Հայաստանը հարուստ է արևով, պետք է օգտվել բնական այս հարստությունից: Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է և հետագայում էլ կշարունակի առաջնային լինել Եվրոպական միության համար: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ Մոսկովյան փողոցում բացելով արևային վահանակով կանգառ, որն այսուհետ կրելու է «Եվրամիության արևային կանգառ» անվանումը:
Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն երկարաժամկետ աջակցություն է տրամադրում Հայաստանին տեղական, համայնքային ու պետական մակարդակով էներգաարդյունավետության խթանման նպատակով: Արդյոք դա միտված չէ Հայաստանին Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից դուրս բերելուն լրագրողների հարցին Սվիտալսկին արձագանքել է, թե Եվրամիությունն ամենայն լրջությամբ է վերաբերում Հայաստանի անկախությանը, իսկ էներգետիկ կախվածությունը շատ կարևոր գործոն է բոլոր պետությունների համար.
«Մեր գործունեության մեջ, որ իրականացնում ենք Հայաստանում, որպես թիրախ ընտրում ենք էներգետիկ անկախությունը: Ներկայումս ավելի քան 30 մլն եվրո դրված է էներգետիկ ոլորտի ընթացիկ ծրագրերում: Այս գումարի մեծ մասն, օրինակ, ուղղված է Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը, քանի որ ավելի լավ կապվածությունը և փոխկապվածությունը նպաստում է Հայաստանի էներգետիկ հզորացմանը: Մեր դիտարկմամբ՝ էներգիայի այլընտրանքային, վերականգնողական աղբյուրները, որոնք տվյալ պահին գուցե շատ ավելի փոքր բաժին ունեն, բայց ժամանակի ընթացքում շատ ավելի մեծ բաժին են ունենալու ընդհանուր ծավալի մեջ, արեգակնային էներգիային, որը որևէ երկրից կախված չէ՝ ամբողջովին ձերն է: Եվ այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որ չունի էներգետիկ աղբյուրներ՝ նավթ, բնական գազ, ածուխ, սա իսկապես կարևորագույն աղբյուր է: Ժամանակն է, որպեսզի այս ուղղությամբ ներդրումներ արվեն. բոլոր հայերն էլ ցանկանում են ունենալ ավելի էժան էներգիա և լինել առավել անկախ, իսկ Եվրամիությունը վստահ է, որ ժամանակի ընթացքում երկուսն էլ կլինեն»,- ասել է նա:
Սվիտալսկին նաև ընդգծել է, որ երկիրն ունի անհրաժեշտ գործոնները՝ բնություն, արև, մարդկանց ուղեղ, որը վերածվում է համապատասխան տեխնոլոգիաների: Պակասում են միայն ներդրումները, սակայն այդ հարցն է, նրա համոզմամբ, լուծելի է միջազգային աջակցությամբ:
Նշենք, «Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության շրջանակում Երևանում հանրային տրանսպորտի երկու կանգառներում՝ Բաղրամյան և Մոսկովյան փողոցներում, տեղադրվել են արևային վահանակներ, որոնք հնարավորություն կտան լիցքավորել բջջային հեռախոսներն ու գաջետները: Վահանակները կանգառներում կմնան մեկ տարի, իսկ այնուհետ կփոխանցվեն դրա կարիքն ունեցող հաստատությունների: