24.11.2024
Հայաստանը և ՌԴ-ն փնտրում են խոհրդարանական համագործակցության նոր ձևաչափեր
prev Նախորդ նորություն

Մամուլ. Միլլերը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Կարեն Կարապետյանի քաղաքական ապագան

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում կադրային փոփոխություններն ու գոտիները ձգելու կոչը շարունակում են կյանքի կոչել: «Իրավունքի» տեղեկություններով կադրային փոփոխություններ կլինեն տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր կազատվեն աշխատանքից, եւ որ «պոստերում» կլինի օպտիմալացում: Չի բացառվում՝ նախարար Սուրեն Կարայանը եւս հրաժեշտ տա իր պաշտոնին, եթե խոստացված ներդրումները տեսանելի չլինեն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՏՄ անդամ երկրներից Բելառուսը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել: Նրանք դժգոհել են, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը իր պաշտոնական կայքէջում պետական գնումների, նաեւ գնումների վերաբերյալ մրցույթների մասին հայտարարությունները միայն հայերենով է տեղադրում, ինչը հակասում է ԵՏՄ պայմանագրի՝ 29.05.2014 թվականի 88 հոդվածի 1-ին մասին: Արդյունքում դժվարանում է Բելառուսի կողմից որպես մատակարար Հայաստանի պետական գնումներում մասնակցելու գործընթացը. այս փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ահազանգել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով նաեւ ԵՏՄ կայքում տեղադրված փաստաթուղթը:


Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն: Փոխնախարար Կարեն Թամրազյանը, ի պատասխան, տեղեկացրել է, որ այդ հարցը սկսել է քննարկվել դեռ 2015թ-ից, եւ դրա վերաբերյալ 2016թ. հուլիսի 5-ին եւ դրանից հետո անդամ-երկրների ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել խորհրդակցություններ: Փոխնախարարը նաեւ նշել է, թե ՀՀ-ում կազմակերպվող գնումների վերաբերյալ տեղեկատվությունը (այդ թվում՝ ռուսերեն) պետական գնումների կայքում հրապարակման ուղղությամբ 2016 թվականի հուլիսից ի վեր իրականացվել ու իրականացվում են համապատասխան միջոցառումներ: Միայն թե նկատենք, որ Բելառուսի բողոքի մասին փաստաթուղթը հրապարակվել է այս տարի նոր միայն, չնայած, ՀՀ պաշտոնյայի պնդմամբ, խնդիրը քննարկվել ու ընդհանուր հայտարարի են եկել դեռ նախորդ տարվա հուլիսին: Այսինքն՝ ԵՏՄ անդամ երկիրն, այնուամենայնիվ, շարունակում է բարձրացնել առաջ քաշած հարցը՝ անհարմար դրության մեջ դնելով Հայաստանին»:


«Իրատես» թերթը գրում է. «Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շատ «ինքնատիպ» վերաբերմունք ունի իր սեփական բիզնեսներում մասնագիտական ներդրումներ ունեցող աշխատողների հանդեպ: Նրա բիզնեսներից մեկի` «Ալեքս տեքստիլի» կայացման գործում մեծ ներդրում է ունեցել լիբանանահայ մի մասնագետ, որը հետագայում ստիպված հեռացել է աշխատանքից, քանի որ նյարդերը չեն դիմացել: Հիշեցնենք, որ այս բիզնեսը հանձնվել է օլիգարխի աղջկա կառավարմանը: Մեր տեղեկություններով, թեեւ բիզնեսը տնօրինում է Աստղիկ Ալեքսանյանը, սակայն մեծահարուստի քույրերն ու մյուս հարազատները սեփական վերահսկողությունն են սահմանել աշխատողների վրա եւ թույլ չեն տալիս մասնագետ-դիզայներներին ստեղծագործաբար վերաբերվել աշխատանքին: Վերջիններս էլ ստիպված թողնում-հեռանում են: «Victoria’s Secret»-ից լավ արտադրանք ենք տալիս, էլ ի՞նչ են ուզում»,- դժգոհում են աշխատակիցները»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերի վերջին երեւանյան այցի հիմքում էներգետիկ խնդիրներն էին, այնուհանդերձ, թե Սերժ Սարգսյանի, թե Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների ընթացքում չեն անտեսվել նաեւ քաղաքական որոշ հարցեր: Մասնավորապես խոսել են ներկայիս կառավարության գործունեության եւ վարչապետի հեռանկարների շուրջ: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, Ա. Միլլերի հետ զրույցում Սերժ Սարգսյանը բավականին դրական է գնահատել Կարեն Կարապետյանի գործունեությունը եւ հեռանկարները: Պատահական չէ, որ «Գազպրոմի» նախագահը հեռուստաընկերություններին տված կարճ հարցազրույցում նույնպես հատուկ շեշտել է, որ Հայաստանի տնտեսությունում լուրջ աշխուժություն է նկատվում»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը Երեւան քաղաքի թիվ 1 ընտրատարածքը ներառող Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գրասենյակներ է բացում: Armtimes.com-ը Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածում տեսանկարահանել է այդ գրասենյակներից մեկը, որը տեղակայվել է Միհրան Պողոսյանին պատկանող նախկին «Ֆլամինգո» սուպերմարկետի տարածքում: Այդ տարածքն առավել հայտնի է 5-րդ զանգվածի «փռի շենք»:


Գրասենյակը գրեթե կահավորվել է, իսկ ապակիների վրա փակցված է «Քեթրին» հասարակական կազմակերպության տարբերանշանը: Ի դեպ, այս գրասենյակի վրա փակցված է նաեւ, որ այն «Քեթրին» ՀԿ-ի «Նոր Նորք» մասնաճյուղն է: Թե ինչ նպատակով է Միհրան Պողոսյանը գրասենյակաշինությամբ զբաղվում, կարելի է միայն ենթադրել, որոշ հանգամանքներ վերհիշելով: Խորհրդարանական ընտրություններից առաջ մամուլում շատ գրվեց այն մասին, որ Միհրան Պողոսյանը Երեւանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի: Իհարկե, քարոզարշավի շրջանակներում նա հերքում էր, թե տարաձայնություններ ունի Տարոն Մարգարյանի հետ, բայց չէր հերքում իր հավակնությունների մասին լուրերը:


«Քեթրին» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջն ամբողջությամբ ողողված է Միհրան Պողոսյանի գործունեությամբ, կարելի է վստահ ասել, որ այդ ՀԿ-ն նախկին ԴԱՀԿ պետի համար PR արշավ կազմակերպելու համար պատրաստի հարթակ է: Ֆեյսբուքյան այդ էջից էլ իմանում ենք, որ Ավան վարչական շրջանում նույնպես գրասենյակաշինություն է տեղի ունենում: «Հարգելի՛ քաղաքացիներ, շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ «Քեթրին» ՀԿ Ավանի մասնաճյուղի բացումը հետաձգվում է։ Բացման օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկանում ենք նույն էջից: Մի փոքր էլ խորանալով ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում, պարզում ենք նաեւ, որ Միհրան Պողոսյանը գրասենյակ կբացի նաեւ Մոնումենտում եւ Քանաքեռում: Ստացվում է, որ 3 վարչական շրջանում Միհրան Պողոսյանն ավելի շատ գրասենյակ կունենա, քան հենց ՀՀԿ-ն: Ըստ էության, Միհրան Պողոսյանը փորձում իր ազդեցությունն ավելի մեծացնել Երեւան քաղաքում»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածի եւ եկամուտների հայտարարագիրը: Նա ունի մեկ առանձնատուն, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական շինություն, երեք հողամաս: Որպես շարժական գույք Արգամ Աբրահամյանը հայտարարգրել է MERCEDES-BENZ 500 S եւ RANGE ROVER SPORT տեսակի մեկական ավտոմեքենա: Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է նաեւ 1 միլիարդ 888 միլիոն դրամ, 69 միլիոն դրամ եւ 86 միլիոն դրամ արժողությամբ երեք տարբեր ընկերություններում: Պատգամավոր ընտրվելու ժամանակ Արգամ Աբրահամյանն ունեցել է 450 միլիոն դրամ, 350 հազար դոլար եւ 45 հազար եվրո: Պատգամավորի եկամուտները գոյացել են վարձակալության դիմաց ստացած վճարից (4 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.8 մլն դրամ) եւ աշխատանքի վարձատրությունից (612 հազար դրամ): Արգամ Աբրահամյանի եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 9.4 միլիոն դրամ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդույթի համաձայն, ՀՀԿ խմբակցությունում հազվադեպ են լինում մեծամասնությունից տարանջատվողներ՝ թիմի դիրքորոշումից շեղվելը, այլ կերպ քվեարկելն այստեղ արգելված են։ Սակայն որոշ նորեկներ, հավանաբար, դեռ լավ չեն յուրացրել այս կանոնը՝ ԱԺ առաջին իսկ նիստում Վահան Հարությունյանը, Սերժ Սարգսյանի ընկերոջ՝ «Միկմետալի» Միշայի որդին, դեմ քվեարկեց Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքին, քանի որ առաջարկներ էր արել, որոնք չէին ընդունվել:


«Չի՞ արժանացել արդյոք կուսակցության նախատինքին՝ չենթարկվելով չգրված օրենքներին, թե՞ ինքն արտոնյալ է, եւ իրեն ամեն ինչ կարելի է» մեր լրագրողի հարցին ի պատասխան, Վահան Հարությունյանը նախ զարմացել է, թե նման կարգեր ՀՀԿ-ում գոյություն չունեն։ «Իսկ որտե՞ղ է նման բան գրված, կներեք»։ Ապա վստահեցրել է, որ իր քվեարկությունը խնդրո առարկա չի դարձել: Նորաթուխ պատգամավորն ասել է նաեւ, որ ակտիվ պատգամավոր է լինելու, տնտեսական նախագծեր է ներկայացնելու, սակայն չի մանրամասնել, թե ինչ նախագծեր: «Նախագահի մտերիմը լինելուց բացի, էլ ո՞ր արժանիքի համար են իրեն ընդգրկել ՀՀԿ ցուցակում» հարցին էլ ընդհանրապես չի պատասխանել»: