Պետմիջոցները պետք է տնտեսել ոչ թե անապահով խավի, այլ հասցեականության բարձրացման հաշվին
Պետությունը պատասխանատվություն է կրում սոցիալապես անապահով իր քաղաքացու համար: Բայց մեր եկամուտներին համապատասխան մենք ավելի շատ ենք ծախսում, քան տրամաբանություն կա և այդ իսկ պատճառով աճող տնտեսության համար հիմքեր չենք ստեղծում: Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, դասակարգման հստակ չափորոշիչների սահմանումը և թվայնացումը չափազանց կարևոր ու առաջնահերթ է և առաջին քայլը, որ պետք է անենք, պետական միջոցները տնտեսելն է՝ ոչ թե սոցիալապես անապահով խավի, այլ բաշխման հասցեականության բարձրացման հաշվին:
«Մենք թվայնացման խնդիր ունենք և շատ հստակ գնալու ենք կառավարման բոլոր սուբյեկտների թվայնացման ուղիով», - ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը հանձարարել է ակտիվ աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թվայնացման աշխատանքներն արագ ավարտին հասցնելու համար.
«Ներկայացրեք համակարգ, թե որ օղակից ինչ տեղեկատվություն ինչ բանաձևով ստանալու դեպքում կարող ենք լրացուցիչ գնահատականներ ունենալ և վերլուծություն անել, որի հիման վրա արդյունքները կարող են փոխվել»:
Նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը զեկուցել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նա նշել է, որ ոլորտում իրականացվող և շահառուների մեծ շրջանակ ունեցող 84-ից ավելի ծրագրի վրա ծախսվում է պետական բյուջեի միջոցների շուրջ 30 տոկոսը, և նոր՝ ավելի ամբողջական համակարգի ներդրման նպատակը սոցիալական պաշտպանության քաղաքականության առաջնահերթությունների հստակ սահմանումն է, ծրագրերի համակարգային գնահատումը, հասցեականության և ֆինանսական արդյունավետության բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, տեղեկատվական համակարգերի զարգացումը և այլն: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ նախատեսվում է համակարգը ներդնել մինչև 2019-2020 թվականները:
Ընդգծելով, որ համակարգը պետք է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմներ ապահովի, և բարեփոխումը պետք է հնարավորինս արագ իրականացնել՝ արդյունք ստանալու համար՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կրճատել ժամկետները:
Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը ներկայացրել է վերակազմավորման գործողությունների պլանը: Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ մինչև 2017 թ. ավարտը 6 գիշերօթիկ հաստատությունները պետք է վերակազմավորվեն ընտանիքի և երեխայի աջակցության ցերեկային կենտրոնների: Ողջունելով կատարվող աշխատանքը՝ Կարեն Կարապետյանը նշել է.
«Մենք օգնում ենք, որ երեխան ընտանիքից չկտրվի, իր ծնողի կողքը մեծանա: Եթե իրականում կարողանանք այնպես անել, որ երեխան գիշերօթիկում չքնի, այլ իր ընտանիքում, շատ լավ կլինի»: