24.11.2024
ՀՀ-ն ու Վրաստանը կարևորում են երկկողմ և բազմակողմ հարթակներում գործարար կապերի խթանումը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը թուլացնում է վարչապետի զգոնությունը. ինչո՞ւ չի բացել խաղաքարտերը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե երեկ Սերժ Սարգսյանը, կառավարության նիստը վարելով, քաղաքական նոր շրջափուլի հիմք է դրել: Նա վերստին չի բացել խաղաքարտերը, հստակ չի ասել, թե վարչապետի պաշտոնում 2018-ին ով է լինելու, խոսել է ակնարկներով: Ասում են նաեւ, որ թեեւ նախագահն այս պահին լիարժեք վստահություն է հայտնել վարչապետին, սակայն դա չի նշանակում, որ խաղաքարտերը նույնպիսի դասավորություն կունենան վճռորոշ 2018-ին: ՀՀԿ-ում չեն բացառում, որ հնարավոր է այս պահին վարչապետի զգոնությունը թուլացնելու նպատակ է հետապնդվում, ահա եւ փափուկ բարձ են դնում գլխի տակ»:


«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հնարավո՞ր է Հայաստանում «թավշյա հեղափոխության» նման մի բան: Ես կարծում եմ՝ տեսականորեն հնարավոր է: Բայց դրա համար հարկավոր է նախ վճռականորեն սահմանազատվել «ոչ թավշյա» հեղափոխականներից՝ նրանցից ովքեր ցանկանում են հեղափոխություն անել զենքով, արյուն թափելով, օրենքն արհամարհելով: Բայց դա, իհարկե, քիչ է. կա ավելի սկզբունքային հարց, որն ինձ այս պահին անլուծելի է թվում: Իրականացնել «թավշյա հեղափոխություն» մեր եւ մեր «բախտակիցների» պարագայում այսօր նշանակում է դուրս գալ «հետխորհրդային» վիճակից (դրա բոլոր հոռի դրսեւորումներով՝ չթվարկեմ) եւ դառնալ Արեւելյան Եվրոպայի մաս: Ինչու Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցավ «թավշյա» հեղափոխություն (դեռեւս ոչ ակնհայտ հետեւանքներով): Որովհետեւ այդ երկրներում հասարակությունների մեծ մասը համաձայն էր դրա համար բարձր, շատ բարձր գին վճարել՝ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ որպես դրա հետեւանք, տարածքներ կորցնել: Մենք պատրա՞ստ ենք նման գին վճարել: Անկեղծ ասեմ՝ ես ոչ: Դեռեւս ոչ ոք ինձ չի համոզել, որ հնարավոր է այս աստիճանի կախված լինել Ռուսաստանից եւ չլինել «հետխորհրդային» երկիր, ինչպես նաեւ անել «թավշյա» հեղափոխություն եւ տարածքներ չկորցել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարի, երբ ՀՀ Վերաքննիչ դատարանի նախագահ նշանակվեց Վազգեն Ռշտունին, լուրեր կային, որ նա կլինի ՀՀ Վճռաբեկ դատարանի հավերժ նախագահ Արման Մկրտումյանի փոխարինողը, քանի որ 2018 թ. ապրիլին Մկրտումյանը կազատվի պաշտոնից: Ռշտունին Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի ընկերն է: Այդ առաքելությամբ վերաքննիչ գործուղված Ռշտունին իրեն արտոնյալ է զգում, եւ բոլոր այն դատավորները, որոնք թիրախավորված են նրա կողմից, դատավճիռ կայացնելուց հետո սրտի թրթիռով սպասում են, որ բողոքարկում չլինի: Եթե եղավ, վերաքննիչը կբեկանի: Բայց Ռշտունու հաղթարշավին խանգարում է ՀՀ Սահմանադրության 165 հոդվածը, որը սահմանում է՝ 40 տարին լրացած անձը կարող է ՎԴ նախագահ դառնալ: Ռշտունին մյուս տարի 38 կդառնա: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՎԴ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուն նախկին դատավոր, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է: «Ես նմանատիպ հարցով մեկնաբանություն չունեմ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Մուկուչյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով նշանակված դատական նիստերը փոթորկել են ոչ միայն դատական, ոստիկանական, փաստաբանական, դատախազական համակարգը, այլեւ քրեակատարողական հիմնարկների ու դատապարտյալների առօրյան: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մի շարք գործերով կալանավորված անձինք, որոնց դատաքննությունը նշանակված է այն օրը, երբ պետք է տեղի ունենա «Սասնա ծռերի» կամ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա ընկերների գործով դատաքննությունը, ուղղակի տապալվում են: Ինչո՞ւ, որովհետեւ հրահանգված է այդ օրերին որեւէ կալանավայրից որեւէ ազատազրկվածի դուրս չհանել: Ողջ ուժերը կենտրոնացված են «Ծռերի» վրա: Օրինակ՝ հունիսի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատարանի նախագահ Դավիթ Բալայանի նախագահությամբ, պետք է կայանար Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի նախկին ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանի մասով հարուցված քրեական գործով