Արցախի հիմնախնդիրը չի լուծի լայնամասշտաբ պատերազմը։ Այս մասին հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսաքով, Ադրբեջանն անկանխատեսելի է դարձել, քանի որ այնտեղ ռազմական գործողություններր սկսման պատճառ կարող է դառնալ արտաքին դիտորդին անտեսանելի պատճառներ: «Երբ ես ասում եմ, որ հակառակորդն անկանխատեսելի է, հենց դա նկատի ունեմ: Երկրում, որտեղ չկա ժողովրդավարություն, ռազմական գործողություններ սկսելու առիթ կարող են դառնալ արտաքին դիտորդին անտեսանելի պատճառներ»,- ասաց նախարարը։
Միևնույն ժամանակ նա վստահություն հայտնեց, որ լայնամասշտաբ պատերազմ արցախյան ճակատում պետք չէ սպասել: «Ես գրեթե վստահ եմ, որ լայնամասշտաբ պատերազմ չպետք է լինի, քանի որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել հօգուտ Ադրբեջանի»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է Ադրբեջանին անդառնալի վնաս պատճառել։ «Ես նաեւ չեմ նվազեցնում վնասի մեծությունը, որը կարող է հասցվել Հայաստանին։ Մեկը մյուսին չի հակասում»,-նշեց Սարգսյանը։
Նախարարը կարծում է, որ լայնածավալ պատերազմի բացակայությունը չի բացառում տարբեր միջադեպերն ու սադրանքները։
«Կա ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի արդյունքում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնասներ իր տնտեսության և պետության համար: Գիտակցված գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, անմտություն կլիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից: Դա չի բացառում հնարավոր էսկալացիաներ, թիրախային հարվածներ հասցնելու հնարավոր վտանգները: Քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողություն չունեցող երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, նման որոշումներն ավելի հեշտ կարող են կայացվել: Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, այլ ելք չկա:
Այդ վտանգը չի կարող մեզ հիասթափեցնել այն աստիճան, որ մենք հրաժարվենք մեր երկիրը, մեր անվտանգությունը պաշտպանելու և խաղաղ իրավիճակում կառուցելու հեռանկարից: Մենք պետք է սովորենք ապրել տարածաշրջանային այն իրողության մեջ, որը կա՝ պահելով երկրի առաջընթացը բոլոր բնագավառներում»,ընդգծեց նախարարը:
Փորձագետները ևս համակարծիք են, որ թեպետ լայնամասշտաբ պաետրազմի հավանականությունը քիչ է, սակայն տարբեր միջադեպերն ու սադրանքներն առջնագծում կշարունակվեն իրականացվել: Նրանց որակմամբ Ադրբեջանն ընտրել է հյուծող պատերազմի ռազմավարությունը, որում Հայաստանն իր հույսը պետք է դնի միայն իր զինված ուժերի ու տնտեսական զարգացման վրա:
«Լայնածավալ ռազմական գործողությունների Ադրբեջանը չի գնա, նման ռիսկի չի գնա, քանի որ իրենց նավթուղին մեր սահմանից 20 կմ հեռավորության վրա է: Եթե սկուտեղի վրա Արցախը մատուցենք Ադրբեջանին, չի հրաժարվի, սակայն լայնամասշտաբ պատերազմ չի լինի, թեպետ կարող են լինել ավելի խոշոր ռազմական գործողություններ, ինչպես ապրիլին էր»,- նշում է «Ռազմինֆ» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Ընդհանրապես դեռևս 2014 թվականի օգոստոսի իրադարձություններից հասկանելի էր, որ Ադրբեջանն ընտրել է ռազմական գործողությունների ճանապարհը, որը սոսկ սադրանք անվանել էլ չի կարելի: 2016 թ-ի ապրիլյան ռազմական բախումներից հետո շփման գծում բավականին աշխատանքներ են տարվել, սակայն դրանք հիմնականում դիվերսիոն ներթափանցման փորձեր կանխարգելելու համար են: Հրետանային հարվածներից տեսախցիկները և այլ մյուս մեխանիզմները չեն պաշտպանի:
Առաջնագծի կահավորման և վերազինման արդյունքում, ըստ փորձագետների, այժմ հայկական կողմն մենք ավելի վաղ է արձանագրում հակառակորդի զորքերի տեղաշարժը:
Միևնույն ժամանակ բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը համոզված է, որ Բաքուն կշարունակի գործել հյուծող պատերազմի տրամաբանության ծիրում՝ վնաս հասցնելով հայկական կողմերին այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել քայլեր իրավիճակի փոփոխման ուղղությամբ: Նրա գնահատմամբ, իրավիճակը կփոխվի այն այն ժամանակ, երբ Ադրբեջանը կսկսի հասկանալ, որ իր վարած քաղաքականությունն իրեն սպառել, այլևս հաջողություն չի բերում:
«Հակառակորդը պետք է հասկանա, որ իր արարքները նաև իր վրա կարող են հետևանք թողնել: Ադրբեջանի վերաբերմունքը բանակցային գործընթացի նկատմամբ կարող է փոխվել օրինակ, եթե Բաքուն տարածքային կորուստներ ունենա»,- ընդգծում է Արթուր Մարտիրոսյանը: