: Ուղղակի այստեղ պետք է հաշվի առնել այն, որ այդ երկաթուղին կառուցվում է Ադրբեջանի ֆինանսավորմամբ:
Ինչպես նշում է տարածաշրջանային հարցերի իրանցի վերլուծաբան Էհսան Հուշմանդը, Իրանը ցանկանում է Ադրբեջանի հետ երկաթուղի կառուցել, սակայն «այդ երկրի հաշվին» և Իրանն այդ ծրագրի վրա մեծ գումարներ չի ծախսում: «Վստահ եմ, որ Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղին շատ ստրատեգիական նշանակություն ունի, որովհետև Ռուսաստան ելք ապահովելու համար մենք ունենք Կասպից ծովով ճանապարհ, մյուս կողմից էլ, ցավոք սրտի, երկաթուղային հաղորդակցությունը Եվրոպայի հետ Իրանի համար ապահովում է Թուրքիան, հետևաբար Հայաստանի ուղղությունը կարող է բազմակի կարևորություն ունենալ մեզ համար»,-պարզաբանում է տարածաշրջանային հարցերի վերլուծաբանը:
Անվտանգության հարցերի համատեքստում Իրանի համար Ադրբեջանը կարևորություն է ներկայացնում առ այն, որ այդ երկիրը հանդիսանում է Թեհրանի երկու հակառակորդ-մրցակիցնրի գործընկերն ու դաշնակիցը: Խոսքը Իսրայելի ու Թուրքիայի մասին է: Իսրայելը, որ Բաքվի ամենախոշոր զենքի մատակարարներից է, տարբեր փորձագետների գնահատմամբ, դիտարկում է Ադրբեջանը պլացդարմ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների պարագայում: Պարզ է, որ Իրանը չի կարող ուղղակի դիտորդի կարգավիճակում լինել թեկուզ նման հիպոթեթիկ հեռանկարի առկայության և շահերի դասավորվածության պարագայում:
Որպես հակազդեցության ձև Իսլամական Հանրապետությունը յուր իսլամական օրակարգն է առաջ մղում Ադրբեջանում: Այս հարավկովկասյան երկրում, որտեղ ամբողջությամբ ոչնչացված է քաղաքական ընդդիմությունը, Իլհամ Ալիևի իշխանությանը միակ հակազդող ուժը դարձել են կրոնական (իսլամական) կառույցները, որոնց հզորացման ու ակտիվացման ուղղությամբ էլ աշխատանքներ է տանում Իրանը: Պատահական չէ, որ Ադրբեջանում վերջերս սրվել է «կրոնական ծայրահեղականության» դեմ պայքարը: Նարդարան գյուղի դեպքերը դրա վառ վկայությունն են: Կրոնական կառույցների դեմ պայքարում Ադրբեջանն ընդգրկել է նաև Իսրայելին:
Անցյալ տարի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Բաքու կատարած այցի արդյունքնում Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ պայմանավորվածության համաձայն, Մոսադը համագործակցելու է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում, հեղաշրջումների կանխարգելման և բազմակողմ տարածաշրջանային դաշինքների ստեղծման հարցերում։
«Այդ փաստաթղթի նպատակն է բարձրացնել Ադրբեջանի անվտանգության աստիճանը տարածաշրջանում արտաքին սպառնալիքներից և կապահովի երկկողմ շահերը տարածաշրջանում», - հայտարարել էր իսրայելական Մոսադի ղեկավար Յոսի Քոենը՝ մեկնաբանելով Բենյամին Նեթանյահուի այցն Ադրբեջան:
Արշալույս Մղդեսյան