դատական նիստը: Սակայն դատական նիստը չի կայացել, քանի որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից կալանավորին չեն բերել դատարան»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ելք» խմբակցությունում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ լուրջ հակասություններ կան, մասնավորապես, խմբակցության ավագների միջեւ: Եթե ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Ելքի» երիտասարդ պատգամավորների հետ միասին, հաջողությամբ «խաղում է» իրենց հարմար դաշտում, ապա նույն խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը փորձում են ինքնուրույն վարել իրենց քաղաքականությունը: Արդյունքում վերջին երեքի հայտարարությունները, հարցազրույցներն ու ելույթները դառնում են իսկական զավեշտ ու լայն քննարկման առարկա: Այս ամենից բավականին հիասթափված է Ն. Փաշինյանը եւ փորձում է իրական ելք գտնել, քանի դեռ չի քանդվել «Ելքը»:


«Իրատես» թերթը գրում է. «Թե ինչ են հասկանում Հայաստանի պատկան մարմինները հումանիտար օգնություն անվան տակ, դժվար է ասել, որովհետեւ այն, ինչ փաթեթավորվում է եւ ուղարկվում այլ երկիր, այդ մասին ոչինչ չի հիշեցնում: «Իրատեսի» հետ զրույցում սիրիահայերը պատմեցին, որ օրերս Հայաստանից սնունդ եւ հագուստ են ստացել որպես օգնություն, սակայն երկուսն էլ` չափազանց վատ որակի: «Քեսաբի ծերերին հատկացվել են սնունդ եւ հագուստ: Սնունդը ուտելու բան չէ, իսկը «շան լափ», հագուստն էլ` բացառիկ անճաշակ, աննորմալ չափսերի: ՈՒղղակի թափել ենք, խայտառակություն է: Հագուստը նույնիսկ մուրացկանները չեն վերցնում: Ավելի լավ է չուղարկեն, ամոթ է: Հայաստանի բյուջեն թալանում են` սիրիահայերին օգնություն ցուցաբերելու անվան տակ»,- մեզ հետ զրույցում ասաց քեսաբահայ Վահե Մահշիկյանը: Պարզվում է, որ պետության գանձանակից գումարներ են հատկացվում մարդասիրական օգնության համար, իսկ թե ինչ ճանապարհով են դրանք տեղ հասնում եւ ինչի են վերածվում, դժվար է ասել: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ սա փող «լվանալու» ձեւերից մեկն է: Թեման բավական խնդրահարույց է, եւ առաջիկայում «Իրատեսը» կփորձի պատկան մարմիններից պարզաբանում ստանալ, թե այդ ինչպես է ստացվել, որ պետական միջոցներով անորակ եւ անպիտան սնունդ ու հագուստ են ուղարկվել Սիրիա` որպես մարդասիրական օգնություն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանը կնշի իր 63-ամյակը: Սովորաբար նա իր ծննդյան արարողությունները մեծ տոնախմբության չի վերածում: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրը էլի նշելու է ընտանեկան միջավայրում: Համենայն դեպս, ՀՀԿ առաջնորդի ծննդյան արարողությանը կմասնակցեն հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, իր մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանը եւ այլք: Նկատենք, որ ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ Սերժ Սարգսյանը այսօրվանից կարող է ստանալ ՀՀ աշխատանքային կենսաթոշակ, քանի որ մեր հանրապետությունում 63 տարեկանը համարվում է կենսաթոշակի անցնելու միասնական տարիք: Իհարկե, եթե նա դիմի՝ կենսաթոշակ ստանալու համար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 23–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որով Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի գումարը այսուհետ պետք է ուղղվի զոհված, մահացած եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Տվյալ որոշմամբ՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների հետեւանքով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխում է կատարվում, որով լուծվում են զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների անօթեւան ընտանիքների, ինչպես նաեւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան եւ բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպե՞ս է ընդունվել կառավարության այս որոշումը ոստիկանությունում: «Փաստի» աղբյուրների հավաստմամբ՝ բարձրաձայն ոչ ոք չի դժգոհել: Չէր էլ կարող: Սակայն որոշ պաշտոնյաներ, այնուամենայնիվ, «փնթփնթացել են»: Ինչո՞ւ հենց իրե՛նց արտաբյուջետային ֆոնդից: Թող ՊԵԿ–ից կամ կառավարությունից վերցնեին: Սովորաբար արտաբյուջետային ֆոնդի փողերը տվյալ ոլորտում համարում են իրենց օգուտը (ո՛չ անձնական, այլ գերատեսչության): Այդ է պատճառը, որ ոստիկանությունում որոշ մարդիկ համարում են, որ իրենց փողերը տարան»: