VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխատանքները: Ըստ մեր աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ: Ըստ այդմ, նախարարության ստորին օղակից մինչեւ վերին օղակ սկսել է «վերանորոգել», «վերակառուցել»: Նա անհեթեթ է համարել այն մարդկանց ներկայությունը նախարարությունում, որոնք ուղղակի գրանցված են ու բարձր աշխատավարձ են ստանում` չունենալով օգտակարության որեւէ գործակից: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը սկսել է բեռնաթափել բաժինները եւ, այսպես ասած, պատահական մարդկանցից ազատվել: «Ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ». հայտնի այս խոսքը, թերեւս, Վիգեն Սարգսյանի մտքում անընդհատ պտտվում է այս ամիսներին, քանի որ նախկին նախարարը բավական մեծ ու տարատեսակ խնդիրների առաջ է կանգնեցրել նրան: Ասում են՝ այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել, որ նախարարը զարմացել է, թե ինչպես կարող է գերատեսչության ղեկավարը նման երեւույթները չկանխել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Կընտրեն նոր վարչություն ու կներկայացնեն անելիքները՝ հռչակելով, որ կուսակցությունը կողմ է «արտահերթ» լուծումներին։ Եվս մեկ անգամ կշեշտվի քաղաքական ուժերի խոշորացման կարեւորությունը, ի դեպ, այս ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենում տարբեր ուժերի ղեկավարների, ինչպես նաեւ Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի հետ, առաջարկվել է մեկ կուսակցություն դառնալ։ «Հրապարակ»-ի աղբյուրի պնդմամբ, «Ժառանգությունում» մեծ ամբիցիաներ չունեն եւ պատրաստ են խոշոր միավորման դեպքում անգամ հրաժարվել բրենդային անվանումից։ Շաբաթ օրն էլ ընդլայնված կազմով խորհրդի նիստ է տեղի ունեցել, մասնակցել են եւ Արմեն Մարտիրոսյանը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Քննարկել են ԱԺ ընտրությունների հարցը, թե ճի՞շտ էր արդյոք ՕՐՕ դաշինքի ձեւավորումը, ինչ կլիներ, եթե «Ժառանգությունը» միայնակ մասնակցեր կամ «Ելք»-ի հետ։ Հանգել են այն մտքին, որ իշխանությունը ցանկություն չի ունեցել «Ժառանգությանը» խորհրդարան տանելու, եւ «Ելք»-ի հետ բանակցություններն էլ այդ պատճառով են տապալվել։ Շարքերին ավելի համոզիչ թվալու նպատակով հնչել է նաեւ այն միտքը, որ «Ելք»-ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»։
«168 ժամ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանն ու Ռուսաստանը որոշեցին եւ ստեղծեցին Միացյալ զորամիավորում։ Ռուս փորձագետներն այն որակեցին՝ որպես պատմական իրադարձություն, քանի որ միայն միասնական զորամիավորումը կարող է լիարժեքորեն պատասխանել ժամանակակից սպառնալիքներին։ Ընդ որում, ռուսական կողմի համար այս միավորումը կարեւոր է նրանով, որ առանց Հայաստանի անվտանգության համակարգի ուժեղացման, ինչպես փորձագետներն են ասում, կփլուզվի ռուսաստանյան անվտանգության համակարգը տարածաշրջանում։ Զորամիավորման ստեղծումը լրջորեն անհանգստացրել էր ադրբեջանական կողմին, քանի որ այն կարող է միջամտել հայ-ադրբեջանական բախումներին, եթե դրանք ծագեն պետական սահմանի երկայնքով:
Օրեր առաջ՝ հունիսի 8-ին, Ադրբեջանը կրկին գնդակոծեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղը՝ «ՊԿ» եւ «ԴՇԿ» տիպի գնդացիրներից եւ հրաձգային զենքերից: Որեւէ պաշտոնական արձագանք ռուսական կողմից մինչ այժմ չի եղել։ «168 ժամ»-ը ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանից հետաքրքրվեց՝ արդյոք ռուս գործընկերները չպե՞տք է արձագանքեին նման միջադեպերին։
«ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, իհարկե, հարձակումը մեր պետության վրա դիտարկվում է՝ որպես հարձակում բոլորի վրա։ Այդ առումով կարելի է ենթադրել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում մենք իրավունք ունենք առնվազն ակնկալել աջակցություն։ Բայց ընթացակարգերը, որոնք նախատեսում են այդպիսի աջակցություն, առաջին հերթին՝ սկսվում են տվյալ երկրի կողմից գործընթացի առաջմղմամբ, այսինքն՝ ներկայացմամբ։ Եթե երկիրը չի դիմում այդ կազմակերպությանը, անվտանգության որեւէ սպառնալիքի վերաբերյալ չի ահազանգում եւ օգնություն չի խնդրում, ավտոմատացման այնպիսի համակարգ չկա, որ իրենք, առանց որեւէ մեր դիմումի, գան ու մեզ օգնեն, ինչ-որ ռազմական գործողություն կատարեն»,- ասաց նա։
Ի պատասխան մեր ճշգրտմանը, որ խոսքը հենց հայ-ռուսական ռազմական համագործակցության եւ վերջերս ստեղծված միասնական զորախմբի մասին է, Մ. Իսրայելյանը նշեց, թե նույն տրամաբանության շրջանակներում կարելի է պատասխանել նաեւ հայ-ռուսականին, քանի որ, եթե ինչ-որ մեկից աջակցություն կամ օգնություն չես խնդրում, առանց խնդրանքի՝ ոչ մի բան չեն անի. «Եթե Հայաստանը որոշի, որ մենք մեր ուժերով չենք կարողանում մի գյուղ պաշտպանել, պետք է դիմենք Ռուսաստանին, բնականաբար, կդիմենք»։ «Բաղանիսում, ճիշտ է, կրակոցներ լինում են, բայց վերջին զոհը, հովիվի դեպքը եթե չհաշվենք, վերջին մի 10 տարում մեկ թե երկու կով է եղել»,- հավելեց ՊՆ պաշտոնյան»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք՝ նրանք ձերբակալվել էին դեռ 2014թ-ին մի գործի շրջանակներում կաշառք վերցնելու մեղադրանքով: Մեր տեղեկություններով՝ այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով: Բայց քանի որ կոնկրետ փաստեր ու բողոք չէր եղել, հնարավոր չէր եղել ապացուցել գումար վերցնելու փաստը: Եւ կաշառք տված Գալստյանները այս թեմայով աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ իրենց գործը ցանկալի ընթացք չի ստացել: Սակայն նկատենք, որ այս ժամանակ մահացել է կարեւոր վկաներից մեկը՝ դատախազի բարեկամը, որն ըստ ցուցմունքների՝ Գալստյաններից վերցրել է գումարն ու չի տվել դատախազին: Ինչպես նկատվում է՝ գործը մտնում է փակուղի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները լրջորեն պատրաստվում են Արտաշատի քաղաքապետի ընտրություններին։ Հովիկ Արգամիչի ազդեցությունը մարզում չեզոքացնելու հարցում նախագահը որոշել է վերցնել բոլոր ստրատեգիական կառույցները։ Նա հորդորել է Ալիկ Սարգսյանին գնել Արտաշատի հեռուստաընկերությունը՝ «տուն է, պետք կգա սկզբունքով», Սերգեյիչն էլ լսել եւ հնազանդվել է։ Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել Արգամ Աբրահամյանի՝ խորհրդարան գնալուց հետո, եւ այժմ իշխանությունն ամեն բան անում է, որ քաղաքապետ չդառնա Աբրահամյանների թեկնածուն։ Մամուլը տեւական ժամանակ գրում էր, որ նրանք հնարավոր է առաջադրեն փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանին՝ Կարինե Պողոսյանի եղբորը։ Իշխանական, մասնավորապես մարզի նոր տերերի՝ Ավշարի Գրիգորյանների թեկնածուն, ասում են, Գազի Հովոն է: Ըստ որոշ լուրերի, քաղաքապետի հավակնություններ ունի նաեւ նախկին ոստիկանապետ, ներկայում Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը։ Նրանից մեկնաբանություն վերցնել չհաջողվեց՝ երեկ նա չէր պատասխանում մեր զանգերին: Իսկ Արտաշատի տեղական հեռուստաընկերության («Տելելեքս») տնօրեն Արթուր Գեւորգյանը մեր հարցը լսելուն պես սկզբում լրջացավ, հետո ծիծաղեց, ապա հետաքրքրվեց, թե որտեղից այդ ինֆորմացիան, վերջում նոր հերքեց»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանական վերնախավում քննարկվում է Գագիկ Հարությունյանի հեռանալուց հետո ՍԴ նոր նախագահի նշանակման հարցը: Ինչպես հայտնի է, Գ. Հարությունյանը կպաշտոնավարի մինչև 2018–ի մարտ ամիսը: «Փաստի» տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները երեքն են՝ Վարդան Պողոսյանը, Հրայր Թովմասյանը, Գևորգ Կոստանյանը: Մեր տվյալներով` Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը առանձնապես ոգևորված չեն այս պաշտոնում իրենց անունները հիշատակելուց»: