Ո՞վ է բլոգեր Լապշինի գործով դատավոր Աբբասովը
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ նախապատրաստական դատական նիստը նշանակված է հունիսի 22-ին:
Քրեական գործը հանձնվել է ծանր հանցագործություններ քննող Բաքվի դատարանի դատավոր Ալովսաթ Աբբասովին:
Նշենք, որ դատավոր Աբբասովը հայտնի է ոչ միայն Ադրբեջանում, այլև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, քանի որ հենց նրա նախագահությամբ էր ընթանում սկանդալային «Նարդարանի գործով» դատավարությունը: Ի դեպ, Աբբասովը զրկել էր բոլոր 18 մեղադրյալներին նիստերին մասնակցելու իրավունքից։ Հիշեցնենք, Նարդարանում 2015-ի նոյեմբերի 26-ին հրաձգության ընթացքում սպանվել էր 6 մարդ, այդ թվում երկու ոստիկան։ Այս գործով պատասխանատվության է կանչվել մոտ 80 մարդ, հիմնականում «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներն ու կողմնակիցները։ Նրանց մեղադրում են սահմանադրական կարգի բռնի փոփոխության փորձի, զինված հանցավոր խումբ կազմակերպման մեջ։
Աղմկահարույց դատավարության ժամանակ Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում Ադրբեջանի իշխանություններին հորդորել էր ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ խոշտանգումների միջոցով ստացված ցուցմունքները չեն կարող ապացույց համարվել, և «Նարդարանի գործով» մարդիկ պետք է ազատ արձակվեն։ Amnesty İnternational–ը նաեւ հայտարարել էր, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն «Նարդարանի գործով» դատապարտյալների դեմ խոշտանգումներ իրականացրած անձինք...
Հիշեցնենք, որ «Նարդարանի գործ-1»–ով Բաքվի դատարանը երկարատև ազատազրկման դատավճիռներ էլ կայացրել «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեի և ևս 17 մարդու նկատմամբ։