23.11.2024
Ադրբեջանը դարձել է անկանխատեսելի. հնարավո՞ր է լայնամսշտաբ պատերազմ. մեկնաբանում է նախարարը
prev Նախորդ նորություն

Երևանը բացասաբար է գնահատում ցանկացած զենքի մատակարարում Բաքվին. նախարար

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բացասաբար է վերաբերվում ցանկացած, այդ թվում ռուսական սպառազինության մատակարարմանն Ադրբեջանին: Այս մասին Վիգեն Սարգսյանը հայտարարեց հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ռուսական սպառազինության մատակարարումների մասին վերջերս պաշտոնական Բաքվի տարածած հայտարարությունը:


Ասուլիսի ընթացքում Վիգեն Սարգսյանը նախ հիշեցրեց, որ բազմիցս անդրադարձել է այս հարցին և գնահատականները չեն փոխվել: «Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել պատասխանել այդ հարցին: Մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել»,- ընդգծեց նախարարն ու հավելեց, որ որևէ պաշտոնյա Հայաստանում ոգեւորված չէ, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում:


Oրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր տեսանյութ, որում երևում էր Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարված զինտեխնիկայի հերթական խմբաքանակը՝ «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։


Վիգեն Սարգսյանի խոսքով, Ադրբեջանն այնքան անկանխատեսելի պետություն է, որ սպառազինության մատակարարումը հղի է լուրջ վտանգներով՝ լինի ռուսական, թուրքական, իսրայելական կամ այլ սպառազինություն, եւ անհնար է կանխատեսել, թե ով եւ ինչ որոշում կկայացնի այդ երկրում ցանկացած պահի:


Անդրադառնալով Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությանը՝ նախարարը նշեց, որ Երևանն ունի Մոսկվայի հետ փոխգործակցության իր ծրագիրը: «Դա ռազմավարական գործընկերությամբ պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիրն է եւ մենք բավարարված ենք, թե ինչպես է այդ ծրագիրը իրականացվում: Դա հավակնոտ ծրագիր է», - ընդգծեց նա՝ հավելելով, որ երկկողմ ձեւաչափով քննարկվող հարցերի շրջանակը լայն է:


«Այն խնդիրները, որ բարձրացնում ենք Ռուսաստանի հետ երկխոսության մեջ, շատ ավելի երկարատեւ եւ կայունացնող են, քան ուղղակի զենքի մատակարարումը», - ընդգծեց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանը սպառազինություն է ստանում Ռուսաստանից ոչ թե շուկայական, այլ ներքին գներով, որոնք անհամեմատ ավելի ցածր են: «Մենք սպառազինություն ենք ստանում Ռուսաստանից: Ձեռք ենք բերում ՌԴ-ի ներքին գներով: Այն մեզ համար կարեւոր շուկա է»,- փաստեց նախարարը: