Լավագույն պաշտպանությունը հարձակումն է. Ալիևը մեղադրել է Հայաստանին ու բողոքել ՄԽ-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ շփման գծում վերջին սրացման համար մեղավորը հայկական կողմն է և Հայաստանի ղեկավարությունը պետք է կրի պատասխանատվություն հրադադարի ռեժիմի վերջին խախտումների համար:
«Հայաստան և Ադրբեջանի օկուպացված տարածքներ ձեր վերջին այցից հետո, ինչպես նաև Բաքու այցելելու նախօրեին Հայաստանը շփման գծում հերթական սադրանքին է դիմել Ադրբեջանի դեմ, ինչի հետևանքով զինծառայող է զոհվել: Ադրբեջանական բանակը ինչպես միշտ արժանի հակահարված է տվել, որի արդյունքը ձեզ հայտնի է: Բայց այս ամենը ինձ համար զարմանալի չէ, քանի որ հայկական կողմը միշտ կարևոր նմանատիպ միջոցառումներից առաջ նման սադրանքների է դիմում»,- դիմելով համանախագահներին հայտարարել է Ալիևը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան և Արցախ այցից հետո Ադրբեջանը սրեց իրավիճակը շփման գծում, ինչի հետևանքով չորս հայ զինծառայող է զոհվել, ևս երկուսի համար բժիշկները ներկայումս պայքարում են. նրանք տեղափոխվել են Երևան և վիրահատվել:
Միաժամանակ Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, թե «ադրբեջանական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը» և մեղադրել Հայաստանին, թե հենց նա է փորձում ամեն գնով խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
«Հայաստանը ցանկանում է կենտրոնացնել միջնորդների ուշադրությունը միայն անվտանգության հարցերի վրա և ամեն ինչ օգտագործում է որպես առիթ, որպեսզի մեղադրի Ադրբեջանին հրադադարի ռեժիմի պահպանման խախտման համար»,- բողոքել է Ալիևը համանախագահներին:
Հիշեցնենք նաև, որ հակամարտության տարիների ընթացքում գրեթե առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահները մեկ ամիս առաջ հստակ մատնանշեցին հրադադարի ռեժիմի խախտման հասցեատիրոջը՝ Ադրբեջանին.
«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ»,- նշվում էր համանախագահների տարածած հայտարարության մեջ, որը հարուցել էր պաշտոնական Բաքվի դժգոհությունը: