ՎՊ-ն չի ֆիքսել 217,5 մլն դրամի թարգմանության համար ծախսը. Տոնոյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ
Ինչպե՞ս են մսխվում պետական միջոցները և ինչո՞ւ Վերահսկիչ պալատը նման «մանրուքները» չի արձանագրում:
Ազգային Ժողովում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը բացահայտեց այդ բազմաթիվ մեխանիզմներից մեկը՝ հետաքրքրվելով Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանից, թե ինչու այն չի արձանագրվել նաև իրենց կողմից:
Ուշագրավն այն է, որ նախքան այս ելույթը ՎՊ նախագահը, ներկայացնելով 2016 թվականի հաշվետվությունները հայտարարեց, թե հանրային ֆինանսական կառավարման ոլորտում տեղաշարժ է նկատվում, քանի որ աղմկահարույց դեպքեր չեն արձանագրվում և իրենց վերահսկողության արդյունքներով ինքը չի կարող առանձնացնել որևէ աղմկահարույց դրվագ այս ոլորտում:
«Գերատեսչություններից մեկին թարգմանչական ծառայությունների համար հատկացվել է 217,5 մլն դրամ մոտավորապես 25 հազար էջի թարգմանության համար: Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ այդ թարգմանչական ծառայությունները մատուցվել են մոտավորապես 8500 դրամ մեկ էջի համար արժեքով, մինչդեռ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ թարգմանչական ծառայությունները տատանվում են 1500-5000 դրամի սահմաններում: Գուցե փետուրով գրիչներո՞վ են թարգմանություններն արվել»,- հետաքրքրվեց Տոնոյանը:
Յոլյանի խոսքով՝ Վերահսկիչ պալատը մեկ խնդիր ունի՝ կառույցը տալիս է արժանահավատության գնահատական: Իսկ պատգամավորի մատնանշած փաստը արդեն իսկ ֆիքսել են և տարվա ընթացքում, գտնելով, որ այն կարևոր է, գուցեև դրա նկատմամբ վերահսկողական միջոցառումներ կիրականացնեն՝ գուցե ծավալը մեծացնելով:
Իվետա Տոնոյանն էլ արձագանքեց, որ եթե խոսքը ՎՊ հանրային վստահության մասին է, ապա նման բացթողումների ու թերացումների համար գուցե ճիշտ է ԱԺ բարձր ամբիոնից բարձրաձայնել, որպեսզի հանրության մոտ կառույցի հանդեպ վստահությունը մեծանա: