Ադրբեջանը ուշացնում է իսրայելական սպառազինությունների գնման որոշ պայմանագրերի դիմաց վճարումները: Օրինակ, արդեն առկա են որոշ ուշացումներ ԱԹՍ-ներ արտադրող Aeronautics Systems ընկերության հետ աշխատանքում: Այս մասին The Armenian Interest պարբերականում հրապարակած իր հոդվածում գրում է Անվտանգության և հետախուզության հարցերով իսրայելացի փորձագետ, Հարվարդի համալսարանի Նիմանի հիմնադրամի աշխատակից Յոսսի Մելմանը:
Իսրայելի կողմից Ադրբեջանին 5 մլրդ դոլարի զենքի մատակարարման պայմանագրի մասին հայտարարվեց Նեթանյահուի Ադրբեջան կատարած կարճաժամկետ այցի ընթացքում, որին անձամբ ներկա էի: Նրա խոսքով, դա Իսրայելի ռազմական արդյունաբերության համար խոշոր համաձայնագիր է, և այդ պատվերի ապահովումը կտևի մի քանի տարի: «Սակայն ես համոզված չեմ, որ արդյունքում այն կհասնի այդ ահռելի գումարին», - վստահ չէ նա:
Նրա համոզմամբ, այդ համաձայնագիրը ուղղված չէ Հայաստանի դեմ: «Այն Ադրբեջանի և Իսրայելի երկար տարիների ընթացքում կառուցված ռազմավարական համագործակցության մաս է: Պարզապես քարտեզին նայեք, և իսկույն պարզ կդառնա, թե ինչու՞ է Իրանի հետ սահմանակցող Ադրբեջանը հանդիսանում Իսրայելի կարևոր դաշնակիցը: Փոխադարձ աշխատանքը ևս Իսրայելի քաղաքականության տարր է, որի նպատակն է պահպանել իր՝ սպառազինությունների արտադրության և արտահանման համաշխարհային առաջատարներից մեկի դիրքերը: Իհարկե, դա ամրապնդում է Ադրբեջանի ռազմական հզորությունը, և ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա: Ես չեմ կարծում, որ Իսրայելը ճնշում կգործադրի Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս իրենից գնած սպառազինությունները Հայաստանի դեմ օգտագործի: Իսրայելը կխոսի այն պարագայում, եթե իր զենքն կիրառվի խաղաղ բնակչության դեմ կամ խախտի միջազգային նորմերը»,- ասել է Մելմանը:
Ավելի վաղ Հայաստանն Իսրայելին իր վրդովմունքն էր հայտել Ադրբեջանին մեծ քանակությամբ սպառազինություններ մատակարարելու համար: Երևանի դժգոհությունը հիմնականում վերաբերում էր Ադրբեջանին իսրայելական հարվածային կամիկաձե ԱԹՍ-ներ տրամադրելու խնդրին: Այդ զինատեսակն ակտիվորեն կիրառվեց ադրբեջանական ԶՈւ-ի կողմից 2016 թ-ի ապրիլյան զինված բախումների ժամանակ: Նրանցից մեկը հարվածել էր կամավորներ տեղափոխող ավտոբուսին, որի հետևանքով 7 մարդ զոհվեց:
Այդ ժամանակ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել էր Իսրայելի ԱԳՆ ներկայացուցչի հետ և խորը դժգոհություն հայտել Ադրբեջանին զինելու կապակցությամբ:
Այդ օրերին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց, որ Իսրայելը նաև Հայաստանին է առաջարկել այն զենքը, որը վաճառել է Ադրբեջանին: Հարցին, թե ինչո՞ւ մենք ձեռք չենք բերել, Տոնոյանը պատասխանել է. «Որովհետև դրա անհրաժեշտությունը չի եղել, մենք այլ լուծումներ ենք տվել դրան, և ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում: Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաև հասարակ գրանատոմյոտով (նռնականետով), դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը որոշ բաների մասին ասում է»:
Միևնույն ժամանակ Յոսսի Մելմանը չի կարող ասել, որ Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունները ինչ-որ կերպ կամրապնդեն հրեական պետության դիրքերը տարածաշրջանի մյուս պետությունների հետ հարաբերություններում: «Իսրայելի քաղաքականությունն ուղղված է բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են համագործակցության բոլոր ոլորտներում՝ դիվանագիտական, առևտրի, ռազմական և հետախուզության: Իհարկե, Իսրայելը պետք է զգույշ լինի հակամարտող պետությունների հետ հարաբերություններում: Այսպես, Իսրայելը հիանալի փոխհարաբերություններ ունի Վրաստանի հետ, սակայն երբեք չի մոռանում Ռուսաստանի դերի մասին, որի հետ նույնպես առկա է շատ սերտ համագործակցություն, այդ թվում՝ Սիրիայի հարցում», - ասել է նա:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, ըստ փորձագետի, մեկ տարի առաջ երկու երկրները վերջապես կարգավորեցին իրենց հարաբերությունները՝ վեց տարվա սառեցումից հետո: «Սակայն, այլևս անհնար է վերադանալ 80-90 ականների այն հին և բարի ժամանակներին, երբ Թուրքիան և Իսրայելը սերտորեն համագործակցում էին ռազմական ոլորտում, անցկացնում էին համատեղ զորավարժություններ և փոխանակվում էին Սիրիայի և Իրանի վերաբերյալ հետախուզության տվյալներով:
Այսօր միջազգային իրադրությունը տարօրինակ համագործակցություններ է ստեղծում. շիական Իրանը և քրիստոնյա Ռուսաստանը աջակցում են քրիստոնյա Հայաստանին, մինչդեռ հրեական Իսրայելը սերտորեն համագործակցում է մահմեդական (մասամբ շիական) Ադրբեջանի հետ:
Ընդհանուր առմամբ, ես հավատում եմ, որ Իսրայելը հասունացել է նաև Հայաստանի հետ աշխատելու համար, սակայն նախաձեռնությունը պետք է լինի Հայաստանի կողմից, ինչը, ըստ իս, շատ դժվար կլինի վերջինիս համար», - ասել է իսրայելացի փորձագետը: