Ըստ Փաշինյանի` փախստականների վերադարձը լուրջ վտանգ է Բաքվի հետ խաղաղության համար
Լուսանկարը` alphanews.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 90-ականների սկզբից Հայաստանից և Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների վերադարձի հարցը լուրջ վտանգներ է պարունակում տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 21-ի կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Ըստ Փաշինյանի՝ այս հարցը հիմնականում դառնում է քաղաքական շահարկումների առարկա, ինչը ոչինչ չի տա հենց իրենց՝ փախստականներին, փոխարենը կառաջացնի նոր լարվածություն։ Նա հիշեցրել է, որ շատ կոնֆլիկտներ, այդ թվում՝ Ղարաբաղյանը, սկսվել են «անմեղ» մշակութային, սոցիալական և քաղաքական հարցերի շուրջ բանավեճերից։
Նշենք, որ Հայաստանի ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ Ադրբեջանի հետ բանակցություններում Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի հարցը չբարձրացնելու համար։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը պարբերաբար բարձրացնում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանից» (Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը) փախստականների վերադարձի հարցը։