23.11.2024
Թեհրանի արքեպիսկոպոս. Իրանն` անվտանգ վայր է հայ համայնքի համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի զինուժը հրթիռ է արձակել. ԵԱՀԿ ՄԽ-ն առաջին անգամ հասցեական է խոսում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հանդես են եկել հայտարարությամբ։


«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։


Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ։


Իրարամերժ տեղեկություններ կան այս հարվածների նշանակետերի, ինչպես նաև մարդկային կորուստների և վնասների մասին։ ԵԱՀԿ Մինսկի համանախագների խումբը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքագրել լրացուցիչ տվյալներ ու վերլուծություններ՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար»,-նշվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ։


Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները նաև դատապարտում են հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին կոչ են անում խուսափել իրավիճակի սրացումներից։


Սա կարելի է համարել նախադեպային հայտարարություն, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջին անգամ հասցեական արձագանքել է Ադրբեջանի գործողություններին։


Հիշեցնենք, որ այսօր առաջին անգամ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հասցեական հայտարարություն է արել նաեւ Ռուսաստանը: Մասնավորապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում վերջին շրջանում աճող լարվածությանն ու հայտարարել.«Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»: