Այսօր շուկայական հարաբերություններում ամեն բան շատ անկանխատեսելի է, քանի որ մեր աչքի առջև ենք տեսնում, թե աշխարհում ինչ է կատարվում: «Զարգացող շուկաները և տնտեսական տրանսֆորմացիան հետսոցիալիստական երկրներում. Հայաստանը ավելի լայն համատեքստում խորագրով» դասախոսության ժամանակ նման տեսակետ հայտնեց Փիթեր Թոբին բիզնես քոլեջի Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Գևորգյանը:
Tert.am-ի հաղորդմամբ, նա նկատեց, որ այժմ ձևափոխվում են բոլոր այն ինստիտուտները, որոնք ստեղծվել էին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
«Ցանկությունները շատ կարող են լինել, բայց պետք է կողմնորոշվել՝ ելնելով ներկայիս իրավիճակից: Այս պահի դրությամբ պրագմատիկ է շուկան զարգացնել ռուսական ուղղությամբ՝ ԵԱՏՄ-ի միջոցով: Սա բացառապես չի խանգարում Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացմանը»,-ասաց նա:
Ալեքսանդր Գևորգյանը, համեմատելով Հայաստանն ու Վրաստանը, նկատեց, որ Հայաստանը ինովացիոն տեսանկյունից ավելի առաջատար է: Անկախ ամեն ինչից, նա գտնում է, որ պետք է իրատես լինել և հաշվի նստել քաղաքական, տնտեսական, տարածքային իրականության հետ:
«Մենք պետք է ձգտենք աստղերին, սակայն այնտեղ միանգամից չեն թռնում: Միգուցե փոքր քայլելով, բայց ամենակարևորը՝ առաջ պետք է գնալ, էկոնոմիկայի տեսանկյունից սա է ճիշտը: Օրինակ՝ ինձ շատ հաճելի է, որ ես Նյու Յորքում հայկական մթերքներ եմ գտնում, փոքր քայլ է, բայց առաջ տանող է»,-շարունակեց Գևորգյանը:
Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դոցենտը կարծում է, որ համաշխարհային վերջին ճշգնաժամից հետո Հայաստանը շատ է հետ ընկել, այժմ փորձում է առաջ ընկնել։
«Ես կողքից եմ նայում այս ամենին և տեսնում եմ, որ նոր մտքերի մեծ հոսք կա: Իրականում, վերլուծություններ են տարվում, որպեսզի հասկանան, թե որն է հիմնական շարժիչ ուժը»,-եզրափակեց տնտեսագիտության դոցենտը: