25.08.2025
Լուսանկարը` alphanews.am
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարող է նպաստել տնտեսական աճին, սակայն ռիսկերը էլ կան

Լուսանկարը` gazeta.ru
Լուսանկարը` gazeta.ru

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսական աճի և վարկային միտումների վրա։ Այդ մասին Radar Armenia պարբերականը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։


Տնտեսագետի կարծիքով՝ մոտ ապագայում երկու երկրների միջև ուղղակի առևտուր քիչ հավանական է՝ հաշվի առնելով երկար տարիների թշնամանքը։ Հայաստանի համար հիմնական տնտեսական օգուտը տարանցիկ եկամուտներն են։ Սակայն, ինչպես նշել է Պարսյանը, Նախիջևան-Ադրբեջան երթուղու տարանցիկ ծավալը չափազանց փոքր է նշանակալի եկամուտ բերելու համար։ Հայաստանը կարող է իրական շահույթ ստանալ, եթե տրանսպորտային միջանցքից սկսեն օգտվել Միջին Ասիայի երկրները, ինչպես նաև Չինաստանը և Հնդկաստանը՝ դեպի Եվրոպա իրենց բեռները տեղափոխելու համար։ Դրա համար, ըստ փորձագետի, Հայաստանը պետք է բանակցություններ վարի այդ երկրների հետ և առաջարկի նրանց շահավետ համագործակցության պայմաններ։


Սուրեն Պարսյանը նաև հիշեցրել է, որ Չինաստանն արդեն ակտիվորեն զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքներ հարևան Վրաստանում՝ Եվրոպա բեռներ տեղափոխելու համար վարձակալելով նավահանգիստներից մեկը, ինչը կարող է նվազեցնել Չինաստանի հետաքրքրությունը հայկական երթուղու նկատմամբ։ Նրա խոսքով՝ հայկական երթուղին կարող է այլընտրանք դառնալ։


Փորձագետը կարծում է, որ համաձայնագրի ստորագրման հիմնական նպատակը եղել է ոչ թե տնտեսական, այլ անվտանգային։ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը բազմիցս ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի սպառնալիքների, և փաստաթղթի ստորագրումն ուղղված է հնարավոր էսկալացիան կանխելուն։ Պարսյանի կարծիքով՝ սա նաև տարածաշրջան ներգրավելու միջոց է՝ շահագրգռելով գերտերություններից մեկին, որը շահագրգռված է խաղաղության պահպանմամբ։


Նա նշել է, որ նոր համաձայնագիրը կարող է հակասություններ ստեղծել նոյեմբերի 9-ի նախկին փաստաթղթի հետ, որով Ադրբեջան-Նախիջևան տարանցիկ ճանապարհը պետք է վերահսկվեր Ռուսաստանի կողմից։ Այժմ վերահսկողությունն իրականացվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից։ Պարսյանի կարծիքով՝ Հայաստանը մեծ աշխատանք ունի կատարելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի շահերը ներդաշնակեցնելու ուղղությամբ, քանի որ այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում։